Վահրամ Բաղդասարյանը գործողություն է սպասում ՀՀ վարչապետից

- in Ով ով է ...
Hovik Abrahamyan

Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը՝ պետական համակարգում ծախսերը կրճատելու և խնայողական ռեժիմի անցնելու վերաբերյալ:

Ազգային ժողովում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ այդ հարցը բազմիցս բարձրացվել է. «Ոչ միայն մեր ընդդիմադիր գործընկերների, այլ նաև իշխանության ներկայացուցիչների կողմից եղել են առաջարկներ, որ հարկավոր է վերանայել ծախսերը, որպեսզի պետական բյուջեի գումարները հնարավորինս ավելի նպատակային ծախսվեն: Միայն այս պահին չէ, որ այդ հայտարարությունը եղել է: Այս պահին արդեն հարկավոր է գործողությունների անցնել»:

Ըստ նրա, բազմաթիվ անգամ ասվել է, որ ծառայողական մեքենաները շատ են, բյուջետային հաստիքներն ուռճացված են, գործողումները շատ են. «Այս ամենը ևս մեկ անգամ պետք է վերանայվի: Իսկ դրա նախաքայլերն արդեն արված են: Մենք ավելի բծախնդիր ենք դարձել՝ կապված գործուղումների հետ: Մենք արդեն խրախուսում ենք միայն նպատակային գործուղումները: Ազգային ժողովում էլ պետք է վերանայվի գործուղումների հարցը»:

Վահրամ Բաղդասարյանը հայտնեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հարկավոր է չափից ավելի զգոն լինել, իրականացնել նպատակային ծախսեր, հատկապես, եթե ռազմական բյուջեն ավելացնելու խնդիր կա. «Մենք պետք է շրջահայաց լինենք, նայենք բոլոր ոլորտների ծախսերը և հնարավորինս խնայող լինենք: Քանի որ մեր թշնամին անկանխատեսելի է, մենք պետք է ավելի զգոն լինենք և յուրաքանչյուր դետալի վրա ուշադրություն դարձնենք: Մենք պետք է բավականին հետևողական լինենք, որովհետև առավել կարևորագույն հարց, քան ազգային անվտանգությունն է, ես չեմ պատկերացնում: Այդ իսկ պատճառով մեն֍ պետք է զգոնություն ցուցաբերենք: Ես համամիտ եմ վարչապետի հայտարարության հետ, որ մենք պետք է կարողանանք ուսումնասիրություններ անցկացնել և հնարավորության դեպքում կրճատել ծախսերը, դրանք ավելի նպատակային դարձնել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20