Ինչո՞ւ են դաշնակիցները Հայաստանին միայնակ թողել. Միջազգային անդրադարձ

- in Հրապարակ
Serj Putin

Ղարաբաղյան հակամատությունը գերիշխել և ձևավորել է Հայաստանի անկախացման շրջանի արտաքին և անվտանգության քաղաքականությունը՝ 1991-ին Խորհրդային Միության փլուզումից հետո։ Ադրբեջանի դեմ 1991-94թթ. պատերազմում ռազմական և տնտեսական աջակցության որոնումներով Հայաստանը 1992 թվականին միացավ Մոսկվայի գլխավորած Անկախ պետությունների համագործակցությանը և դրա ռազմական թևին՝ ՀԱՊԿ-ին։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ փուլն ավարտվեց 1994 թվականի հրադադարով։

Այս մասին The National Interest-ում գրում են Ֆարհադ Մամադովը (Ադրբեջանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն) ու Ազադ Գարիբովը (նույն կենտրոնի առաջատար գիտաշխատող)։

Անվտանգության նկատառումներով Երևանի կախվածությունը Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից 1994-ից հետո միայն մեծացել է։ Ներկայում Հայաստանի սահմանները համատեղ պաշտպանվում են ՀԱՊԿ-ի կողմից, և Ռուսաստանը Գյումրիում ունի իր երկրի սահմաններից դուրս ամենամեծ բազաներից մեկը։ Մոսկվան նաև վերահսկում է երկրի տնտեսության առանցքային ոլորտները։ Երբ Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերալ Եվրոպայի հետ տևական բանակցություններից հետո Հայաստանն անսպասելիորեն հայտնեց Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը միանալու մտադրություն, կառավարությունը փորձեց «վաճառել որոշումը քաղաքացիներին»՝ պնդելով, որ այդ քայլը հետագայում կամրացնի երկրի անվտանգությունը։

Հոդվածագիրները նշում են, որ եվրասիական հարևանների հետ ռազմական և տնտեսական դաշինքի մեջ մտնելով՝ Հայաստանը վաղուց էր ցանկանում ներգրավել նրանց ղարաբաղյան հակամարտությունում՝ որպես Ադրբեջանին զսպելու միջոց, և ստանալու Հայաստանի պաշտպանության հրապարակային հանձնառություններ լայնածավալ պատերազմի վեստին բռնկման դեպքում։

2015 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ լարվածությունն առաջնագծում սկսվեց, Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ Անվտանգության խորհրդին հայտարարեց, որ «երբ Ադրբեջանի զինված ուժերը զենք են կիրառում Հայաստանի դեմ, նրանք կրակում են Աստանային, Դուշանբեին, Բիշքեկին, Մոսկվային և Մինսկին»։ Այսպիսով՝ ՀԱՊԿ-ը պետք է պատասխանի Բաքվի գործողություններին։

«Այդ հավաքի առաջին լուրջ թեստը տեղի ունեցավ ապրիլի սկզբին, երբ բռնություն բռնկվեց ԼՂ-ում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Բայց ՀԱՊԿ-ի ոչ մի անդամ բացահայտ աջակցություն չհայտնեց Հայաստանին՝ ո՛չ հակամարտության ընթացքում, ո՛չ էլ հետո։ Հակառակը՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի 2 անդամեր բացահայտ աջակցություն հայտնեցին Ադրբեջանի դիրքորոշմանը՝ առաջացնելով Հայաստանում լուրջ արձագանք»,- նշում են հոդվածագիրները։

Էսկալացիայի երկրորդ օրը՝ ապրիլի 3-ին, Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին շարունակել հակամարտության խաղաղ լուծման որոնումը՝ համապատասխան հանընդհանուր ճանաչված սկզբունքների ու միջազգային իրավունքի նորմերի, առաջին հերթին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության հարգման ու երաշխավորման հիման վրա, ինչպես նաև համապատասխան ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, գրում են հոդվածի հեղինակները։

Երկու կառույցների մեկ այլ անդամ հանդիսացող Ղազախստանը նույնպես աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ չնայած էսկալացիայի բռնկումից անմիջապես հետո Աստանայի պաշտոնական հայտարարությունը չեզոք բնույթ էր կրում և կոչ անում կողմերին խուսափել հետագա էսկալացիայից։ Սակայն Ղազախստանը հրաժարվեց մասնակցել ապրիլի 8-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Դա Հայաստանում ընկալվեց որպես Ադրբեջանին աջակցության արտահայտում։ Հանդիպումը չեղարկվեց, այնուհետև տեղափոխվեց Մոսկվա։

