Ինչ հրաման է եղել ապրիլի 2-ին

- in Մամուլ
hretani zenq

Ապրիլյան պատերազմից երկու և կես ամիս անց Հայաստանի հանրային դիսկուրսում նորից ծագել է հարցը, թե պատերազմի ժամանակ ով պետք է հրամաններ տա եւ ինչու դրանք այդպես էլ չեն հնչել:

Տարածված հայտնի տեսանյութում պարզ երեւում է, որ սահմանին կանգնած զինվորը չի կարողանում կրակելու եւ հարձակումը հեղ մղելու հրաման ստանալ: Սակայն նա նահանջի եւ դիրքերը թողնելու հրաման էլ չի ստանում:

Հայ զինվորն ու միջին օղակի հրամանատարն առանց հրամանի ու հստակ դրված խնդրի պատանդի են վերածվում՝ ինչպես յուրայինների, այնպես էլ օտարների ձեռքում, եւ ստիպված են անձամբ որոշում կայացնել:

Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը մոտ 800 հեկտար հող է կորցրել: Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ դա վերադարձնելու համար չարժե վտանգել տասնյակ մարդկանց կյանքերը: Ինչի՞ համար է բանակը, եթե այն չի զբաղվելու տարածքային ամբողջականության պաշտպանությամբ:

Ինչու՞ ոչ ոք, այդ թվում Հայաստանի ու Ղարաբաղի նախագահներն ու պաշտպանության նախարարներն, այդ օրերին նահանջի հրաման չեն տվել: Նրանք գիտեի՞ն, որ ցանկացած կորցրած տարածք մնալու է հակառակորդի վերահսկողության տակ: Սակայն եթե այդպես է, ինչու կորցրած դիրքերի վերադարձի հրաման չի տրվել:

Բանակը ոչ մի կերպ չի կարողանում պարզել, թե ի՞նչ խնդիր է դրվում իր առաջ՝ պաշտպանել տարածքային ամբողջականությունը, թե կատարել վերեւից հրամանները:

Ապրիլի սկզբին բանակը կատարել է հստակ դրված խնդիրը՝ երկրի ամբողջականության պաշտպանությունն այն սահմաններում, որոնք սահմանված են շփման գծով: Հայտնի չէ, թե տեղերում ինչպես կվարվեին հրամանատարները, եթե վերեւից նահանջի հրաման իջներ: Կանջատեի՞ն հեռախոսները եւ ռադիոկապը եւ մինչեւ վերջ կկանգնեի՞ն: Թե՞ կկատարեին հրամանը:

Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ ռազմաքաղաքական ղեկավարությունում չկան մարդիկ, որոնք ունակ են նահանջի հրաման տալու: Դա անակնկալ էր բազմաթիվ արտաքին խաղացողների համար: Չնայած հակահարձակման հրաման էլ չի եղել, սակայն պարզ է դարձել, որ «կարգավորման» հասնելու դեպքում քաղաքական ղեկավարությունը բախվելու էր բանակին, որը դեռ կատարում է հստակ դրված խնդիրը՝ տարածքային ամբողջականության պաշտպանությունը:

Հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալու է Սարգսյանի, Ալիեւի եւ Պուտինի հանդիպումը: Արդյոք ՌԴ նախագահը փորձելու է ստիպել Սերժ Սարգսյանին առանց պատերազմի հողեր հանձնել, «խաղաղ» ճանապարհով: Հենց դա է կարգավորման ռուսական ծրագիրը, որը դուր է գալիս Ադրբեջանին: Առավել եւս հիմա, երբ Ալիեւը, ինչպես ասում են, փորձում է հաշտեցնել ավագ եղբայրներին՝ Պուտինին եւ Էրդողանին, Ղարաբաղը կարող է «բակշիշ» դառնալ միջնորդության համար:

Սերժ Սարգսյանը «ոչ» կասի՞ այդ ծրագրին եւ կպնդի՞ ավելի վաղ առաջ քաշած պայմանները շփման գծում ԵԱՀԿ սարքավորումների տեղադրման եւ ստատուս-քվոյի պահպանման վերաբերյալ: Եթե հանկարծ Սերժ Սարգսյանը նահանջի, Հայաստանում եւ Ղարաբաղում ո՞վ է կատարելու նահանջելու հրամանը:

Բանակում, Ղարաբաղում, ի տարբերություն երեւանյան ու այլ կաբինետների, գիտեն, որ «հողերի մի մասի հանձնումը» լուծում չէ: Ղարաբաղն անբաժանելի ռազմա-ռազմավարական միավոր է, եւ դրա մի մասի հանձնումը նշանակելու է ողջ Ղարաբաղի հանձնումը Զանգեզուրի հետ միասին:

Չի կարելի բանակի առաջ տարածքային ամբողջականության պաշտպանության խնդիր դնել, իսկ նրա թիկունքում պայմանավորվել ամբողջականության խախտման շուրջ: Անգամ եթե Պուտինն է «խնդրում»:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան; lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20