Արտակարգ իրավիճակ ՀՀ ԱԳՆ-ում

- in Մամուլ
AGN

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Վիեննայի պայմանավորվածությունների կապակցությամբ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կարող էր լինել հնգյակի հայտարարություն, եթե դրան միանար Ադրբեջանը: Ադրբեջանը դեմ է եղել այդ հայտարարությանը, այդ պատճառով էլ այն ընդունվել է եռյակ ձեւաչափով:

Հայկական դիվանագիտությունը այս հանդիպումը ներկայացրեց որպես հաղթանակ կամ հաջողություն: Իհարկե, այնպես չէ, որ Վիեննայի պայմանավորվածությունը ներկայացվում էր այնպես, որ Ադրբեջանն էլ է ստիպված եղել ընդունել այն: Սակայն, միաժամանակ, այս մասին չէր հայտարարվել, որ Բաքուն դեմ է եղել հայտարարությանը, ինչը նշանակում է, որ ոչ մի պայմանավորվածություն ըստ էության չկա:

Ինչո՞ւ է Նալբանդյանն այս մասին ուղիղ հայտարարում հանդիպումից օրեր անց: Արդյոք այն պատճառով, որ Բաքուն արդեն սկսել է «գաղտնազերծել» Վիեննայի մանրամասները: Թե՞ Ռուսաստանին ժամանակ էր պետք «վերականգնել» իր դեմքը Հայաստանում եւ կողմնորոշվել, թե ինչ է անելու հետագայում, Բաքվի հետ միասին:

Վիեննայում Լավրովը նստած էր հայկական պատվիրակության հետ, մի տեսակ վերակացուի դերում: Պարզ է թե ինչու՝ որպեսզի հայկական կողմը հանկարծ չօգտագործեր ապրիլյան պատերազմի ընձեռած հնարավորությունը եւ դուրս չգար ռուսական «պլանի» տրամաբանությունից: Դատելով հայկական դիվանագիտության վերջին օրերի քայլերից, հենց դա էլ տեղի է ունենում, որի նպատակը ռուսական դիրքերի վերականգնումն է ղարաբաղյան գործընթացում:
Հայաստանը չօգտագործեց իր հնարավորությունը, բավարարվելով կիսատ-պռատ քայլերով: Թեեւ, Վիեննայում Ադրբեջանն իսկապես պարտվեց, իր դաշնակից Ռուսաստանի հետ միասին: Հիմա հայկական դիվանագիտությունը փաստացի ամեն ինչ անում է Ռուսաստանին ու Ադրբեջանին այդ վիճակից հանելու համար:

Բաքվի քայլերը ցույց են տալիս, որ այդ երկիրն աստիճանաբար ուշքի է գալիս ստացած ռազմական ու քաղաքական հարվածներից: Ռուսաստանի հետ միասին նա պատրաստվում է հերթական փուլին, քանի որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե որտեղ էր թերացել ռուս-ադրբեջանական պլանը՝ հայկական դիվանագիտության, քաղաքական դասի պահվածքում ամեն ինչ կարգին էր՝ նրանք պատրաստ են ամեն ինչի, մնում է հայկական բանակը, որը դիմադրում է եւ թույլ չի տալիս իրագործել այդ պլանը: Բանակը մնացել է ինքնիշխանության վերջին պատվարը, որը դեռ պահպանել է արտաքին քաղաքական որոշակի դիրքեր եւ կարողանում է դրանք օգտագործելով լուծել որոշակի խնդիրներ:

Վերջին շրջանում նկատելի է ԱԳՆ-Զինված ուժեր որոշակի հակադրություն: Եվ խնդիրը միայն քաղաքական դիրքորոշումների ու քայլերի արդեն բացահայտ ու հրապարակային դրսեւորումները չեն, այլեւ ավելի նուրբ ու անտեսանելի հանգամանքներ, որոնք շատ շուտով նկատելի կդառնան:

Հայաստանի ԱԳՆ-ն վաղուց մեկուսացվել ու վեր է ածվել Ռուսաստանի ԱԳՆ մասնաճյուղի: ՀՀ ԱԳ նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ միջազգային տարբեր ատյաններում արդեն գերադասում են «չկիսվել», հասկանալով, որ այդ տեղեկատվությունն անմիջապես հայտնվելու է Մոսկվայում: Պահպանվում է միայն դիվանագիտական էթիկետը եւ նրբանկատությունը: Դա շատ ցայտուն երեւաց ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների բրյուսելյան հավաքում:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը հասցրել է մեկուսացման բոլոր ոլորտներում, այդ թվում անվտանգության: Ավելորդ է ասել, թե դա ինչ խոցելի վիճակի մեջ է դրել երկիրը: Ընկել է Հայաստանի հեղինակությունը որպես երկիր, որի հետ կարելի է ինչ որ բան խոսել ու պայմանավորվել:

Նման իրավիճակի համար սովորաբար պատասխանատուները պաշտոնանկ են արվում: Սակայն հասկանալի է, որ Մոսկվան թույլ չի տա հեռացնել Նալբանդյանին, իսկ Հայաստանի իշխանությունն էլ չի գնա այդ քայլին, քանի որ Ղարաբաղի խնդրում նույնպես հակված է տարածքները զիջելու սխեմայով «կարգավորմանը»:

Իհարկե, արտաքին քաղաքականության միակ պատասխանատուն Նալբանդյանը չէ: Սակայն, նրա դերն ամենեւին էլ երկրորդական չէ, իսկ որոշ հարցերում այն գերակայող է:

Հիմա հայկական ԱԳՆ-ն ու նախարարը կանգնած են չափազանց լուրջ սահմանագծի առջեւ, որը վերաբերվում է Հայաստանի ու Արցախի պետական շահին ու անվտանգությանը: Այս իմաստով, ՀՀ ԱԳՆ-ում արտակարգ իրավիճակ է:

Հայկական ԱԳՆ-ի համակարգում աշխատում են բազմաթիվ գրագետ ու հայրենասեր աշխատակիցներ, դիվանագետներ, եւ հիմա իրավիճակը նրանց ձեռքին է: Նրանք կարող են եւ պարտավոր են շարունակել հայ զինվորի գործը եւ թույլ չտալ, որպեսզի իրենց գերատեսչությունը շարունակի այս ընթացքը: Միայն նրանք կարող են դա անել, քանի որ նախարարն ու ընդհանրապես երկրի արտաքին քաղաքական պատասխանատուներն ընդունակ չեն լուծել այդ խնդիրը: Դա կլիներ հայ դիվանագետների իսկական սխրանքը՝ համեմատելի հայ զինվորի սխրանքի հետ:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20