Գործարարները հարկայինից տարօրինակ գրություններ են ստանում

- in Տնտեսական
Hashvark

Չնայած հարկատուների և մասնագիտական հանրության բազմաթիվ դժգոհություններին, հարկային մարմինն իր առանձին տեսչությունների միջոցով հարկատուներին շարունակում է ուղարկել մեծ թվով անհասկանալի ծանուցումներ: Այս պրակտիկան ոչ միայն չի վերանայվել, այլև ընդհակառակը՝ ահագնացել է:

Այն լուռ անհամաձայնության առիթ է դարձել նաև հարկային տեսչության առանձին, առավել պրոֆեսիոնալ ու բարեխիղճ աշխատակիցների մոտ, որոնք չեն հասկանում, թե ինչու են իրենք ստիպված հարկատուներին բաժանել այսպիսի ծանուցումներ և ստանալ հարկատուների արդարացի դժգոհությունն ու որոշ դեպքերում նաև հեգնանքն այս ծանուցումների անբովանդակության վերաբերյալ՝ դրանք նախաձեռնող և կազմող աշխատակիցների փոխարեն:

Ահա այս անգամ նման աշխատակիցներից մեկից ստացվել է մինչ այժմ եղած ծանուցագրերից տարբերվող խիստ յուրահատուկ մեկը, որը կազմվել և հարկատուին է ուղարկվել Էրեբունու ՀՏ կողմից: Ծանուցագիրը կնքվել և ստորագրվել է ոչ ավել, ոչ պակաս ՀՏ պետի կողմից:

Այսպես, հարկատուին հայտնվում է, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացվել է ինչ որ տեղեկատվություն, որն էլ «վերլուծվել» է ՀՏ աշխատակիցների կողմից և պարզվել է հետևյալը. «…Ձեր կողմից…որպես հարկային գործակալ չի հաշվարկվել և ներկայացվել ամսեկան հաշվարկ կամ եկամտային հարկի ամփոփ հաշվարկի համապատասխան տողերի հանրագումարը ցածր է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ից ստացված տեղեկություններում արտացոլված ԱԳ վարձակալության պայմանագրից կամ եկամտային հարկի ամփոփ հաշվարկներ ընդհանրապես չեն ներկայացվել… »:

Թերևս դուք նույնպես մտածեցիք, որ այս շարքը կարելի է շարունակել անվերջ «կամ» երով:

Ահա այսպիսի ծանուցագիր է ստորագրում ՀՏ պետը:

Եվ այս ամենը կոչվում է վերլուծություն ու այս ամենի հիման վրա առաջարկվում է հարկատուին սահմանափակ օրերի ընթացքում կամ ներկայացնել ճշգրտված հաշվարկներ, կամ՝ հիմնավորումներ:

Այս նույն սկզբունքով կարելի է առանց անգամ որևէ մի լրացուցիչ տեղեկատվության որևէ մի հարկատուի ծանուցագիր ուղարկել ասենք օրինակ այսպիսի տեսքով. Դուք հայտարարագրել եք աշխատակիցների աշխատավարձ ինչ որ x դրամ: Ըստ մեր վերլուծության, դուք կամ քիչ եք հայտարարագրել, կամ կիսատ եք հայտարարագրել, կամ ԱՎՈՒՄ հանրագումարն է սխալ կամ…մի խոսքով, սահմանված ժամկետներում հիմնավորեք, որ դուք ամեն ինչ ճիշտ եք արել:

Ահա այսպիսին է հարկային վարչարարության ընդունված պրակտիկան:

Թեև արդեն լիահույս չենք, որ ՊԵԿ քաղաքականությունը մշակող աշխատակիցներն ի վերջո կհասկանան, որ այս պրակտիկան ոչ մի տեղ չի տանում, այլ միայն ծանրաբեռնում է հարկատուներին լրացուցիչ գրագրությամբ ու ավելացնում վարչական ծախսերը, այնուամենայնիվ գտնում ենք, որ ի վերջո ՊԵԿ-ում կհանգեն այն մտայնությանը, որ հենց միայն կրճատելով հազարավոր նմանատիպ ծանուցումների կազմմամբ ու առաքմամբ զբաղված աշխատակիցներին՝ ՊԵԿ-ում կխնայվեն զգալի աշխատանքային ու ֆինանսական ռեսուրսներ, և, որ ամենակարևորն է՝ բիզնեսն ու հատկապես ՓՄՁ ընկերությունները կզբաղվեն արդյունք ստեղծելով, ոչ թե այսպիսի ծանուցագրերին պատասխանելով:

Հ.Գ. Մեր մասնագետների կողմից կապ է հաստատվել ծանուցագիրն ստացած սուբյեկտի հետ, վերջինիս համաձայնությամբ ուսումնասիրվել են համապատասխան փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել է, որ իրական վերլուծության դեպքում ՀՏ որևէ աշխատակից չեր կարող գալ ծանուցագրում նշված եզրահանգման, թե տնտեսվարողն ինչ որ բան այնուամենայնիվ սխալ է կատարել:

Քաղաքացի-հարկատու-բիզնես ՀԿ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20