Ինչ որ բա՞ն է պատրաստվում

- in Մամուլ
zinvor

Սանկտ Պետերբուրգում Ղարաբաղի հարցով եռակողմ վեհաժողովի անցկացումը շատ փորձագետներ գնահատեցին որպես Ռուսաստանի «մենաշնորհի վերականգնում» ղարաբաղյան գործընթացում:

Փաստացի, այս իրադարձությունը չեղյալ է անում Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք ըստ էության հայկական կողմի՝ բանակցությունները վերսկսելու նախապայմաններն էին ապրիլյան պատերազմից հետո:

Մինսկի խումբը, ավելի ճիշտ արեւմտյան համանախագահները փաստացի աջակցություն էին հայտնել այդ նախապայմաններին: Հայաստանն այս ընթացքում հույս էր հայտնում, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա Վիեննայի պայմանավորվածություններին: Այդ մասին Չեխիայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել էր Սերժ Սարգսյանը, իր հերթին՝ Զեմանը պատրաստակամություն էր հայտնել ընդունել նախագահների հանդիպումն իր երկրում:

Ալիեւը, ուշքի գալով հետպատերազմյա շոկից, սկսեց Վիեննայի պայմանավորվածությունները չեզոքացնելու գործընթաց: Դա երեւաց Գերմանիայում Մերկելի հետ համատեղ ասուլիսից, որի ընթացքում Ալիեւը խոսել էր միայն Ռուսաստանի հետ սպառազինության ոլորտում համագործակցությունից ու ռազմավարական գործընկերությունից, հայտարարելով, որ Մոսկվան կառուցողական դեր է խաղում ղարաբաղյան գործընթացում: Նա հայտարարել էր նաեւ, որ ստատուս քվոն ընդունելի չէ, եւ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն հակամարտության գոտուց:

Ռուսաստանն աջակցում է Ալիեւի այս դիրքորոշմանը: Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպման վերաբերյալ Պուտինի օգնականի հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա Վիեննայի պայմանավորվածությունների, մասնավորապես ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին:

Բոլորը հասկացել են, որ որպես այդպիսին՝ Ղարաբաղյան խնդիրը լուծում չունի, ավելի ճիշտ՝ այն լուծված է, որը սակայն հայկական կողմը չի կարողանում ամրագրել: Հետաքննության մեխանիզմը ստատուս քվոն պահելու, այսինքն այն ճանաչելու ձեւ է, որին դեմ են Ռուսաստանն ու Ադրբեջանը, քանի որ այդպիսով կորցնում են իրենց քաղաքականությունը շարունակելու հնարավորությունը:

Ռուսաստանն իր հերթին չի գնա խնդրի հանգուցալուծման, նրա քաղաքականության իմաստը Ադրբեջանն իր վերահսկողության տակ գցելն ու պահելն է: Ռուսաստանը զինում է Ադրբեջանին եւ նրան պարբերաբար մղում լարվածության, «փակելով» բոլոր այլ ճանապարհները եւ ապահովելով «փոփոխական հաջողություն» շփման գծում:

Ապրիլյան պատերազմն այս սխեմայի վկայությունն էր, եւ կարելի է կարծել, որ այն կշարունակվի: Իսկ որպեսզի այն շարունակվի, պետք է բացառել որեւէ այլ կողմերի ներկայությունն ու հետաքննության որեւէ մեխանիզմի ու սարքավորումների տեղակայումը:

Ընդ որում, շփման գծում հաջողությունները պետք է ուղեկցեն Ադրբեջանին, որպեսզի այդ երկիրը հավատա Ռուսաստանի «կառուցողական դերին»: Ռուսաստանն իր քաղաքականությունը կիրականացնի «փուլային» ճանապարհով, փուլ առ փուլ, որը նրան ընձեռում է թե ժամանակ, թե որոշակի տարածություն ու մանեւրի հնարավորություն:

Սանկտ Պետերբուրգի հանդիպումը կարող է լինել նման մի փուլ: Հատկանշական է, որ դրա նախօրեին ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Մոսկվայում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ եւ ուշագրավ հայտարարություններ արել: Սեյրան Օհանյանին նա ասել է, որ ՌԴ-ն կցանկանար շարունակել ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ: Իսկ Հասանովի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ շարունակելու են ռազմական ու ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ: «Եթե խոսենք 2016 թվականին մեր համագործակցության մասին, ապա այն շատ հագեցած է», ասել է Շոյգուն:

Զենքը հենց այնպես չեն տալիս, ինչպես նաեւ՝ հենց այնպես չեն դադարեցնում զենքի մատակարարումը:

Ինչո՞ւ է Հայաստանը մասնակցում Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը: ԱԺ փոխնախագահ Շարմազանովն ասել է, որ Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում Ադրբեջանի պատճառով: Այսինքն, Հայաստանը ենթարկվել է Ադրբեջանի քմահաճույքի՞ն: Այդ դեպքում արդյոք միջնորդները հետայսու լուրջ կվերաբերվեն հայկական կողմի որեւէ հայտարարության: Բացի այդ, Հայաստանի նման պահվածքն արդյոք ճանապարհ չի բացում Ռուսաստանի «փուլային» մեխանիզմի համար, որի մասին խոսք գնաց վերեւում:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր; lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20