Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալության իրական մոտիվները

- in Մամուլ
JIRAYR SEFILYAN

Հայաստանի քննչական կոմիտեն տեղեկություն է տարածել այն մասին, որ ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը: Տեղեկության մեջ նշվում է, որ ձերբակալության «ակունքը» մայիսի 20-ին տեղի ունեցած ավտոպատահարն է Ծիծեռնակաբերդի խճուղում, որի մասնակից մեքենաներից մեկում հայտնաբերվել է ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Քննչական կոմիտեն հայտնում է, թե դրանից հետո կատարվել է քննություն, եւ դրա արդյունքում էլ հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սէֆիլյանը:

Ըստ կոմիտեի՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:

Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում: 2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:

Պարզվում է, որ Ժիրայր Սէֆիլյանն արդեն մեկ ամիս գտնվում է քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում: Ուշագրավ է, որ նրան ձերբակալում են մեկ ամիս անց եւ այն օրը, երբ Սանկտ-Պետերբուրգում պետք է տեղի ունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Արցախի հակամարտության կարգավորման թեմայով:

Ժիրայր Սէֆիլյանն այդ թեմային չունի ուղղակի առնչություն, բայց այդ հարցում ունի առանցքային դեր իր նախաձեռնության շնորհիվ՝ նա հայտարարել էր կամավորների հավաքագրում, որոնք պետք է հետ բերեին այն 800 հեկտար կորցրած տարածքը, որն ապրիլյան պատերազմի հետեւանքով անցել էր Ադրբեջանի հսկողության տակ եւ ինչը խոստովանել էր նաեւ Սերժ Սարգսյանը: Ընդ որում, նա այդ կորուստը խոստովանեց Վիեննայի հանդիպումից վերադարձից հետո, դեռ օդանավում: Մինչ այդ, 700 հեկտար կորստի մասին հայտարարել էր նույն Ժիրայր Սէֆիլյանը, ով ասել էր, թե Սերժ Սարգսյանը ճիշտ չի ասում, երբ խոսում է ընդամենը մի քանի հարյուր մետր տարածքի կորստի մասին:

Այդպիսով, դատելով տարածքների հանդեպ Ժիրայր Սէֆիլյանի մոտեցման, նախաձեռնության, հայտարարությունների փաստցից, ուշագրավ է դառնում, որ նրան մայիսի 20-ին տեղի ունեցածից «բացված գործով» ձերբակալում են ուղիղ մեկ ամիս անց՝ հունիսի 20-ին, այն ժամերին, երբ Սերժ Սարգսյանն օդանավում էր, որը պատրաստվում էր վայրէջք կատարել Սանկտ-Պետերբուրգում:

Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը կարող է դառնալ արցախյան գործընթացի հանգուցային հանգրվան: Ադրբեջանը հույս ունի, որ Ռուսաստանը Հայաստանին կհամոզի կատարել տարածքային զիջում: Հայաստանը հայտարարում է, որ Սանկտ-Պետերբուրգում պնդելու է Վիեննայի համաձայնությունների կատարում, որոնք առնչվում են հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը եւս հույս է հայտնում, որ հանդիպումը կամրագրի Վիեննայի ձեռքբերումներն ու պայման կստեղծի ամբողջական փաստաթղթի շուրջ բանակցության մեկնարկի կամ վերսկսման համար:

Ինչ է ակնկալում հանդիպումից Ռուսաստանը, պարզ չէ: Միայն Մարիա Զախարովան հայտարարել էր մի քանի օր առաջ, թե Ռուսաստանը չունի գաղտնի պլաններ:

Արդյոք Սանկտ-Պետերբուրգի հանդիպումը լինելու է այն կետը, որտեղ վերջնականապես «կնքվելու» է ապրիլյան պատերազմի արդյունքը, այսպես ասած թերթվելու է այդ էջը: Եվ արդյոք դա պայման է, որը դրված է նաեւ հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման հարցում: Եվ արդյոք Սերժ Սարգսյանը Սէֆիլյանի ձերբակալումով հավաստիացնում է Սանկտ-Պետերբուգում հավաքված միջնորդներին, որ կփակի 800 հեկտարի հարցը Հայաստանում, եթե լինի հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը:

Թե՞ Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգից սպասում է այնպիսի զարգացումներ, որոնց պարագայում գերադասում է այնտեղ մեկնելուց առաջ Հայաստանում լիովին ապահովել իր թիկունքը, ինչի մեջ էլ տեղավորվում է Սէֆիլյանի հերթական ձերբակալությունը: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է նաեւ, որ Սանկտ-Պետերբուրգ մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Ընտրական արդեն իսկ ընդունված օրենսգրքի նոր քննարկում եւ ՀԱԿ, ԲՀԿ, ՕԵԿ կուսակցությունների հետ նոր համաձայնություն:

Ըստ այդմ, համակողմանիորեն ապահովագրելով իր թիկունքը, Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգում պատրաստվում է անցանկալի պլանի դիմադրությա՞ն, թե՞ պատրաստվում է այնպիսի համաձայնությունների, որոնք վտանգավոր են Հայաստանի շահի ու անվտանգության տեսանկյունից:

Մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ Սէֆիլյանի ձերբակալումը տեղի է ունենում համացանցում հայտնի տեսանյութի հայտնվելուց մի քանի օր անց: Խոսքը առաջնագծի իրադարձությունների մասին պատմող տեսանյութի մասին է: Այդ տեսանյութը կարծես թե հրապարակեց Ոտքի Հայաստան միավորումը, որը Ժիրայր Սէֆիլյանի առաջնորդած Նոր Հայաստան շարժման մաս է: Խոշոր հաշվով, տեսանյութը չափազանց անորոշ է որեւէ միարժեք եզրահանգման համար, սակայն առավել խնդրահարույցը ոչ այնքան տեսանյութի բովանդակությունն է, որքան դրա հասանելիության փաստը ընդդիմության առավել կոշտ տրամադրված շրջանակների համար:

Իշխող համակարգի տրամաբանության տեսանկյունից դա կարող է տալ «իշխանության թիկունքում» կոշտ ընդդիմության «դեսանտի» առկայության մասին իշխանական եզրահանգման տեղիք, ու չի բացառվում, որ Սէֆիլյանի ձերբակալությունը պայմանավորված է նաեւ իշխանության հենց այդ վախերով:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20