Բաքուն ու Երեւանը բացահայտեցին նոր «պայմանավորվածությունը»

- in Մամուլ
Adrbejan

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը երեկ հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրեբջանի նախագահների՝ Սանկտ-Պետերբուրգում կայացած հունիսի 20-ի հանդիպմանը ձեռք է բերվել ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու վերաբերյալ պայամանավորվածություն:

«Հակամարտությունը պետք է լուծել փուլային եղանակով՝ սկզբում ազատվում են հինգ շրջանները, այնուհետեւ ևս երկու շրջան: Դրանից հետո որոշվելու է ԼՂ կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այս հարցերի շուրջ», հայտարարել է նա:

Ի պատասխան՝ հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։

Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևիցե պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաժողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։ Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար»:

Ի՞նչ է կատարվում: Ադրբեջանի հայտարարությունն անկասկած սադրանք է, այն առումով, որ եթե Սանկտ-Պետերբուրգում իսկապես փուլային լուծման պայմանավորվածություն ձեռք բերվեր, դժվար թե Ադրբեջանը երկու օր անց «գաղտնազերծեր» այն: Բանն այն է, որ գաղտնազերծումը նշանակում է, որ տվյալ կողմը փաստացի մերժում է այն, կամ ցանկանում է մերժել: Իր հերթին, այդպիսով մյուս կողմին քաղաքական ու բարոյական «իրավունք» տալով մերժել այն:

Իհարկե, կան նաեւ այլ «հարակից» խնդիրներ, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը մնում է նույնը:

Բաքուն փաստացի խոսել է այսպես կոչված «կազանյան պլանի» մասին: ՀՀ ԱԳ նախարարը հերքել է նման պայմանավորվածությունը Սանկտ Պետերբուրգում: Սակայն թե Մամեդովի, թե Նալբանդյանի հայտարարությունների մեջ կա մի ուշագրավ հանգամանք:

Նախքան այս «փոխհրաձգությունը», Արցախ էր ժամանել Սանկտ-Պետերբուրգի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին, այնուհետեւ հարցազրույց տվել ադրբեջանական մամուլին, որում բավական թափանցիկ սպառնալիքներ էր հնչեցրել Ադրբեջանի հասցեին: Մասնավորապես, նա ասել էր, որ Բաքուն պետք է հասկանա, որ ընդմիշտ կորցրել է Ղարաբաղը, իսկ եթե փորձի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա այդ պատերազմն արագորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածք, կոչնչացվեն կենսական նշանակության հաղորդակցությունները, կսկսվեն լեզգիների ու թալիշների անջատողական շարժումները, որոնք կփլուզեն այդ երկիրը:

Սանկտ-Պետերբուրգի Արեւելագիտության ինստիտուտը առանցքային դեր ունի Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ, եւ Բաքվում հասկացել են, որ դա փաստացի Ռուսաստանի ուղերձն էր: Մամեդովի հայտարարությունը հետեւեց այս հարցազրույցին: Դրանում առաջին անգամ Բաքուն խոսում է Արցախի կարգավիճակի մասին, փաստացի համաձայնություն տալիս դրան՝ շրջանները հանձնելու դիմաց: Ըստ էության, Մամեդովի հայտարարությունը Բաքվի պայմանն է՝ բանակցությունը սկսելու համար, եւ ոչ թե ձեռք բերված պայմանավորվածություն:

Իր հերթին ԱԳ նախարար Նալբանդյանն իր հայտարարության մեջ հիշատակում է փաթեթային տարբերակը՝ առաջին պլան մղելով հենց Արցախի ինքնորոշման ճանաչումը: Այսինքն, հայկական կողմը պնդում է, որ նախ պետք է լուծվի այդ խնդիրը:

Ըստ էության, ստացվում է, որ տարաձայնությունը վերաբերվում է Արցախի կարգավիճակին: Ընդ որում, ինչպես նշեցինք, Բաքուն առաջին անգամ փաստացի պաշտոնապես համաձայնություն է տալիս Արցախի կարգավիճակին, ասելով, թե «կողմերը համաձայնության են հասել այս հարցերի շուրջ»:

Փաստացի, կողմերը երեկվա հայտարարություններով դրեցին իրենց «նախապայմանները»: Որքանով «կհամատեղվեն» դրանք, արդյոք կհամատեղվեն, թե կդառնան անհաղթահարելի հանգամանք, որքանով կողմերը հետեւողական կլինեն այդ հարցում՝ ցույց կտա ժամանակը:

Հետաքրքիր է, որ սա համընկավ Սերժ Սարգսյանի Արցախ կատարած այցին: Սերժ Սարգսյանը եղել է սահմանային մի քանի զորամասերում, խորհրդակցություն անցկացրել ԼՂՀ բանակի բարձրագույն սպայակազմի հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20