«Քոսոտների» վախճանը և պետության ծնունդը

Radik Martirosyan

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռադիկ Մարտիրոսյանը, ով երկար տարիներ զբաղեցրել է նաեւ Երեւանի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնը, հայտարարել է, թե ռազմարդյունաբերական բնագավառում «ամեն քոսոտ երկիր» չի կարող դուրս գալ միջազգային ասպարեզ, քանի որ այնտեղ շատ լուրջ մրցակցություն է, եւ այդ երկրի քիթը կտրորեն:

Ռադիկ Մարտիրոսյանն այդ մասին հայտարարել է Հայաստանում ռազմարդյունաբերության ծավալման, ընդլայնման արդիականացման վերաբերյալ հարցի համատեքստում:

Մարտիրոսյանի հայտարարությունը բուռն արձագանք է գտել հանրության շրջանում: Փաստացի, Հայաստանի ԳԱԱ նախագահը Հայաստանը համարում է «քոսոտ» երկիր, թեկուզ անուղղակի:

Այդուհանդերձ, որքան էլ տարօրինակ չհնչի, Ռադիկ Մարտիրոսյանն իրավացի է, առնվազն այն մասով, որ Հայաստանն այժմ այն պետությունը չէ, որն ունակ է զարգացնել ռազմարդյունաբերություն եւ զբաղեցնել իր տեղը միջազգային ասպարեզում: Օրինակ, Հայաստանը դրան ունակ չէ թեկուզ այն պարզ պատճառով, որ ամեն մի «քոսոտ» գործիչ կարող է բարձր պաշտոններ զբաղեցնել գիտության ասպարեզում: Եվ ընդհանրապես, ներկայում որպես պետություն Հայաստանի որակներն այնպիսին են, որ արդիական ռազմարդյունաբերության մասին երազելն անգամ կլինի խաբկանք:

Հայաստանն արդիական ռազմաարդյունաբերության համար ներկայում ունի միայն մարդկային մտավոր ռեսուրս, գիտատեխնիկական եւ ինժեներական միտք, որը սակայն չնչին մասով է ներգրավված լուրջ ռազմատեխնիկական աշխատանքում:

Հայաստանը որեւէ այլ բան չունի, իսկ եթե ունեցել է, ապա եղածը կամ փոշիացել է անկախության 25 տարիների ընթացքում, կամ չի արդիականացվել: Եվ երբ խոսք է գնում ռազմարդյունաբերության զարգացման, արդիականացման մասին, ապա պետք է իջնել ամպերից եւ խնդիրները դիտարկել այն վիճակով, որ կա գետնի վրա: Իսկ գետնի վրա կա համատարած կոռուպցիա, համատարած ոչ կոմպետենտություն, համատարած անտարբերություն եւ մսխում, իշխանության ղեկին են մարդիկ, որոնց համար հրատապ է միայն սեփական կենսակերպի արդիականացումը՝ բացառությամբ իհարկե ճաշացանկի, որտեղ կայուն տեղ ունեն ավանդական քյաբաբն ու չալաղաջը:

Դա է իրականությունը, եւ եթե այն չի ենթակվում հիմնարար փոփոխության, անիրական է մտածել ռազմարդյունաբերության զարգացման եւ առավել եւս միջազգային ասպարեզ դուրս գալու մասին:

Միեւնույն ժամանակ, մտածել պետք է, եւ այդ առումով ոչ թե ժամանակն է, այլ արդեն նույնիսկ չափազանց ուշ: Սա խնդրի մյուս կողմն է, ավելի շատ մտավոր-հոգեբանական կողմը:

Այն, որ ռազմարդյունաբերության բնագավառում Հայաստանը համաշխարհային զարգացումներից հետ է գուցե տասնամյակներ, կասկածից վեր է: Անգամ Ռուսաստանը, որ ծավալներով երկրորդն է, ռազմարդյունաբերության որակական հատկանիշներով զգալի հետ է մնացել առաջատար տեխնոլոգիաների մասով:

Այստեղ հիմնարար է մտածողությունը եւ պատկերացումները հեռանկարի մասին: Մարդիկ, ովքեր մտածում են այն կատեգորիաներով, որ «մեր քիթը կտրորեն», որովհետեւ աշխարհը դաժան է, իսկ մենք «քոսոտ», ոչ միայն չեն կարող Հայաստանի համար ապահովել առաջընթաց, այլ նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար: Իսկ այդ մարդը միայն Ռադիկ Մարտիրոսյանը չէ, դա մարդկանց մի ամբողջ հիերարխիկ համակարգ է, որ կոչվում է իշխանություն: Դա Հայաստանի իշխանության մտածողությունն է, այլապես Ռադիկ Մարտիրոսյանը չէր լինի ԳԱԱ նախագահ:

Ընդ որում, էական չէ, որ նրանցից ոչ բոլորն են Հայաստանը «քոսոտ» համարում: Շատերը օգտագործում են ավելի քաղաքակիրթ բառեր, ասենք «մենք շատ փոքր» ենք եւ այլն: Այդ մարդկանց թվում է, որ աշխարհը դաժան է եւ ցցվելու դեպքում չի խնայի մեզ: Համաշխարհային մրցակցությունն իսկապես դաժան է եւ չի խնայում որեւէ մեկին, ով ունի մակաբուծության հույս, ով ունի ծվարելու, որեւէ մեկի քղանցքի, վահանի, թեւի տակ թաքնվելու հույս, որեւէ մեկի հաշվին ապրելու հույս:

Ընդ որում, այդ դեպքում արդեն որեւէ նշանակություն չունի՝ ցցվել ես, թե սողացել աննկատ, աշխարհը վաղ թե ուշ նկատելու է եւ վարվելու է շատ դաժան: Մակաբուծությունը միայն ոտքի տակ ընկնելով չէ, որ վտանգավոր է: Այն վտանգավոր է նաեւ չնկատվելով նեխելու պարագայում: Հետեւաբար, վաղ թե ուշ բոլոր մակաբույծներն են հայտնվում «համաշխարհային շաբաթօրյակների» զոհասեղանին:

Ժողովուրդները, ազգերը, հասարակություններն ու պետությունները մեծանում կամ փոքրանում, քոսոտանում կամ վսեմանում են նախ մտքով, հետո արդեն որպես արդյունք կամ հետեւանք՝ ֆիզիկապես, նյութապես, ռեսուրսներով եւ այլն:

Փոքր, նեղ, երազանքներից զուրկ միտքը, ինքնապաշտպանական առողջ բնազդը, մրցակցային խանդավառությունը սեփական թերարժեքությամբ, տկարությամբ, անկարողությամբ փոխարինելու մոլուցքն է քոսոտացնում ժողովուրդներին ու պետություններին, տանում նրանց կառափնարան:

Ժողովուրդները, պետությունները չեն դառնում արտաքին ագրեսիայի զոհ, նրանք դառնում են անվտանգության վերաբերյալ սեփական խեղված պատկերացումների եւ վախերի զոհը, իսկ արտաքին ագրեսիաներն ընդամենը դառնում են իրականության ձեւակերպումներ:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20