Ինչ նորություններ են կիրառվելու նոր Ընտրական օրենսգրքով

- in Ընտրություններ
orensgirq

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների ու լրացումների նախագծին:

Օրենսգրքում ձեռք բերված կոնսենսուսի շրջանակներում փոփոխությունները պետք է իրականացվեն մինչև սեպտեմբերի 1-ը, դրա համար անհրաժեշտ է 16 մլն դոլար, կառավարության այսօրվա նիստում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Նախատեսվում է այս հարցում ներգրավել միջազգային կառույցներին:

Արթուր Սարգսյանը մանրամասնեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում նախագծով: Նախատեսվում է հանել դիտորդների համար սահմանված մասնագիտական դասընթացի մասնակցության և որակավորման վկայական ունենալու վերաբերյալ պահանջները: Նախատեսվում է Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և առցանց ռեժիմով համացանցային հեռարձակում՝ հատուկ ստեղծված կայքերի միջոցով: Տեսանկարահանումը պետք է իրականացվի մասնագիտացված կազմակերպությունների կողմից:

Առաջարկվում է նաև ներդնել մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգը: «Առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող և այդ քարտի համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Այն դեպքում, երբ անձը չի եղել ՀՀ տարածքում, սահմանված ժամկետում չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար և չի ստացել այն, ապա նա կարող է ընտրություններին մասնակցել՝ ընդգրկվելով ընտրողների լրացուցիչ ցուցակում»,- մանրամասնեց Արթուր Սարգսյանը:

Նաև կատարվել է հետևյալ փոփոխությունը՝ քվեարկության օրը ընտրատեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով՝ մատնահետքերով: Ընտրողը դուրս կհրավիրվի քվեարկության սենյակից, եթե տեխնիկական սարքավորման միջոցով կպարզվի, որ նա արդեն մասնակցել է քվեարկությանը:

Ընտրողների ստորագրված ցուցակների ստուգումը լիարժեք հասանելի դարձնելու համար առաջարկվում է Ընտրական օրենսգրքի գործող կարգավորումներին զուգահեռ ամրագրել դրույթ, ըստ որի՝ տեխնիկական սարքավորման կողմից տպվող տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Բացի դրանից, ԱԺ ընտրություններին մասնակցող թեկնածուին կամ կուսակցության վստահված անձանցից մեկին հնարավորություն է տրվում օրենքով սահմանված ժամկետում դիմել տարածքային ընտրական հանձնաժողով և ստանալ տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյել տեղեկություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20