Ալիևը կճանաչի՞ ներկայիս ստատուս քվոն

- in Մամուլ
Ilham Aliev

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի օգնականների թվի ավելացման վերաբերյալ անորոշ համաձայնությունն է:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան կարգավորմանը, հանդիպումը կարող է վկայել հայկական կողմի դիրքորոշման կոշտացման, ավելի ճիշտ՝ հստակեցման մասին: Երեւանը գերադասում է խոսել ստատուս քվոյի պահպանման ու ամրապնդման մասին, եւ ոչ թե դրա փոփոխության:

Շատ փորձագետների, այդ թվում ռուս, գնահատականներից դատելով, ինչ որ պահից Երեւանը դադարել էր խոսել տարածքային զիջումների հնարավորությունից: Եվ հարցը Հայաստանը դրել էր ավելի հստակ՝ կամ ճանաչվում է գոյություն ունեցող ստատուս քվոն, կամ Երեւանը չի համաձայնվում քաղաքական կարգավորմանը:

Ինչ որ պահի կարգավորումն անցավ այն փուլը, որը ՌԴ վարչապետ Մեդվեդեւը բնութագրեց «կամ ստատուս քվոյի ճանաչում, կամ պատերազմ»: Հայկական դիվանագիտությունը կրկին սկսեց դիտարկել տարածքային զիջումների հնարավորությունը՝ արդեն որպես «վճար» այն բանի դիմաց, որ պատերազմ չլինի: Հայ պաշտոնյաները ակնարկում էին, որ գերխնդիրը կայունությունն ու խաղաղության պահպանումն է, եւ եթե դրա համար պահանջվեն զիջումներ…

Սակայն ապրիլյան պատերազմը վերջ դրեց նաեւ այդ պրակտիկային: Ապրիլյան 4 օրերը բանակին ու ընդհանրապես հայերին սովորեցրին ավելին, քան առաջին պատերազմի 4 տարիները: Այդ 4 օրերը հասկացրին, որ կա պատերազմից ավելի վատ բան՝ հայրենիքի կորուստը, հողի կորուստը, որը հետո չես վերադարձնի: Իսկ պատերազմը կարելի է հաղթել:

Ապրիլյան իրադարձություններից հետո Հայաստանում գերադասում են չխոսել տարածքային զիջումների մասին: Նույնիսկ գործընթացը ակադեմիական հուն վերադարձնելու հին հայ դիվանագետների փորձերը, որտեղ առեւտրի առարկան տարածքներն են, անհաջողության են մատնվել:

Հայկական կողմը համոզվում է, որ սեփական շահերը հետապնդելը զգալիորեն ավելի արդյունավետ տարբերակ է, քան զիջումներ խոստանալը, հույս պահելով, թե դրանք կմերժի Ադրբեջանը: Հայկական կողմը համոզվել է նաեւ, որ երբ հետապնդում է իր շահերը, կարող է հզոր աջակցություն ստանալ:

Ռուս հայտնի փորձագետը, ով օրերս եղել է Ղարաբաղում, հարցազրույց է տվել ադրբեջանական մամուլին եւ Բաքվին կոչ արել համակերպվել Ղարաբաղի կորստի հետ, հասկանալ, որ պատերազմը չի օգնի, եւ ժամանակն է սկսել կառուցողական երկխոսություն:

Սա նոր տրենդ է ինչպես ռուս փորձագետների, այնպես էլ ադրբեջանական մամուլի համար, եւ այդ տրենդը կարող է վկայել, որ Ադրբեջանում կարող է փոխվել մոտեցումը ղարաբաղյան խնդրին: Դա շատ փոքր հնարավորություն է, հաշվի առնելով տարիներով ներարկվող հակահայկական տրմադրություններն ու ռեվանշիզմը: Սակայն իմաստությունն էլ հենց այն է, որ ինչ որ պահի մարդը դուրս է գալիս էմոցիաների իշխանությունից ու սկսում դատել ողջամիտ:

Հնարավոր է Սանկտ Պետերբուրգի հանդիպման իմաստը հենց այն էր, որ Ալիեւին հասկացնեն, որ ստատուս քվոն արդեն հնարավոր չէ փոխել, ոչ պատերազմով, ոչ էլ համոզելով: Երկար ժամանակ համարվում էր, որ ժողովուրդը կքշի Ալիեւի իշխանությունը, եթե նա հանձնի Ղարաբաղը: Սակայն իմաստուն ժողովուրդը միայն ուրախ կլինի, եթե Ալիեւն իր մեջ ուժ գտնի եւ այդ հարցը լուծի խաղաղությամբ, մաքուր էջից սկսելու համար: Առավել եւս, որ ներկայիս քաղաքական ու տնտեսական վիճակը պահանջում են արմատական որոշումներ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20