Փոխեցին, որ չհավատանք

- in Մամուլ
orensgirq

«168 Ժամ» թերթը գրոմ է. Երեկ Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը` նոր սահմանադրությամբ իշխանության ձևավորման նոր խաղի կանոնները: Իշխանությունն ասում է, որ նոր Ընտրական օրենսգիրքը մի քանի քայլ առաջ է նախորդից, էականորեն բարձրացնելու է ընտրությունների անցկացման օրինականությունն ու թափանցիկությունը:

Ընդդիմությունն ասում է, որ նոր Ընտրական օրենսգիրքն այնքան էլ լավը չէ, քանի որ չեն ընդունվել ընդդիմադիրների բոլոր պահանջները, հետևաբար՝ ընտրությունները չեն կարող ավելի ազատ ու օրինական լինել: Ինչպես գրեթե միշտ, և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը հեռու են իրականությունից: Որովհետև աշխարհի անգամ ամենալավ ընտրական օրենսգրքով հնարավոր չէ անցկացնել ազատ և արդար ընտրություններ, եթե բացակայում է այդքան չարչրկված քաղաքական կամքը:

Եվ հակառակը` նույնիսկ ոչ այնքան լավ շարադրված օրենսգրքով կարելի է անցկացնել ամենաազատ և արդար ընտրություններն աշխարհում, եթե քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտները, բայց առաջին հերթին` իշխանությունները, ունեն դրա համար անհրաժեշտ ոչ միայն՝ կամք, այլև՝ համարձակություն: Հրաժարվելու համարձակություն: Իշխանությունի՛ց հրաժարվելու համարձակություն:

Ունի՞ իշխանությունն արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, ինչպես վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները: Այս հարցին պատասխանելու համար ու դրանից առաջ պետք է պատասխանել հարցին` պատրա՞ստ է իշխանությունն ընտրություններում պարտվելու դեպքում հրաժարվել իշխանությունից: Ակնհայտ է, որ այս` երկրորդ հարցի պատասխանը բացասական է: Միարժեքորեն բացասական:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20