Այո, դա Ցեղասպանություն է. New York Times-ի խմբագրական խորհուրդը հոդված է հրապարակել

- in Մամուլ
Exern

Ինչ-որ մեկի կողմից Թուրքիայի մութ անցյալի մասին խոսելը այդ երկիրը հիստերիայի է հասցնում, և դա արդեն դարձել է գրեթե ամենամյա իրադարձություն:

Այս անգամ այդ երկիրը հետ է կանչել Բեռլինից իր դեսպանին և սպառնացել սարսափելի հետևանքներով, երբ Գերմանիայի խորհրդարանը հունիս 2-ին ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում ապրող հայերի կոտորածը որակեց որպես ցեղասպանություն: Հենց այդպես է Թուրքիան վարվում ամեն անգամ, երբ օտար երկրի կառավարություն համարձակվում է վիճարկել թուրքական պնդումներն այն մասին, թե հայերը ոչնչացել են Առաջին աշխարհամարտի դաժան մշուշում, այլ ոչ թե ժողովրդին ոչնչացնելու կանխամտածված գործողության հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հոդված է հրապարակել ամերիկյան New York Times պարբերականի խմբագրական խորհուրդը` «Այո, դա Ցեղասպանություն է» վերտառությամբ:

«Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Պատմաբաններն առանց որևէ կասկածի հաստատել են, որ ավելի քան 1.5 միլիոն հայեր 1915-1916 թվականներին սպանվել են կամ մահվան երթի դուրս բերվել անկում ապրող Օսմանյան կայսրությունում, որը վախենում էր, որ հայերն ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունները կարող էին պատերազմում կանգնել Ռուսաստանի կողքին:

Հայերի համար, որոնցից միլիոնավորները ցրվեցին ողջ աշխարհում, կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելը երկարատև և զգայուն ազգային առաքելություն է եղել, որը պսակվել է ավելի քան 20 երկրների կողմից այդ փաստի ճանաչմամբ»,- գրում է ամերիկյան պարբերականը:

New York Times-ը փաստում է` որքան ավելի շատ երկիր է ճանաչում Հայոց ցեղասպանոեւթյունը, այնքան ավելի ագրեսիվ է Թուրքիան փոթորկվում ու բղավում: Պարբերականը նշում է, որ տարիներ առաջ, երբ Էրդողանը դեռ վարչապետ էր, թվում էր, թե նա պատրաստ է հայկական հարցում հաշտեցման դիրքորոշում դրսևորել: Սակայն դա երբեք չպատահեց: Ավելին, Էրդողանը սպառնաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ բանաձևը լրջորեն կվնասի թուրք-գերմանական հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Լրատվամիջոցը նշում է, որ Էրդողանի սպառնալիքներն ունեցան իր որոշակի ազդեցությունն այս հարցում, և Մերկելը ներկա չգտնվեց բանաձևի քվեարկությանը, թեպետ դեմ չէր դրան: Միաժամանակ պարբերականն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով որպես նախագահի թեկնածու 2008 թվականին խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ձախողեց իր խոստումը:

«Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ Թուրքիայի հարաբերություններին հասցված վնասի պատասխանատվությունն ընկնում է թուրքերի այն մեծամասնության վրա, ովքեր հրաժարվում են ճանաչել սեփական պատմության մութ կետը, այլ ոչ թե նրանց, ովքեր ձգտում են ոգեկոչել ողբերգությունը: Գերմանացիները, ովքեր հիասքանչ կերպով հակադրվեցին սեփական պատմության մեջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանությանը, ճիշտ քայլ արեցին` մարտահրավեր նետելով Էրդողանի սպառնալիքներին»,- այսպես է եզրափակել հոդվածը New York Times-ի խմբագրական խորհուրդը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20