ԱՄՆ պետդեպում կոչ են արել Սիրիան ռմբակոծել «հարավսլավական սցենարով»

- in Միջազգային
Inqnatir

ԱՄՆ պետդեպարտամենտի աշխատակիցները գերատեսչության ղեկավարությանն ուղղված փակ նամակում առաջարկել են Սիրիայի կառավարական ուժերին հարվածներ հասցնել «հարավսլավական սցենարով»՝ գրում է New York Times-ը, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթղթի տեքստը:

Անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ Պետդեպի 50 պաշտոնյաներ ներքին օգտագործման նպատակով ստորագրել են հուշագիր՝ պաշտոնական Դամասկոսը ռմբակոծելու կոչով: Նրանք դա համարում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի և Սիրիայում խաղաղություն հաստատելու միակ միջոցը: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հաստատել է դիմումի փաստը, սակայն չի բացահայտել մանրամասները՝ նշելով միայն, որ ղեկավարությունը ուսումնասիրում է այն:

«Մենք իմաստ ենք տեսնում Սիրիայում ԱՄՆ-ի ավելի ակտիվ ռազմական դերակատարման մեջ՝ հիմնված հեռահար զենքի և օդից զենքի խելամիտ օգտագործման վրա, որը կկարողանա նպաստել և առաջ տանել ավելի նպատակաուղղված և ագրեսիվ դիվանագիտական գործընթաց ԱՄՆ-ի ղեկավարությամբ»,- ասվում է նամակում, որը մեջբերում է պարբերականը:

Փաստաթղթի վերաբերյալ պարբերականի մեկնաբանություններում հստակեցվում է, որ «հեռահար զենք» ասելով՝ նկատի է առնվում, մասնավորապես, թևավոր հրթիռներ, որոնք կարող են արձակվել մեծ հեռավորություններից, ինչը թույլ չի տա սիրիական կառավարական զորքին պատասխանել հարվածներին: Հենց այդպես է Հարավսլավիայում 1999 թվականին գործել ՆԱՏՕ-ի կոալիցիան՝ ԱՄՆ գլխավորությամբ, ինչն ստիպել է երկրի ղեկավարությանը սկսել քաղաքական երկխոսություն, որն ավարտվել է անկախ Կոսովոյի հռչակմամբ:

«Ոմանք ասում են, որ համեմատությունը ճիշտ չէ՝ այդ պատերազմում Ռուսաստանի և Իրանի ակտիվ մասնակցության պատճառով, և ենթադրում են, որ այդ երկրները կարող են ուժեղացնել սիրիական զորքերին աջակցելու իրենց գործունեությունը` չեզոքացնելու համար ամերիկյան ցանկացած հարված»,- փաստաթուղթը մեկնաբանել է NYT-ի լրագրող Մաքս Ֆիշերը:

Փակ նամակը պարունակում է 10 կետ, որոնցից յուրաքանչյուրում բերվում է Սիրիայի կառավարությանը հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը երկրում հակամարտության դադարեցման, մարդասիրական խնդիրների լուծման, փախստականների վերադարձման, ինչպես նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար:

Դա բացատրվում է այն բանով, որ սիրիական զորքերին ԱՄՆ-ի հարվածներով կդադարեցվեն նրանց հարձակումները ընդդիմության ուժերի վրա, ինչն էլ ընդդիմությանը թույլ կտա կենտրոնանալ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա:

Spread the love