Վերջին խոսքը պատկանում է Սարգսյանին և Ալիևին

- in Կարծիք
Tomas de Vaal

Փխրուն խաղաղություն՝ երկարատև հրադադա՞ր, թե՞ լռություն փոթորկից առաջ: Ի՞նչ կլինի հետո: sova.news-ի հարցերին պատասխանում է բրիտանացի լրագրող, Կարնեգի կենտրոնի՝ Կովկասի գծով մասնագետ Թոմաս դե Վաալը:

Ղարաբաղում լարվածությունը փոքրինչ թուլացել է. երկա՞ր կտևի դա:

-Վախենամ, որ ոչ: Ցավոք, իրավիճակը դեռ լարված է, և վտանգ կա, որ ինչ-որ ժամանակ հետո հակամարտությունը կվերսկսվի: Երկու կողմերի ցանկությունները տարբեր են: Ադրբեջանական կողմը ցանկանում է քաղաքական նոր գործընթաց սկսել, հայկական կողմը, ընդհակառակը, ձգտում է հրադադարի ռեժիմի ամրապնդմանը: Վախենամ՝ եթե մոտակա մեկ ամսում ինչ-որ բեկում չլինի, ադրբեջանական կողմը գայթակղություն ունենա ճակատային գծում ինչ-որ բան նախաձեռնելու: Իրավիճակը չափազանց լարված է և վտանգավոր:

– Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ռուսաստանի շահն այս իրավիճակում:Կխառնվի՞ նա, պե՞տք է արդյոք նրան հակամարտության կարգավորումը,թե՞ հակառակը:

– Դժվարանում եմ ասել: Սակայն մի բան կարելի է վստահորեն ասել. ի տարբերություն Ուկրաինայի կամ Վրաստանի՝ Ռուսաստանը չի կառավարում իրավիճակը Ղարաբաղում, այնտեղ չկան ռուս խաղաղապահներ: Միաժամանակ Ռուսաստանին հետաքրքրում են երկու կողմերն էլ: Կարծում եմ՝ հակամարտության վերսկսումը նրան շահավետ չէ, քանի որ նա ռազմական պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ, և չի ուզում փչացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ: Նոր հակամարտության դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի աջակցել կողմերից մեկին, ինչը նրա շահերից չի բխում:

Ավելի շուտ Ռուսաստանը կամենում է կարգավորում, սակայն ռուսական տարբերակով, որպեսզի հակամարտության գոտում լինեն ռուս խաղաղապահներ, որպեսզի Ռուսաստանը ամրապնդի իր դիրքերը Հարավային Կովկասում: Սակայն գլխավորն այս իրավիճակում ոչ թե Մոսկվան է, այլ Երևանը և Բաքուն: Վերջին խոսքը, կարծում եմ, պատկանում է Սարգսյանին և Ալիևին: Չեմ կարծում, թե նրանք պատերազմ են ուզում, սակայն միշտ էլ վտանգ կա, որ այն կսկսվի չկանխամտածված, և այն դժվար կլինի կանգնեցնել:

– Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին՝ Իրանին ևԹուրքիային. ի՞նչ գործողությունների կդիմեն նրանք:

– Կարծում եմ՝ Թուրքիային միանշանակ հետաքրքրում է նոր հակամարտությունը: Նա կարող է ազդել Ադրբեջանի վրա՝ փոքր-ինչ հանգստացնելով նրան: Ինչ վերաբերում է Իրանին, դա նոր հետաքրքիր գործոն է տարածաշրջանում: Կարծում եմ՝ Իրանը կայունության գործոն է, և միանշանակ չի ուզում պատերազմ: Հույս ունեմ, որ Իրանը ավելի ակտիվ դերակատարություն կունենա:

– Ի՞նչ պետք մենք հաշվի առնենք Ղարաբաղյան հակամարտությանմասին խոսելիս, ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

– Այդ հակամարտության առանձնահատկությունն այն է, որ այդտեղ ազգային զգացմունքները շատ բարձր են, որ երկու ազգերն էլ արդեն տևական ժամանակ ապրում են այդ հակամարտությամբ, իսկ դա նշանակում է, որ երկրների առաջնորդները ամբողջովին չեն տիրապետում իրավիճակին, որ հասարակությունը մեծ ազդեցություն ունի նրանց վրա: Երկրորդ առանձնահատկությունը, որ հակամարտության վտանգավորությունն այն է, որ չափազանց բարդ է նրա աշխարհագրությունը, որ տարածաշրջանում չկան խաղաղապահներ: Հայերը զբաղեցնում են Ղարաբաղի շրջակա շրջանները, ինչն իհարկե ընդունելի չէ Ադրբեջանի համար: Մյուս կողմից էլ համոզելու համար նրանց, որ հանձնեն այդ տարածքները, Ղարաբաղի հայերի համար պետք են ինչ-որ անվտանգության երաշխիքներ, ինչը չի տալիս Ադրբեջանը: Այսպիսով առաջանում է հակամարտության փակ շղթա, որը դժվար է ճեղքել:

Spread the love