Ապօրինի շինարարության օրինականացում

- in Տնտեսական
Hashvark

Մեր քաղաքը ՀՔՆ հայտարարությունը.

Երևան քաղաքի կենտրոնում շարունակվում է քաղաքաշինական «բեսպրեդելն» ու ապօրինի՝ մարդու իրավունքները խախտող շինարարական ծրագրերի իրականացումը։

Նալբանդյան 106/1 հասցեում չորս տարի առաջ ապօրինաբար սկսված շինարարության ծրագրի հաստատումից ի վեր՝ տեղում արդեն ավելի քան ութ հարկ բարձրության շեն է կառուցվել։ Վերջերս շրջակա շենքերի բնակիչներն, ովքեր շուրջ հինգ անգամ հանդիպել էին այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և Նաշբանդյան 106/1-ում իրականացվող քաղաքաշինական ծրագրի ներդրող Գևորգ Մարդանյանի հետ, կրկին դիմեցին քաղաքապետարան, որրպեսզի հարգվի իրենց՝ չորս տարի առաջ ձեռքբերած պայմանավորվախությունը՝ այն է, շենքը յոթ հիմնական և մեկ մանսարդային հարկից ավելի բարձր չլինի, ինչն ուղղակիորեն բխում էր նաև ՀՀ Կառավարության՝ 2014 թվականի հուլիսի 31-ի N 814-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից։

Այնուամենայնիվ, քաղաքային իշխանությունները ներդրողի հետ միասին որոշեցին կրկին խաբել Նալբանդյան 106/1-ի շրջակա շենքերի բնակչությանը։ Կառուցապատողը սկսեց ավելացնել հարկերը՝ չնայած քաղաքացիները հստակ պահանջ էին ներկայացրել քաղաքային իշխանություններին՝ «վերացնել ավելացված հարկերի ամրանները և սկսել կտուրի կառուցման եզրափակիչ աշխատանքներ, ինչպես նաև տրամադրել կառուցվող շենքի հարկայնության պայմանների չխախտման վերաբերյալ գրավոր հավաստիացում»։

Ավելին, սույն թվականի ապրիլի 26-ի N452-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունն արդեն կատարված ապօրինության հիման վրա խմբագրեց գերակա շահի նախկին որոշումը՝ փոխարինելով «մինչև 7 վերգետնյա և նահանջած մանսարդային» բառերը «9 վերգետնյա հարկով և մեկ ետնահանջ հարկով» բառերով, իսկ շինարարության ավարտի ժամկետը երկարաձգեց մինչև 2018 թվականը։

Այսքանից ստանում ենք Հայաստանում կիրառվող քաղաքաշինության ոլորտի ապօրինությունների ռազմավարության ամբողջական պատկերը։ Ապօրինի աշխատանքները սկզբում տեղի են ունենում պատկան մարմինների թողտվությամբ, ապա օրինականացվում են ազդակիր համայնքի մեջքի հետևով՝ ներդրող-քաղաքապետ-վարչապետ ձևաչափում կատարվող ինչ-ինչ կասկածելի գործարքների արդյունքում։

Ինչ վերաբերում է Նալբանդյան 106/1-ի մասնավոր օրինակին, որտեղ քաղաքացիների բողոքները քաղաքապետարանն ուղղորդում է կառուցապատողին՝ ավելի շատ սլաքն ուղղելով ապօրինությունը նկատողների, քան թե ապօրինության հեղինակների վրա, իսկ գերակա շահի որոշումն ըստ պահանջի խմբագրվում է, ապա նշված իրողությունները ևս մեկ անգամ հիմք են տալիս հիշելու շենքի շինարարությունը բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապող վարկածները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20