Աստանայի այդ քայլից հետո Հայաստանի Շիրակի մարզի Հառիճ գյուղը որոշեց փոխել տեղի փողոցի անունը, որը կրում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը։ Ապրիլի 23-ին Ղազախստանի բիզնես պատվիրակությունը չեղարկեց իր ծրագրված մասնակցությունը «Ինվեստ-Արմենիա-2016» ֆորումին։

Սա առաջին դեպքը չէ, որ Աստանան իր հիասթափությունն է արտահայտում ԼՂ հարցի առնչությամբ՝ գրում են հոդվածագիրները։ 2013 թվականի դեկտեմբերի 24-ի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվում էր Հայաստանի անդամակցության հարցը՝ նախագահ Սարգսյանի մասնակցութամբ, Նազարբաևը պահանջեց Մաքսային միության սահմաններին առնչվող հարցերի պարզաբանում՝ կապված ԼՂ-ի հետ։ Նա անհանգստություն արտահայտեց Հայաստանի և ԼՂ-ի միջև արդյունավետ մաքսային վեահսկողության բացակայության առնչությամբ՝ պնդելով, որ Հայաստանը կարող է միայն ընդունվել՝ նրա ներկայիս միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա։

Վերջապես, որն ամենակարևորն է՝ վաղ ապրիլյան էսկալացիային Մոսկվայի արձագանքը նույնպես բորբոքեց Հայաստանի խորը անվստահությունը Ռուսաստանի հանդեպ։ Երբ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 7-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարից երկու օր անց այց կատարեց Հայաստան, երկրի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն իրենց մտահոգությունները բարձրաձայնեցին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների առնչությամբ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ դա շատ բացասական արձագանք է ստացել Հայաստանում, քանի որ հայ ժողովուրդը Ռուսաստանին համարում է իր ամենամոտ դաշնակիցն ու բարեկամը։

Եվ չնայած այս հայտարարություններին, հաջորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի ըստ պայմանագրերի զենք մատակարարել Ադրբեջանին որպես իր ռազմավարական գործընկերոջ։ Մեկ շաբաթ անց՝ ապրիլի 13-ին, հարյուրավոր հայեր երթով ուղղվեցին Երևանում Ռուսաստանի դեպանատուն՝ բողոքելով Ադրբեջանին զենք վաճառելու դեմ։ Ապրիլի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնեց, որ ՀԱՊԿ-ը կարող է աջակցությամբ ապահովել Հայաստանին միայն միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում՝ հանրապետության դեմ հարձակման դեպքում, մինչդեռ ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա, որովհետև այն տեղակայված է այդ սահմաններից դուրս։ Ապրիլի վերջին Bloomberg գործակալության հետ հարցազրույցում Սարգսյանը նշել է հայ հասարակության մեջ Ռուսաստանի «հավասարաշռված» մոտեցմամբ պայմանավորված (զենքի մատակարարում հակամարտող երկու կողմերին) աճող հիասթափությունը։

«Դաշնակիցների» կողմից աջակցություն ստանալու հարցում ձախողման ևս մեկ գործոն է հանդիսանում այն, որ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ ԵԱՏՄ-ն չեն հանդիսանում հավասարների դաշինք։ Հայաստանը փոքր քաղաքական ազդեցություն ունի, որպեսզի կարողանա ստիպել բլոկներին կամ դրա անդամներից որևէ մեկին միջոցներ ձեռնարկել։

Թվում է՝ Ռուսաստանը վստահ է, որ չնայած հանրային քննադատությանը, Հայաստանը կմնա Ռուսաստանի ազդեցության գոտում։ Հետևաբար, Մոսկվան նախընտրում է ոչ միայն հանդես գալ հօգուտ հրադադարի, այլև պահպանել անկողմնակալ մոտեցում Երևանին ու Բաքվին՝ պահպանելու իր գերակա ազդեցությունը ղարաբաղյան խաղաղ գործընթացի վրա՝ եզրափակում են հոդվածագիրները։

Spread the love