Դատապարտում և ծիծաղում են Հայկ Խանումյանի ծեծի վրա

- in Պաշտոնական
Hayk Khanumyan

Համախմբում կուսակցության նախաձեռնող խումբը խստորեն դատապարտում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր և «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի դեմ կիրառված բռնությունը։

Այն մարդիկ, ովքեր որոշում են կայացրել և իրականացրել այս արարքը, լրջորեն հարվածել են Լեռնային Ղարաբաղի պետականությանը և հեղինակությանը։Հայաստանի ու Ղարաբաղի շահերից է բխում, որ ԼՂՀ իշխանություններն այս քրեական հանցագործությունը բացահայտեն։ Կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախաձեռնող խումբ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այսօր առավոտյան Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը:

Մեր զորակցությունն ենք հայտնում Հայկ Խանումյանին ու ներկայիս բախտորոշ իրավիճակում հանուն Հայրենիքի անվտանգության ապահովման կրկին ոտքի կանգնող բոլոր ազատատենչ արցախցիներին:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը դատապարտում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաև ՍիվիլՆեթի լրագրող, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանից հեռախոսը խլելու և նրա լրագրողական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը:

Կոչ ենք անում ԼՂՀ իրավապահ մարմիններին քրեական գործ հարուցել կատարված դեպքի հատկանիշներին համապատասխան հոդվածներով, հայտնաբերել միջադեպի մեղավորներին և լուծել նրանց պատասխանատվության հարցը։

Համոզված ենք, որ նման միջադեպերը խոչընդոտում են ժողովրդավարության զարգացմանն ու կայացմանն Արցախում:

Այսօր` հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության:

Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացվել:

Այդուհանդերձ, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է, որ պատգամավորի նկատմամբ ցանկացած բռնություն խստորեն դատապարտելի է, և ակնկալում է, որ իրավապահ մարմինները փաստի առթիվ կիրականացնեն լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն: Հաշվի առնելով Հայկ Խանումյանի կարգավիճակը` պաշտպանը հատուկ կարևորում է, որ քննության արդյունքների մասին հանրությունը պատշաճորեն իրազեկվի:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում հետևելու է փաստի վերաբերյալ քննության ընթացքին:

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանի ամբիոնից բարձրացրեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնության դեպքը՝ կոչ անելով դատապարտել այն:

«Դատապարտենք ու կոչ անենք, որ նրան հնարավորինս պատշաճ բուժօգնություն տրամադրվի ու բռնության հեղինակները պատժվեն: Մենք այսօր գտնվում ենք աշխարհի էպիկենտրոնում, այս բոլոր լուրերը հասանելի են լինելու, Ստեփանակերտը պետք է լինի ժողովրդավարության կղզյակ, ոչ թե բռնության կղզյակ: Կոչ եմ անում բոլորին դատապարտել»,- հայտարարեց Փոստանջյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց Հայաստանից դասեր չտալ Արցախին:

«Դուք էիք չէ՞ ԼՂՀ ճանաչման նախագծի հեղինակը: Դուք պետք է հասկանաք, որ ԼՂՀ-ն ինքնուրույն ու ժողովրդավարական պետություն է, և այս ամբիոնից կոչեր անել ԼՂՀ-ին, կարծում եմ, ճիշտ չէ: ԼՂՀ-ում կա իրավապահ համակարգ, և ես առավել քան համոզված եմ, որ ԼՂՀ իրավապահ մարմինները կքննեն այդ հարցերը և իրենց օրենքների ամբողջ ուժով կորոշեն ինչ է եղել: Այստեղ կարիք չկա ստվեր գցել, մենք ո՞վ ենք, որ այստեղից ԼՂՀ-ին դասեր տանք»,- Փոստանջյանին դիմեց Շարմազանովը:

«Ծիծաղելի է այս գործում ԼՂՀ իշխանության հետք տեսնելը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Արցախի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին:

Նա նշեց, որ դեռևս տեղեկատվությանը լիարժեք չի տիրապետում: «Բայց գիտեմ, որ ստորագրահավաքով բանակի ճակատագիր չեն լուծում: Ես բարձր եմ գնահատում մեր բոլոր հերոսներին, այդ թվում՝ Սամվել Բաբայանին, բայց հավաքներով նման խնդիրներ չեն կարգավորում: Հնարավոր է՝ լինեն սադրանքներ, բայց Ղարաբաղի իշխանության կողմից նման բան անելը նույնիսկ ծիծաղելի եմ համարում»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնին Սամվել Բաբայանի վերադարձի ցանկությանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ պաշտոնով չէ, որ մարդիկ պետք է երկիր պաշտպանեն:

«Նորից եմ ասում, խմբերով, նման տիպի հավաքներով որևէ բան չի լուծվում: Ես կատեգորիկ դեմ եմ ճնշումներով նման պաշտոնների նշանակմանը»,- հավելեց նա:

Իսկ հարցին, թե արդյոք հեղափախակա՞ն է Բաբայանի վերադարձը, ՀՀԿ խմբակցության ղեակավարը պատասխանեց. «Ամեն ինչ արել էին, մնում էր հեղափոխությունը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20