Արտյոմ Մովսիսյանը կաշառք պահանջե՞լ էր, թե ոչ

- in Մամուլ
Ator

Հայաստանն ունի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նոր պետ՝ Սերգեյ Ավետիսյան, որը էկոնոմիկայի փոխնախարար էր:

Նախկին պետը՝ Արտյոմ Մովսիսյանը պաշտոնավարում էր 12 տարի: Այդ ընթացքում հայկական երկնքի հետ կատարվել է ինչ ասես՝ զարգացումից բացի: Հայաստանում սնանկացավ մոնոպոլիստ Ազգային ավիափոխադրողը, ընդ որում «անպատասխանատու» սնանկությամբ, այսինքն առանց որեւէ մեկի առաջ պատասխան տալու, թե այդ ինչպես է պատահում, որ բացառիկ իրավունքներով օժտված ընկերությունը սնանկանում է:

Հայաստանի օդում սկսեցին գերիշխել ռուսական ավիաընկերությունները: Անհաջողության մատնվեց հայկական նորաստեղծ ընկերությունը, որի ղեկավարը քաղաքացիական ավիացիայի լռության պայմաններում մեղադրում էր ռուսական ընկերություններին դեմպինգի, անբարեխիղճ քայլերի համար, որի հետեւանքով ընկերությունը չկարողացավ աշխատել:

Հայաստանն արդեն մոտ երկու տարի է վարում է այսպես ասած բաց երկնքի քաղաքականություն, բայց ռուսական ավիաընկերություններից բացի, գործնականում որեւէ այլ մեկը չի զգացել դրա շոշափելի էֆեկտ:

Պատասխանատու՞ էր դրա համար Արտյոմ Մովիսյանը՝ քաղաքավիացիայի վարչության նախկին պետը: Ընդհանրապես նրա պատասխանատվության եւ ադեկվատության աստիճանի մասին է վկայում այն, որ նախկին այդ պաշտոնյան անհեթեթություններ էր որակում իր մոտալուտ պաշտոնանկության մասին մամուլի տեղեկությունները: Իսկ դրանք շրջանառվում էին վերջին օրերին բավական աշխուժորեն: Ընդ որում, գրվում էր, որ պատճառը Մովսիսյանի կաշառառության պահանջն է՝ նա, ըստ Հրապարակ թերթի, կաշառք է ուզել գերմանական Լյուֆթհանզա ավիաընկերությանը Հայաստանի շուկայում գործելու արտոնագիր տալու համար, այդ տեղեկությունը հասել է նախագահի նստավայր, եւ այնտեղ էլ կայացվել է պաշտոնանկության մասին որոշում, որն իրականացվեց հունիսի 7-ին:

Եթե այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը եւ Մովսիսյանին իսկապես հեռացրել են կաշառք պահանջելու համար, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետք է լինի ոչ միայն պաշտոնանկություն, այլ նաեւ հետաքննություն: Եթե եղել է կաշառքի պահանջ, ապա դա հարված է հասցրել Հայաստանի թե հեղինակությանը, թե ներդրումային միջավայրին, թե ավիացիայի զարգացմանը:

Եթե պաշտոնանկության պատճառը դա չէր, ապա ի՞նչն էր: Աշխատանքի անարդյունավեըությու՞նը: Ուրեմն, պետք է պաշտոնանկության հրաման ստորագրողները հանրությանը տան հստակ պարզաբանում: Դա Արտյոմ Մովսիսյանին քավության նոխազի հեռանկարից ազատելու համար չէ, այլ նրա հաջորդին գործունեության պատասխանատվության տակ դնելու համար:

Որպեսզի հասարակությունը կարողանա վերահսկել հերթական չինովնիկի գործունեությունը, նա պետք է ունենա որոշակի չափորոշիչներ, չափանիշներ, գնահատման ելակետեր: Իսկ այդպիսին կարող է լինել նախկին չինովնիկի ազատման պատճառը, որը կօգնի հասկանալ իշխանության պատկերացումներն ու պահանջները քաղավիացիայի զարգացման, ընթացիկ վիճակի վերաբերյալ:

Որովհետեւ, օրինակ նորանշանակ պաշտոնյան դեռեւս էկոնոմիկայի փոխնախարարի կարգավիճակում խոսելով քաղավիացիայի զարգացման, բաց երկնքի քաղաքականության էֆեկտի եւ այլնի մասին, արտաբերում էր ընդամենը Հայաստանի իշխանության մոգական անպատասխանատվության բանաձեւը՝ «ժամանակ է պետք»: Երբ որեւէ պաշտոնյա խոսում է այդ կատեգորիայով, դա արդեն իսկ չափանիշ է, արդեն իսկ չափորոշիչ է՝ նրա մտածողության եւ հանրության առաջ անձնական պատասխանատվության:

Հայաստանին պետք են նոր պաշտոնյաներ, որոնց «ժամանակ պետք չէ», որոնք գիտեն ինչ անել եւ որոնց պետք է միայն հնարավորություն:

Ավիացիան Հայաստանի տնտեսության զարգացման կարեւորագույն ճյուղ է: Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին Վրաստանում էական հարցեր լուծեց ավիացիայի ոլորտում մի քանի հիմնարար լուծումների շնորհիվ: Դա իհարկե չեղավ մեկ օրում: Բայց Հայաստանն արդեն շատ է ժամանակ կորցրել, եւ պաշտոնյաներն արդեն ամեն օր ունեն հանրությանը առարկայական գործ ներկայացնելու անհրաժեշտություն:

Ընդ որում, այստեղ կա ռազմավարական խնդիր, թե ավիացիայի, թե ընդհանրապես պետականության համար: Հայաստանի քաղաքացիների համար օդային ճանապարհով պետք է առավելագույնս մատչելի դառնա Եվրոպա աշխարհամասը, օդային ուղիղ եւ մատչելի հաղորդակցությունը եվրոպական քաղաքների հետ: Ավելին, եթե չկա զարգացում այդ ուղղությամբ, ուրեմն գործնականում չկա քաղավիացիայի զարգացում ընդհանրապես:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20