«Վերջին զանգն» անել զուսպ, դպրոցներում ստեղծել զոհված զինծառայողների հուշանկյուններ

- in Կրթություն
Dproc

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության 14 միջնակարգ դպրոցների տնօրենների հետ` կապված ուսումնական տարվա ավարտի հետ։

Ինչպես հայտնում են քաղաքապետարանի մամլո ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Նշվում է, որ քաղաքապետի տեղակալն անդրադարձել է մայիսի 27-ին սպասվող այս տարվա վերջին զանգի ավանդական միջոցառումներին ու հորդորել է դրանք կազմակերպել հնարավորին զուսպ:

«Միաժամանակ հանձնարարվել է տեղերում առավել խիստ հսկողություն սահմանել դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ»,- նշվում է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Նշվում է, որ անդրադառնալով կրթական գործընթացի կազմակերպման հարցերին` Արամ Սուքիասյանը տնօրենների ուշադրությունը հրավիրել է դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և կարևորել այդ ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը:

«Քաղաքապետի տեղակալը խոսել է նաև դպրոցներին մատակարարվող սննդի որակի, չափանիշների մասին` հատկանշելով ոլորտը մշտական հսկողության տակ պահելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելացվում է, որ խորհրդակցության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում զոհված զինվորների ուսանած դպրոցներում հուշանկյուններ ստեղծելու Երևանի քաղաքապետի հանձնարարությանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավարտին հասցվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը:

Spread the love