Շարմազանովն Աթենքում հանդիպել է Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարի հետ

- in Պաշտոնական
Eduard Sharmazanov

Կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ ռազմաքաղաքական համագործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել այն, որ ՀՀ զինված ուժերի սպաներին հնարավորություն է ընձեռված վերապատրաստում անցնելու Հունաստանի Հանրապետությունում:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Հունաստանի համար անվտանգությանն առնչվող հարցերը համարվում են առաջնային: Նա ընդգծել է, որ Թուրքիան իրական սպառնալիք է տարածաշրջանի համար:

«Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլև 23 տարի ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը և բռնազավթել է Կիպրոսի մեկ երրորդը»,- նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը դատապարտել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և հավելել, որ Թուրքիան միակ երկիրն էր, որն այդ օրերին բացեիբաց սատարում էր Ադրբեջանին: ՀՀ ԱԺ փոխնախագահը հույն նախարարին տեղեկացրել է հայ զինվորների, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական բարբարոսությունների մասին, որոնք, նրա համոզմամբ, իրականացվել են ԴԱԻՇ-ի ձեռագրով:

«Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության խոշտանգումները ռազմական հանցագործության վառ դրսևորում են»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:

Պանոս Կամենոսն իր հերթին կարևորել է հայ-հունական եղբայրական հարաբերությունների ամրապնդումն ու սերտացումը: Նա իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովին՝ նախորդ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունած Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության կապակցությամբ:

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Նա անընդունելի է համարել հիմնախնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ:

Հանդիպման ավարտին Էդուարդ Շարմազանովը պարգևատրել է Պանոս Կամենոսին հայ-հունական երկկողմ կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Նույն օրն Էդուարդ Շարմազանովը և Պանոս Կամենոսն այցելել են Սինտագմա հրապարակ, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20