Երկրի գլխավոր մարտահրավերը առաջիկա խորհրդարանական ընտրություններն են

- in Ընտրություններ
Margvelashvili

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի համար գլխավոր մարտահրավեր է համարում հոկտեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները և բնակչության ներգրավումը քվեարկությանը, քանի որ, նրա խոսքերով` քաղաքացիների մեծ մասը չի որոշել, թե ում պետք է տա իր ձայնը:

Այդ մասին երկրի նախագահը հայտարարել է Ստրասբուրգում` Վրաստանի և Եվրամիության հարաբերությունների հարցով Եվրախարհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման ժամանակ:

«Առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով մենք կանգնած ենք շատ լուրջ մարտահրավերի առաջ: Երկու օր առաջ ես ակտ ուղարկեցի` խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելով հոկտեմբերի 8-ին»,- մեջբերում է Մարգվելաշվիլու խոսքերը նրա վարչակազմը:

Նա նշել է, որ դա քաղաքական կուսակցություններին հնարավորություն կտա անցկացնել երկար նախընտրական քարոզարշավ:

Մարգվելաշվիլին նաև միջազգային գործընկերներին և դիտորդական առաքելություններին կոչ է արել մանրամասն ուսումնասիրել նախընտրական գործընթացը: Նրա կարծիքով` առաջիկա ընտրություններում կսկսվի մրցակցություն «արևմտամետ քաղաքական կուսակցությունների և կուսակցությունների միջև, որոնք թերահավատորեն են վերաբերվում Արևմուտքի հետ հարաբերություններին»:

Վրաստանում խորհդարանական ընտրությունները տեղի կունենան 2016 թվականի հոկտեմբերի 8-ին: Ամերիկյան Ազգային դեմոկրատական ինստիտուտի (NDI) անցկացրած սոցիոլոգիական հարցումների տվյալներով` բնակչության ավելի քան 30%-ը չգիտեն, թե ընտրություններում ում տան իրենց ձայնը:

Spread the love