Բանակը մաքրում են

- in Մամուլ
zinvor

Այսօր հայտնի է դարձել, որ 5000 դոլար կաշառք վերցնելիս ձերբակալվել է երեւանյան զինկոմիսարիատներից մեկի բարձրաստիճան աշխատակից: Այս շաբաթ հայտարարվել է նաեւ գեներալի եւ երկու գնդապետի ձերբակալության մասին:

Ըստ ամենայնի, Հայաստանի իշխանությունը որոշել է կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարը տեղայնացնել բանակում: Դա թույլ կտա միանգամից մի քանի հարց լուծել՝ առաջինը՝ մաքրել եւ ամրապնդել բանակը, որը պետք է պաշտպանի հայկական պետությունների անվտանգությունը, երկրորդը՝ հասարակության ու արտաքին վարկատուների ուշադրությունը շեղել մյուս պետական կառույցներից:

Դատելով Հայաստանի կառավարության այսօրվա նիստից՝ պետական ոլորտում կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պատերազմը դեռ շատ է հետաձգվելու: Քանի որ արտաքին թշնամու հետ պատերազմը չես հետաձգի, ապա որոշվել է «կոռուպցիայի դեմ պատերազմը» տեղափոխել բանակ: Բանակը կմաքրեն եւ «սրբություն» կդարձնեն, որի առաջ կխոնարհվի ժողովուրդը, իսկ կոռուպցիայի դեմ պայքար պահանջող գործընկերներին բանակը ցույց կտան որպես նմուշ:

Ընդ որում, իշխանությունները երեւում է հույս ունեն պահպանել մնացած համակարգը, որպեսզի հնարավոր լինի պահել բանակը: Հակառակ դեպքում, եթե կոռուպցիայի դեմ պայքարը համընդհանուր լինի, ապա հարկ կլինի հրաժարվել քվոտաներից, ստվերային դրամարկղերից, որի միջոցով երբեմն «պետական խնդիրներ», այդ թվում՝ բանակային խնդիրներ են լուծում:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան; lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20