Ի՞նչ է փորձելու Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի միջոցով

- in Մամուլ

Ժողովուրդ օրաթերթը գրում է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունը որոշել է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը պետք է պաշտոնավարի մինչեւ 2020 թվականը: Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2017 թվականին, որից հետո նա չունի երրորդ անգամ անընդմեջ առաջադրվելու իրավունք:

Ըստ թերթի, իշխանությունը որոշել է, որ կարվի Սահմանադրության փոփոխություն, որով Արցախն էլ կանցնի կառավարման խորհրդարանական մոդելի, բայց 2020 թվականից՝ երբ կգա նոր խորհրդարանի ընտրության ժամանակը, իսկ մինչ այդ կպահպանվի Բակո Սահակյանի նախագահի լիազորությունը՝ կայունության համար:

Թե որքանով է իրատեսական այդ հեռանկարը, կերեւա առաջիկայում, երբ Արցախի հանրությանը կներկայացվի Սահմանադրության փոփոխության նախագիծը: Հավանաբար դա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում:

Միաժամանակ հետաքրքիր է, որ Բակո Սահակյանի նախագահությունը մինչեւ 2020 թվականը երկարաձգելու վերաբերյալ որոշման մասին հայտնի է դառնում այն ժամանակ, երբ Սահակյանը Բրյուսելում է:

Քիչ հավանական է, որ Հայաստանի իշխող համակարգն Արցախի իշխանության հարցում գնա այդօրինակ որոշման, առանց աշխարհքաղաքական կենտրոնների տրամադրությունը շոշափելու:

Առաջին հայացքից Արցախի չճանաչված հանրապետության իշխանության հարցը Եվրոպայի համար, աշխարհքաղաքական կենտրոնների համար չի ունենա էական նշանակություն եւ չի արժանանա էական ուշադրության: Սակայն, կա երկու հանգամանք: Նախ այն, որ Արցախի իշխանությունը դա Հայաստանի իշխանության խնդրի կարեւոր օղակ է, հաշվի առնելով մի շարք առանցքային գործոններ: Բացի այդ, ապրիլի պատերազմից հետո Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Արդեն տեւական ժամանակ խոսվում է Արցախի հակամարտության գործընթացում Եվրամիության որոշակի դերի մասին, այդ դերը բարձրացնելու հնարավորությունների մասին: Ահա այդ տեսանկյունից հավանական է, որ առաջիկայում կառաջանա Եվրամիության եւ Արցախի իշխանության որոշակի ֆորմատի շփումների անհրաժեշտություն կամ հնարավորություն: Իսկ այդ դեպքում իհարկե կարեւոր է, թե ու՞մ հետ է լինելու այդ շփումը Արցախում:

Միեւնույն ժամանակ, բացառված չէ, որ շոշափվում է հողը ոչ թե հենց Արցախի իշխանության, այլ այդ միջոցով Հայաստանի իշխանության հարցում այդօրինակ տրամաբանությունն առաջ մղելու համար: Այսինքն, միանգամայն հավանական է, որ Արցախում Բակո Սահակյանի լիազորության երկարաձգումը դառնա Հայաստանում Սերժ Սարգսյանի լիազորության երկարաձգման նախաբան, այսպես ասած փորձարկում կամ «պիլոտային» ծրագիր:

Առանցքային հիմնավորումն իհարկե ամենայն հավանականությամբ կրկին կլինի «կայունությունը»: Ի դեպ, Սահակյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ քաղաքական որոշման մասին տեղեկությունը հրապարակվեց Սամվել Բաբայանի Արցախ այցելության եւ դրա շուրջ առաջացած աղմուկի, նրան պաշտպանության նախարար նշանակելու պահանջի, դրան հաջորդած բռնության, այդ բռնությանը հաջորդած գնահատականների եւ հանրային արձագանքների ֆոնին, երբ սրվեց Արցախի կայունության հարցը, ինչը կարող է որոշակի հանրային «լեգիտիմության» հող ձեւավորել Բակո Սահակյանի պաշտոնավարումը երկարաձգելու որոշման մասին հանրությանը տեղեկացնելու համար:

Իհարկե, չի բացառվում նաեւ, որ իրավիճակը հասունացրել է ոչ թե որոշման հրապարակման պատեհ պահ, այլ որոշումն է հասունացել պահի ազդեցության տակ:

Ի՞նչ պրոյեկցիա կարող է ունենալ այն Հայաստանում: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հարթակ հաղորդման եթերում, խոսելով ապրիլյան պատերազմի եւ դրանից հետո ձեւավորված նոր իրավիճակի մասին, բերում էր ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի օրինակը, ասելով, որ պատերազմական իրավիճակում նա պաշտոնավարեց ոչ թե երկու ժամկետով, այլ չորս ժամկետ անընդմեջ: Աշոտյանն ակնարկում էր, որ Հայաստանի համար դա կարող է լինել կիրառելի օրինակ:

Միեւնույն ժամանակ, իր մնալու մտադրությունը Սերժ Սարգսյանն ինքն էր անուղղակի ակնարկել, երբ 2015-ի դեկտեմբերի 2-ին հեռուստահարցազրույցում հայտարարեց, թե 2017 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքից են կախված իր քաղաքական ծրագրերը: Չի բացառվում, որ ապրիլյան պատերազմը Սարգսյանը օգտագործում է այդ ծրագրերն արագացնելու համար, երբ արդեն նրա ծրագրերից կախված կլինեն 2017 թվականի խորհրդարանի ընտրության արդյունքները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20