Փառք և խոնարհում, տղերք

Zinvor

Երեկ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում եւ Ոսկե արծիվ շքանշան: Ռոբերտը ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերել է անօրինակ քաջություն, ինչպես պատմում են նրա հարազատները եւ զինվորականները, երբ տեսել է, որ արդեն մենակ է մնացել՝ բարձրացրել է ձեռքերը, իբր հանձնվում է, ու պայթեցրել նռնակը, ոչնչացնելով մի քանի ազերիների, ինքն էլ զոհվել:

Ապրիլյան պատերազմի տասնյակ հերոսներ են պարգեւատրվել, այդ թվում՝ Մարտական խաչ շքանշանով: Նրանց մասին պատմություններն իսկական լեգենդներ են, իրական լեգենդներ:

Այդպիսին է հայ զինվորը, այդպիսին է եղել միշտ, եւ լինելու է միշտ: Արժանապատիվ, անվախ, իր պատասխանատվությունը գիտակցող:
Այսօր Հայաստանում նշվում է Շուշիի ազատագրման, Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը: Շուշին ազատագրվեց մայիսի 8-ին, ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը նույնպես ստորագրվեց մայիսի 8-ին: Բայց Խորհրդային միությունն իր «առանձնահատկությունն» ընդգծելու համար հաղթանակի օրը սահմանեց մայիսի 9-ին, եւ հայերն էլ չցանկացան «նեղացնել» նրանց:

Այդ պատերազմում հայ զինվորներն ահռելի դեր ունեցան: Ցեղասպանությունից ու ռուսական տեռորից դեռ ուշքի չեկած, արյունաքամ հայ ժողովուրդը տվեց 700 հազար մասնակից, 300 հազար զոհ, հարյուրից ավելի հերոսներ, փառաբանված մարշալներ ու գեներալներ:

Հայերը մասնակցեին քաղաքակրթության պաշտպանությանը, որքան էլ դրա անունը դրվի «հայրենական պատերազմ»: Հայերը մասնակցեցին ազատության, չարիքն արմատախիլ անելու համար մղվող պատերազմին: Այն դեպքում, երբ ադրբեջանցիներին, օրինակ, պատերազմ չէին տանում, քանի որ խիստ կասկածում էին նրանց մեղսունակության վրա, բացի այդ՝ նրանք արագորեն կհանձնվեին ֆաշիստներին:

Հայերն այդ պատերազմում նյութական ոչինչ չստացան, թեեւ խորհրդային կառավարությունը խոստանում էր հետ բերել Արեւմտյան Հայաստանը:

Արցախյան ազատագրական պատերազմը նույնպես քաղաքակրթական պատերազմ էր՝ հանուն ազատության: Երկրորդ աշխարհամարտում մեր հայրերի ու պապերի գործը շարունակեց նոր սերունդը, շարունակեց նույնպիսի պատվով ու պատասխանատվությամբ: Եվ տարավ հաղթանակ:

Հասկանալի դարձավ, որ հայերը համամարդկային հաղթանակից, չարիքի դեմ պայքարում հաղթանակից իրենց բաժինը կստանան միայն այն դեպքում, եթե ունեն անկախ, ինքնիշխան պետություն: Արցախյան հաղթանակը հաղթանակ էր չարիքի կայսրության եւ տարածաշրջանում նրա գործիքի դեմ:

Հաղթանակները դեռ առջեւում են, եւ դրանք կլինեն, Հայաստանի ու Արցախի ազատության ու ինքնիշխանության պայմանով:

Մինչ այդ, գլուխ ենք խոնարհում մեր զինվորների ու սպաների առջեւ: Նրանք են այն լուսավոր մոմերը, որոնք մեր ժողովրդին ապրելու արտոնությունը, հավատն ու արդարացումն են տալիս, իրենց կյանքի գնով:

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.