ԵՏՄ-ն ամենավճռական պահին ՀՀ նկատմամբ դավաճանական քայլ արեց

- in Ով ով է ...
Nikol Pashinyan

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայտարարություններ են հնչում, թե Վրաստանն ու Ուկրաինան չանդամագրվեցին ԵՏՄ-ին, արդյունքում՝ արյուն է ծորում:

«Հայաստանի արյունը չեք նկատո՞ւմ, որ սկսել եք ուրիշների արյան դարդը լացել: ՀՀ-ն անդամագրվեց ԵՏՄ-ին, և արյուն է ծորում: Ոչ միայն արյուն է ծորում, այլև ԵՏՄ-ն ամենավճռական պահին ՀՀ նկատմամբ դավաճանական քայլ արեց՝ պատերազմի պիկին հետաձգելով Հայաստանում ԵՏՄ վարչապետների հանդիպումը»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ քառօրյա պետարազմը մեծ հավանականությամբ կապ ունի Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելու հետ: Իսկ Հայաստանն անհրաժեշտության դեպքում պետք է բոյկոտի ու կաթվածահար անի այդ կատռույցը՝ որպես հակահարված այն թշնամական գործողությունների, որը նրանք անում են ընդդեմ Հայաստանի: Բայց լծակներն օգտագործելու համար պետք է քաղաքական կամք ունենալ:

«Այս առումով կատարյալ անհասականալի ու անընդունելի է, որ մայիսի 31-ին Սերժ Սագսյանը գնում է Աստանա ու մասնակցում է ԵՏՄ հանդիպմանը, մի երկրում՝ Ղազախստանում, որն այդ թշնամական գործողության նախաձեռնողն ու հեղինակն է: Այսօրվա Հայաստանի իշխանությունը չունի այդ քաղաքական կամքը և Հայաստանը շարունակում է տանել ֆորպոստի կարգավիճակով»,- ասաց նա: Ըստ պատգամավորի՝ ԵՏՄ-ում երկու երկրներ Ադրբեջանին ամենամեծ քանակությամբ զենք մատակարարողներն են, իսկ երրորդ երկիրն Ադրբեջանի ամենամեծ դաշնակիցն է և մի քանի դրվագներով գործել է ընդդեմ ՀՀ-ի:

«Եվ ինչո՞ւ պետք է մենք անընդհատ վախենանք՝ վայ, մեր բարեկամներին չկորցնենք, մյուսները չվախենան, որ Հայաստանին՝ որպես բարեկամ չկորցնեն: Որպեսզի ուրիշները վախենան, Հայաստանը պետք է կամք ունանա, ողնաշար ունենա և քաղաքական ասելիք: ՀՀ-ն ոչ ֆորպոստ պետք է լինի, ոչ որևէ մեկի հետևից քարշ եկող, ոչ էլ որևէ երկրի արժեքային համակարգի սպառողը: Մենք մեր արժեքային համակարգն ունենք, դրա հիման վրա պետք է կերտենք մեր պետականությունը»,- նշեց Փաշինյանը:

«Հայաստանի զարգացումը կասեցվել է Եվրասիական տնտեսական միություն մտնելով, և այդ կասեցումը բոլորին հայտնի է», – Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ այսօր ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ իշխանության ներկայացուցիչները խոսում էին անվտանգության գործոնի բարձրացման մասին, բայց ապրիլյան քառօրյա պատերազմում այդ փուչիկն էլ պայթեց: «Հիմա անհրաժեշտություն չկա մանրամասն վերլուծություններ անելու՝ ցույց տալու համար, որ այդ կառույցն ըստ էության մի անիմաստ միություն է, որի կանոններն անգամ իր միության շրջանակեներում չեն գործում»,- ասաց Մարուքյանը:

Ըստ պատգամավորի՝ մի բան պարզ է՝ Եվրամիության հետ ասոցացված Հայաստանի վրա Ադրբեջանը չէր հանդգնի կրակել: «Եվ այն տնտեսական հնարավորությունները, որոնք մենք կստանայինք, անհամեմատելի կլինեին, ոչ թե այստեղից-այնտեղից զենք կուզեինք գնել վարկով»,- ասաց Մարուքյանը: Նա նշեց, որ կողմ է ԵՏՄ-ից դուրս գալուն, իսկ այն գործընթացը, որը պետք է սկսվի, պետք է տեղի ունենա Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխության պարագայում:

«Անգամ այս հայտարարության ընդունումն այսօրվա գործող համակարգին չի հրելու առաջ, որ նրանք սկսեն ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց: Բայց այն, որ մեր զարգացումը կասեցված է, դա փաստ է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու նախագիծն ԱԺ քառօրյայի օրակարգ չի ընդգրկվի, քանի որ նախագծի հեղինակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այն մինչև մեկ տարով հետաձգելու որոշում կայացրեց:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ այն մինչև մեկ տարով հետաձգելու կոչեր արեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Քննարկումն ընթացավ բուռն, վերջում Քոքոբելյանը հայտարարեց, որ հետաձգում է այն: «Սա պետական լուրջ խնդիր է ու մտահոգիչ: Դա հաշվի առնելով՝ հետաձգում եմ նախագծի քննարկումը»,- ասաց պատգամավորը: Ի դեպ, հանձնաժողովի բոլոր անդամները կողմ քվեարկեցին նախագիծը հետաձգելու օգտին:

Please follow and like us:
18642