Սրբազան ավազակաորջը

- in Մամուլ

Կառավարությունը վերջերս բացասական եզրակացություն է տվել Աժ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե փոխանցելուն։

Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում Է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը բաժին Է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13.5 միլիարդ դրամն անցած տարի հավաքագրվել Է ճանապարհային երթևեկության խախտումների համար գանձված տուգանքներով։

ԶԼՄ-ները գրում են, թե այս գումարների տնօրինման հարցը դարձել է Հովիկ Աբրահամյան-Վովա Գասպարյան հակասությունների առարկա:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ուշագրավ հայտարարություն է արել: Նա ասել է, որ կրճատվելու են այն ծառայողական մեքենաները, որոնք փաստացի չեն օգտագործվում: Եվ ավելացրել, որ կառավարության հաջորդ քայլին պետք չէ շուտ սպասել:

Փաստացի, կառավարությունը խնայողության է գնում չօգտագործվող մեքենաների, բյուջետային աշխատողների հաշվին, այսինքն՝ հանրության հաշվին: Բայց ինչ վերաբերվում է ավելի բարձր սանդղակում գտնվող չինովնիկներին, նրանց մասով որեւէ խնայողություն չի լինելու:

Արտաբյուջետային եկամուտները բյուջե փոխանցելու նախաձեռնությունը մերժելը նույնպես այս տրամաբանության մեջ է: Այդ ահռելի գումարները ծախսվում են բարձրաստիճան պաշտոնյաների հայեցողությամբ եւ հասկանալի է, թե ինչի վրա:

Այս տեսակետից, ոստիկանության օրինակը չափազանց ուսանելի է: Ոստիկանությունը ծառայում է իշխող համակարգի շահերին, եւ նրան հատկացվող միջոցները, ինչպես նաեւ արտաբյուջետային գումարները նպատակաուղղված են հանրությունից իշխող համակարգը պաշտպանելու խնդրի լուծմանը:

Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասել է, թե կոռուպցիայի, մենաշնորհների դեմ սրբազան պատերազմ է հայտարարված: Սակայն կառավարության ամեն մի քայլը ցույց է տալիս, որ նման մտադրություն չկա: Իրականում, սրբազան պատերազմ է ընթանում ներիշխանական խմբավորումների միջեւ՝ սուղ կերակրատաշտը տնօրինելու համար:

Իսկ ընդհանրապես, այս պատերազմն ուղղված է հանրության դեմ, մանավանդ ապրիլյան իրադարձություններից հետո ստեղծված իրողությունների, հանրության հստակ պահանջների ֆոնին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20