Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման Էրդողանի վրեժը. Այա Սոֆիան վերածվում է մզկիթի

- in Մշակույթ
Turky

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այդ երկրի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդները Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ որպես պատասխան հունիսի 13-ից սկսել են Ստամբուլի հունական Այա Սոֆիա (Սուրբ Սոֆիա) քրիստոնեական տաճարում ամեն օր ժամը 14:00-ին Ղուրանի ընթերցումներ (նամազ) անցկացնել:

Բյուզանդական կայսրության Այա Սոֆիա գլխավոր քրիստոնեական տաճարը եղել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի նստավայրը: Կոնստանդնուպոլսի` թուրքերի կողմից բռնազավթվելուց հետո 1453 թվականին վերածվել էր մզկիթի, իսկ 1935 թվականին` թանգարանի: Ղուրանի ընթերցումները հեռարձակվում է Թուրքիայի պետական կրոնական TRT Diyanet հեռուստաալիքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունական խոշորագույն «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունն այդ առնչությամբ հայտարարել է. «Սուրբ Սոֆիայում Ղուրան ընթերցելու մասին թուրքական կողմի որոշումն այն դարձյալ վերածում է մզկիթի: Դա սադրիչ քայլ է, որը ուղղափառ քրիստոնյաների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ցուցադրություն է»:

Նման կերպ է որակել թուրքական կողմի` Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ վրեժը նաեւ Հունաստանի արտգործնախարարությունը` դատապարտելով թուրքական իշխանություններին Սուրբ Սոֆիայում Ղուրանի ընթերցումների համար եւ հայտարարելով, որ մահմեդական Ռամադան ամսվա կապակցությամբ «համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանում համառ, ֆանատիկոսության հասնող մուսուլմանական արարողությունն անհասկանալի է եւ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում է ու իրականության հետ կապի բացակայություն»:

Տաճարն իր ներկա տեսքով կառուցվել է 532-537 թվականներին Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու եւ Անթիմիոս Թրալացու կողմից:

Spread the love