Ինչպես «կորցնել» Ղարաբաղը

- in Մամուլ
Paytyun

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը երեկ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իբր Սանկտ-Պետերբուրգի հանդիպմանը համաձայնության են եկել փուլային կարգավորման մասին, եւ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն նախ Ղարաբաղի 5, ապա եւս 2 շրջանից:

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Մամեդովին, նույնն է արել նաեւ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Ղարաբաղյան հարցի «կարգավորումը» կարող է երկու միջոցով լինել. կամ Հայաստանը զիջում է նախկին ԼՂԻՄ շրջակա տարածքները, հետեւաբար՝ ամբողջ Ղարաբաղը Զանգեզուրի հետ միասին, կամ էլ Ադրբեջանը ճանաչում է ստեղծված ստատուս-քվոն:

Մինչ այժմ միջնորդներն աշխատում էին միայն առաջին տարբերակի վրա: Մինսկի խմբի բոլոր առաջարկները դրույթներ են պարունակում Հայաստանի կողմից տարածքային զիջումների վերաբերյալ: Միջնորդների ոչ մի առաջարկ ճնշում չի նախատեսում Ադրբեջանի վրա, որպեսզի ստիպի ճանաչել 1991-94 թվականների պատերազմի արդյունքները: Բաքուն մերժում է ճանաչման ցանկացած հնարավորություն՝ սպառնալով նման մոտեցման դեպքում պատերազմ սկսել:

Սակայն ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ Բաքուն չի կարող սահմանները փոխել ուժային ճանապարհով: Փորձագետները, առայժմ զգուշորեն, սակայն սկսել են խոսել այն մասին, որ կարող է այնպես լինել, որ Բաքուն ստիպված լինի համակերպվել Ղարաբաղի կորստի հետ, ընդ որում՝ ներկայիս սահմաններով:

Միջնորդները կարո՞ղ են կարգավորման այդպիսի ծրագիր մշակել եւ ինչո՞վ կարող են «սպառնալ» Բաքվին այն չընդունելու դեպքում: Իր հարցազրույցում Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին ակնարկել է, որ եթե Ադրբեջանը նորից փորձի ուժով վերցնել Ղարաբաղը, ապա ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթաց է սկսվելու:

Նովրուզ Մամեդովի հայտարարությունից հետո Հայաստանի որոշ շրջանակներում հիստերիա է սկսվել, սակայն շատ շուտ պարզ է դարձել, որ իրականում Բաքվում է հիստերիա տիրում: Մամեդովի հայտարարությունն էլ հուսահատ քայլ է: Նրանք չգիտեն, թե ինչ անել՝ համաձայնվել Թուրքիայի առաջարկին եւ գոնե 1-2 շրջան վերցնեն, թե նորից պատերազմ սկսեն եւ «պատվով կորցնեն» Ղարաբաղը:

Բաքուն ակնհայտորեն սպասում է Կրեմլի արձագանքին, եւ եթե Մոսկվան չաջակցի Մամեդովի սադրանքին, Բաքվում կհասկանան, որ Կրեմլի կողմից Հայաստանի վրա ճնշում չի լինի: Հնարավոր է, Կրեմլում նույնպես հասկացել են, որ արդեն անիմաստ է ճնշում գործադրել Հայաստանի վրա, եւ ինչ-որ պահի Մոսկվան կարող է կանգնել արեւմտյան երկրների կողմից Ղարաբաղի ճանաչման փաստի առաջ: Դա վերջակետ կդնի Կովկասում Մոսկվայի քաղաքականության վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20