Արտառոց իրավիճակ. Ով է կայացնում որոշումները

- in Մամուլ
Georgi Kutoyan

Սերժ Սարգսյանի աշխարհագրությունն ավարտվե՞ց.

Փետրվարի 12-ին իր ծրագրային ելույթից հետո, որտեղ ազդարարեց իշխանության նախընտրական գործունեության մեկնարկը, Սերժ Սարգսյանը հանդես եկավ նաեւ արտաքին տնտեսական կապերի թեմայով խորհրդակցությունների շարքի նախաձեռնությամբ: Առաջինն Իրանն էր, հետո Ավստրիան, եղավ Գերմանիան, Ֆրանսիան: Ու շարքը կարծես թե կանգնեց:

Այդքա՞նն էր Սերժ Սարգսյանի աշխարհագրությունը: Իհարկե, ապրիլի 2-ին իր ուղղումները մտցրեց քառօրյա պատերազմը, բայց դրանից անցել է երկու ամիս, իսկ պատերազմի դասերից մեկն էլ այն էր, որ Հայաստանը պետք է ունենա ավելի ամուր եւ դիվերսիֆիկացված տնտեսություն, որպեսզի կարողանա ապահովել անվտանգության մարտահրավերները: Ապրիլի պատերազմը դրսեւորեց ոչ միայն անվտանգության ոլորտի, այլ ընդհանրապես պետական կառավարման համակարգի, այդ թվում տնտեսական քաղաքականության անորակության օրինակներ, որոնք իրենց հերոսությամբ, սխրանքով ու նաեւ կյանքի գնով ծածկեցին հայ զինվորները:

Հետեւաբար, տնտեսությունն այն է, ինչ առաջնային քայլեր է պահանջում ապրիլի պատերազմից հետո: Այստեղ սակայն, Սերժ Սարգսյանը կարծես թե չի փորձում վերականգնել արտաքին տնտեսական ոչետմական կապերի վերաբերյալ խորհրդակցությունները: Այդ չորս երկրնե՞րն էին, որոնց հետ Հայաստանը կարող էր կապ ունենալ, թե այդ խորհրդակցությունները որպես տեխնոլոգիա Սերժ Սարգսյանի համար կորցրել են հրատապությունը, քանի որ այժմ կա Արցախի գործընթացը:

Իսկ տնտեսությունը կարծես թե հանձնվեց Հովիկ Աբրահամյանին: Պատերազմից հետո տնտեսական ակտիվություն սկսեց ցուցաբերել նա: Այն դեպքում, երբ մինչեւ պատերազմը տնտեսական թեմայով որեւէ խորհրդակցության տնտեսական քաղաքականության համար պատասխանատու վարչապետը չէր մասնակցում: Ընդ որում, երբ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի իր հեռուստահարցազրույցում էր հայտարարում, որ նախագահը չէ տնտեսական հարցերի պատասխանատուն եւ հասցեատերը, այլ կառավարությունը:

Արտաքին տնտեսական կապերի վերաբերյալ խորհրդակցությունների շարքի տեւական ընդհատումը վկայեց, որ Սարգսյանի համար դրանք քաղաքական, ոչ թե տնտեսական միջոց էին: Պատահական չէ, որ այդ խորհրդակցություններից որեւէ մեկի առումով խոշոր հաշվով չի եղել շոշափելի առաջընթացի օրինակ:

Մյուս կողմից, Հայաստանը չունի այդ կապերը արդյունավետ զարգացնելու հնարավորություն, քանի դեռ գտնվում է ԵՏՄ-ում եւ ենթակա է այդ կազմակերպության ազդեցությանը: Իսկ այդ կազմակերպությունը քաղաքական ծրագիր է, որի նպատակը անդամների ճկունության եւ ինքնուրույնության հնարավորինս նվազեցումն է եւ ռուսական շահերին ենթարկեցումը: Եթե Բելառուսը եւ Ղազախստանը հաճախ դիմադրում են եւ մարտ մղում, կորզելով իրենց համար կարեւոր բաներ, Հայաստանի դեպքում կարծես թե ոչինչ չկա:

Փոխարենը, Հայաստանի իշխանությունը հոգնել է կրկնել, թե կարող է լինել ճանապարհ դեպի ԵՏՄ: Բայց, չգիտես ինչու այդ ճանապարհը որեւէ մեկին չի հետաքրքրում: Այսինքն, լավ էլ պարզ է, թե ինչու: Հայաստանը չունի ԵՏՄ հետ ընդհանուր սահման եւ որեւէ ներդրում կարվի այնտեղ, որտեղ կա այդ սահմանը:

Այդպիսով, Հայաստանը զրկված է հնարավորություններից, փոխարենը ստիպված է հետեւել պարտավորություններին: Այդ իրավիճակում հնարավոր չէ երրորդ երկրի հետ կառուցել արդյունավետ տնտեսական եւ քաղաքական հարաբերություն: Իսկ դրանք շաղկապված են, ու նաեւ հենց այդ պատճառով է մոգոնվել ԵՏՄ նախագիծը, որպեսզի եվրասիա-ռուսական կայսրությունը սահմանափակի նաեւ գավառների տնտեսական ինքնիշխանությունը:

Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանի աշխարհագրությունն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Կամ, ավելի շուտ, ավարտվել է Հայաստանի աշխարհագրությունը, իսկ Սերժ Սարգսյանը շարունակում է այցելել տարբեր պետություններ, ունենալ հանդիպումներ, ելույթներ: Միայն թե ավելի ու ավելի անորոշ է դառնում այդ ամենի նպատակն ու իմաստը, եթե Հայաստանն ի վերջո կայացնում է այն որոշումները, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին:

Բանն այն է, որ անգամ ապրիլի պատերազմից հետո արտառոց վիճակում պաշտոնական Երեւանը չկայացրեց Հայաստանի համար կարեւոր որոշումները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20