Ժիրայր Սեֆիլյանին ներկայացված մեղադրանքը շինծու է

- in Պաշտոնական
JIRAYR SEFILYAN

2016 թ. հունիսի 20-ին, Սերժ Սարգսյանի պատվերով «կարված» հերթական շինծու մեղադրանքով ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Այս անգամ ևս Սերժ Սարգսյանն ստիպված ընտրել է քաղաքական ֆարսի տարբերակը` իր գլխավոր հակառակորդին վերագրելով զինված հեղաշրջման փորձ կատարելու մեղադրանք:

Պալատական մանր խարդավանքների վարպետ, սակայն մեծ քաղաքականության մեջ հայտնի ձախողակ Սերժ Սարգսյանի այս հաշվարկը նրա դեմ է աշխատում, քանի որ թշնամուն զենքով հաղթած Ժիրայր Սէֆիլյան հերոսին ժողովրդի աչքին դարձնում է նաև հայրենադավ ատելի ռեժիմից զենքով ազատագրող հերոս:

Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալելու իրական նպատակն ակնհայտ է: Նա էր, որ համարձակվեց բացել ապրիլյան քառօրյայի դավադրության վարագույրը` բացահայտելով ոչ միայն հայկական կողմի կրած տարածքային կորուստները, որոնք ռեժիմը ամեն գնով թաքցնում էր, այլև Սերժ Սարգսյանի կողմից իր իշխանությունը պահպանելու համար Հայաստանի` որպես Արցախի տարածքային ամբողջականության և նրա բնակչության անվտանգության երաշխավորի դերից հրաժարվելու և, դրանով իսկ` ալիևյան վարչախմբի խարխլված դիրքերը ամրապնդելուն նպաստելու դավաճանական գործելաոճը:

Ի տարբերություն ալիևյան վարչախմբի, որն Արցախյան հարցի կարգավորման բանակցություններին զուգահեռաբար ոչ միայն ազատ արձակեց քաղբանտարկյաներին և մեծ համաներում համաներում հայտարարեց, այլև զորավարժությունների տեսքով ուժի ցուցադրություն է անում Արցախի սահմանին և Նախիջևանում, Սերժ Սարգսյանը ձերբակալում է հանուն Հայրենիքի ազատության ու ամբողջականության դիմադրական շարժում նախաձեռնած Ժիրայր Սէֆիլյանին՝ փաստացի հաստատելով սողացող պատերազմում Հայաստանին դեպի պարտություն առաջնորդելու իր պարտվողական և դավաճանական կեցվածքը:

Ժիրայր Սէֆիլյանի ազատազրկումը հայկական պետականության և մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության դեմ ուղղված գոյութենական մարտահրավերի ազդանշան է, ուստի նոր լիցք է տալիս ազգային դիմադրությանը:

Մենք հայտարարում ենք, որ ընդունում ենք մեր պետականության և անվտանգության դեմ ուղղված այս նոր մարտահրավերը:

Նախատեսված կարգով շարունակվելու են դիմադրության շարժման բոլոր նախաձեռնությունները, այդ թվում` Ժիրայր Սէֆիլյանին լիազորված` Ազգային դիմադրության կոմիտեի ձևավորման, ինչպես նաև Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով սկսված կամավորագրման գործընթացները:

Իսկ դիմադրության շարժման ջահակիր Ժիրայր Սէֆիլյանի ազատումը դառնում է պայքարի հիմնական ուղղություններից մեկը և վերածվում համազգային առաջադրանքի:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդ

Ժիրայր Սեֆիլյանին ներկայացված մեղադրանքը շինծու է.

Ցանկացած գնով իշխանությունը պահելու մոլուցքով՝ Սերժ Սարգսյանը ֆարսի է վերածում մեր հանրության քաղաքական կյանքը, անընդմեջ ահաբեկելով քաղաքացիներին՝ հորինված զինված հեղաշրջումներով:

Ժիրայր Սեֆիլյանին երկրում զինված հեղաշրջում ծրագրելու եւ իրականացնելու փորձով ներկայացված մեղադրանքը շինծու է: «Սպիտակ թելերով կարված» այդ գործի քննության միակ արդյունքն է լինելու Հայաստանում քրեական ռեժիմի նենգության բացահայտումը:

Քառօրյա պատերազմի ստվերային կողմի վարագույրը բարձրացնելով՝ Ժիրայր Սեֆիլյանը սպառնաց Ալիեւ-Պուտին-Սարգսյան պայմանավորվածություններին:

Սանկտ-Պետերբուրգում եռակողմ հանդիպումից առաջ փնթի ձեւով իրականացված քաղաքական հետապնդման այս դրսեւորմամբ՝ Սերժ Սարգսյանը ընդգծեց իր անձնական պատրաստակամությունը պետության ողջ ուժը ծառայեցնել մեր հայրենիքի համար դավադրական «զիջումներ՝ ոչնչի դիմաց» գործարքում: Սեփական ժողովրդի դեմ պատերազմի դուրս եկած մարդու այս արարքը արժանացավ Իլհամ Ալիեւի գնահատանքին:

Հունիսի 20-ը հայ ժողովրդի պատմության մեջ այլեւս մնաց որպես ազգային խայտառակության օր:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20