«Վանոյի Արտակը» կալանավորվել է

- in Իրավունք
dzerbakalutyun

«Analitik.am»-ի խմբագրի ու նրա օգնականի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու կասկածանքով կալանավորվել է Արտակ Գ-ն՝ հայտնի «Վանոյի Արտակ» մականունով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «analitik.am» լրատվական կայքի աշխատակիցները կայքում պարբերաբար ՀՀ ԱԺ պատգամավորի անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև վերջինիս գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ են ունեցել նրա հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու և հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել են յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազ. ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում «analitik.am» լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հ.-ին և աշխատակից Վարդիթեր Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: Վերադաս դատարանի որոշմամբ՝ Վարդիթեր Գ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով:

Ըստ աղբյուրի, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. աշնանը Արտակ Գ-ն «analitik.am» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում է կատարել:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է նաև, որ Արտակ Գ-ն դրդել է Անի Հ.-ի ազգականին, իր միջոցով, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ պաշտոնատար անձին` Անի Հ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու համար:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Արտակ Գ-ն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այդ մասին տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20