Տնտեսության ազատ անկումը

- in Տնտեսական
Hashvark

Վերջին տարիներին Հայաստանը առաջ տանող օրվա իշխանությունը առանց վարանելու շրջել է ողջ աշխարհը, կազմակերպել է թիմակիցների թանկարժեք հյուրախաղեր, ընդունել է տարբեր տրամաչափի խորհրդականների և նրանց օգնականների, աստղեր է բերել և շոուներ կազմակերպել…, մի խոսքով ամեն ինչ արվել է, որպեսզի օֆշորի ճանապարհին կանաչ լույս վառվի…

Այն, որ ՀՀ-ի արտաքին պարտքը 5 մլրդ. ԱՄՆ դոլարի սահմանագիծը անցել է և վարկի սպասարկման համար այսօր արդեն անհրաժեշտ է վարկ վերցնել կառավարության անունից, բնորոշում է, որ վարկ ստանալու հարցում մեր պետությունը գտնվում է արտաքին ֆինանսավարկային գործառույթներում ռիսկի գոտում:

Այդ է վկայում նաև այն փաստը, որ շուրջ մեկ տարի է մեր ռազմավարական թիվ 1 դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ առայժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում 200 մլն. ԱՄՆ դոլարի վարկով զինամթերք ստանալու շուրջ: Հավանաբար ռուսները գիտեն, որ հայ զինվորի ոգին քառօրյա պատերազմում հաղթանակ է տարել առանց վարկով տրվող զինամթերքի:

Այս տնտեսական անկումը չէր լինի, եթե ստվերը չլիներ շուրջ 50%, աղքատությունը՝ 40%, աշխատաուժի 18-20%-ը գործազուրկ և օրվա ցանկացած ժամի արտագաղթի մեծ հոսք:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքեր բերող 10 խոշոր հարկատուների ցանկում առաջատարը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, 2-րդը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», 3-րդը՝ «ՎիվաՍել»-ը, 4-րդը՝ «Ալեքս-Գրիգ»-ը, 5-րդը՝ «Որոտանի ՀԷՑ կասկադ»-ը, 6-րդը՝ «ՀԷՑ»-ը, 7-րդը՝ «Բիլայն»-ը, 8-րդը՝ «Գրանտ Տոբակո»-ն, 9-րդը՝ «Ֆլեշ»-ը, և վերջապես 10-րդը՝ «Սի-Պի-Էս» ընկերությունը:

Պատահական չէ, որ առաջատարը՝ ռուսական գազը սահմանից այս կողմ անցնելուց հետո դառնում է թանկ հաճույք: Պետական այրերին որ մնա, խորհուրդ կտան ամռանը բնակարաններում գազ շատ օգտագործել, քանզի բյուջեն առայժմ դատարկ է: Այսպիսով, սահմանում էժան գազը սպառողների հաշվին պետական բյուջե լուրջ մուտքեր է բերում:

Ստացվել է այնպես, որ մեր հանրապետության 10 խոշոր հարկատուները պետական բյուջեի մուտքային մասը ձևավորում են սպառողների հաշվին և ոչ երբևէ արտահանման հաշվին:

Իսկ եթե վերը նշվածին ավելացնենք նաև այն փաստը, որ խոշոր հարկատուների ցանկում տեղ են զբաղեցնում բարձրագույն ուսումնական հաստատությունները, ապա ակնհայտ է դառնում բյուջեի խղճուկ վիճակի փաստը:

Ի դեպ, բուհերի ուսանողների վարձավճարների հաշվին ձևավորվող բյուջեն իր մեջ պարունակում է նաև թաքնված գործազրկության փաստի արձանագրում: Գաղտնիք չէ, որ բուհերում վճարովի համակարգում սովորողների զգալի մասը հետագայում լրացնում են գործազուրկների բանակը կամ էլ ստիպված արտագաղթում են, քանզի նոր աշխատատեղերի ստեղծման հարցը մշտապես հնչում է համապետական ընտրությունների նախաշեմին:

Այս տեմպերով շարունակելու դեպքում ոչ թե նոր արտադրական կազմակերպություններ կբացվեն, այլ պետական այրերը ստիպված կլինեն շքախմբով մասնակցել կրպակների, կանգառների բացման շնորհանդեսներին:

Ի դեպ, Եվրոպական արհմիությունների տարածաշրջանային խորհրդի կողմից մայիսի 5-6 Բուդվայում (Չեռնոգորիա) կազմակերպված քննարկումներին փորձագետների կողմից ներկայացված զեկուցումներում հստակ երևում էր, որ Հայաստանը առայժմ ներդրումների առումով մեղմ ասած գրավիչ երկիր չէ:

Կարծում եմ տնտեսությունը գրավիչ դարձնելու նախապայմանները հստակ են՝ փայ մտնել չկա՛, գոնե ձմռանը ստվերից դո՛ւրս եկեք և երբևէ օֆշորում հանգրվան մի՛ փնտրեք, քանի դեռ իշխանություն եք:
Իշխանությունները առայժմ մտորում են տնտեսության անկման բանաձևի ձևակերպման շուրջ…

Գառնիկ Վաղարշակյան

ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար

Spread the love