Ինչպես է զոհված փոխգնդապետի վարորդական վկայականը հայտնվել Բաքվում

- in Հասարակություն
Adrbejan

«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը երեկ տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերվել է Հայաստանի քաղաքացուն պատկանող վարորդական իրավունքի վկայական։

Իրականում Բաքվի Սաբունչիի շրջանում հայտնաբերված վարորդական վկայականը պատկանում է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված 34-ամյա գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանին։ Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը։

– Պարոն Առաքելյան, ըստ ձեզ, ձեր որդու վկայականը ինչպե՞ս է հայտնվել Ադրբեջանում։

– Զոհվելու օրը Ալիկի բոլոր փաստաթղթերը գրպանից հանել էին։ Հեռախոսը, ժամացույցը, բանկի քարտը, անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, գումար, ամբողջը դատարկել էին։

– Ադրբեջանցինե՞րը։

– Այո, դե 10 օր իրենց մոտ է եղել դին։

– Այդ դեպքում ինչպե՞ս է հայտնվել ինչ-որ քաղաքացու տան մոտ:

– Ո՞վ գիտի, միգուցե ադրբեջանական կողմից քաղաքացիական անձ է այդ օրը կռվին մասնակից եղել։ Ես չեմ կարող ասել։ Միայն գիտեմ, որ դիակի զննության ժամանակ Ալիկի համազգեստի գրպանները շուռ էին տված։ Նույնիսկ մի գրիչ չկար գրպանում։ «Վիլիսի» բանալիները ևս վերցրել էին։

– Փորձե՞լ եք պարզել, թե որտեղ են փաստաթղթերը։

– Չէ, չեմ փորձել։ Նոր իմացա, որ վարորդական իրավունքի վկայականն են գտել։

– Իսկ ըստ ձեզ, նրանք չգիտե՞ն, թե դա ում փաստաթուղթն է ինչո՞ւ են հետաքննություն սկսել։

– Ո՞նց կարող Է չիմանան։ Էդ ի՞նչ պիտի քննեն։ Ուրեմն մի բան մտածել են, ես դա չեմ կարող ասել։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20