Գերմանիայի դարավոր պայքարը Հայոց ցեղասպանության հետ

Exern

Հավանաբար Գերմանիայի՝ վերջերս կայացած քվեարկությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանություն, ինչպես նաև սեփական դերը դրանում, կարող է անակնկալի բերել շատերին այնտեղ և արտերկրում, բայց Հայոց ցեղասպանությունը երկար գերմանական պատմություն ունի: Այս մասին The Jerusalem Post-ում գրում է Ստեֆան Իհրիգը, որը Երուսաղեմի Վան Լիր ինստիտուտի և Հայֆայի համալսարանի պատմաբան է։

Ավելի քան 100 տարի առաջ՝ 1916 թվականի հունվարին, Գերմանիայի խորհրդարանի օրակարգ ներկայացվեց Հայոց ցեղասպանության մասին հարց։ Դրանից մեկ ամիս առաջ խորհրդարանի սոցիալիստ անդամ Կարլ Լիբկնեխտը գրավոր հարց էր ներկայացրել Գերմանիայի կանցլերին, որում հիշատակել էր, որ հայերը «մորթվել են հարյուր հազարներով». պե՞տք է Գերմանիան ինչ-որ բան անի մնացած հայերի համար։ Լիբկնեխտի դիմումը կրկնում էր դրանից շաբաթներ առաջ կանցլերին Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների կողմից ուղղված համանման հարցը։ Նա պատասխանել էր, որ Գերմանիան պետք է երաշխավորի, որ ոչ ոք չտառապի կրոնական մոտիվներով հետապնդումներից։ Քաղաքական Գերմանիան, եկեղեցիները և Լիբկնեխտը գիտեին, որ այդ պատասխանն ուղիղ մերժում էր։ Մարդիկ այդ ժամանակ հասկացան, որ տեղի ունեցողը ոչ այնքան կրոնական հարց էր, որքան ազգային և ռասայական։

Երբ նրա հարցին վերջապես պատասխանեցին խորհրդարանում, քննարկումը վերածվեց գերմանացի խորհրդարանականների կողմից ամոթալի ներկայացման։ Ստանալով ևս մեկ խուսափողական պատասխան՝ Լիբկնեխտը պատասխանել է, որ որոշ փորձագետներ ի վերջո խոսում են «հայերի բնաջնջման մասին»։ Նրա վրա ծիծաղել են և վերաբերվել որպես խեղկատակի։ Սակայն փակ դռների հետևում քաղաքական Գերմանիան գիտեր, որ Լիբկնեխտն իրավացի է։ 1915 թվականի մայիսից Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի դիվանագետները ռմբակոծել են Պոլսի իրենց դեսպանատունն ու Բեռլինը ցեղասպանության մասին հաղորդագրություններով. այդ դիվանագետներից շատերը զուր աղաչել են իրենց վերադասներին միջամտել՝ դադարեցնելու հայերի ցեղասպանությունը։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայի ԱԳՆ-ն հրապարակեց հավաքածու հայերի վերաբերյալ այդ դիվանագիտական թղթակցությունից՝ փորձելով հերքել Գերմանիայի մեղքի վերաբերյալ մեղադրանքները Փարիզի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։

Այս փորձը ձախողվեց, ոչ միայն այն պատճառով, որ Գերմանիան ոչ մի իրական բան չի արել հայերի համար, այլև որ հնարավորություն է տվել օսմանյան ղեկավարությանն իրագործելու ցեղասպանությունը, որը ինչ-որ ձևով շարունակվել է մինչև 1923 թվականը։

Գերմանիայի սեփական պատմությունը Օսմանյան հայերի դեմ բռնության վերաբերյալ իրական է և ինքնին կապ է հանդիսանում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև։ Բայց այդ կապը ամեևին պարտադիր չէ Հայոց ցեղասպանությունը որպես այսպիսին ճանաչելու համար, և չկան համեմատություններ Հոլոքոստի հետ, որը հաճախ մթագնել է Հայոց ցեղասպանության եզակի նշանակությունը։

Գերմանական դիվանագիտական փաստաթղթերը, որոնք առաջին անգամ հրապարակվել են 1919 թվականին, «ցեղասպանություն» պիտակի մեծագույն վկայություններն են։ Ժխտողները սովորաբար նախընտրում են պարզապես անտեսել այդ փաստաղթղթերի գոյությունը։

Այսպիսով՝ 100 տարի անց, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի վճռով, Գերմանիան գտել է Հայկական հարցին առնչվող սեփական հարյուրամյա կոնֆլիկտի առաջին եզրակացությունը։ Գերմանիայի խորհրդարանը ոչ միայն խորհրդածեց այլ երկրի պատմության վրա, այլև արեց հայտարարություն սեփական հայկական պատմության վերաբերյալ։

Խորհրդարանական ճանաչումը բավարար չէ, սակայն այն կարող է լինել սկզբնակետ հաշտվելու անցյալի հետ՝ եզրափակում է հոդվածագիրը։

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.