Ինչ պետք է տեղի ունենար հունիսի 5-ին

- in Մամուլ
Samvel Babayan

Հունիսի 5-ին Արցախում տեղի ունեցածը կամ այն, ինչ պետք է տեղի ունենար, լիովին այլ ընկալում է ստացել պատգամավոր Հայկ Խանումյանի դաժան ծեծից հետո: Ինչ-որ մեկը նման կեղտոտ ձեւով ցանկացել է շեղել սլաքները, սակայն հարցը, թե հունիսի 5-ին ինչ պետք է տեղի ունենար, այդպես էլ կախված է մնացել օդում:

Արցախյան պատերազմի վետերանների միությունը, որի անդամ են վարչապետը, պաշտպանության փոխնախարարը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահը, հունիսի 5-ին տեղի ունեցածը փաստացի որակել են որպես պետական հեղաշրջման փորձ: Պաշտոնական մարմինները վարկածներ չեն առաջադրել, որոնք նախատեսում են քննչական միջոցառումների անցկացում:

Հեղաշրջումը բռնի իշխանափոխությունն է: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հանդիսավոր ժամանումը Ղարաբաղ կարո՞ղ էր իշխանության գալու փորձ լինել: Նա մի քանի անգամ հերքել է այդ նպատակը: Սակայն նրա աջակիցները Հայկ Խանումյանի գլխավորությամբ, փաստացի, պահանջել են իշխանափոխություն՝ Սամվել Բաբայանին նշանակել պաշտպանության նախարար, իսկ պատերազմող երկրում պաշտպանության նախարարը մեծ իշխանություն ունի: Առավել եւս, որ ավարտին է մոտենում նախագահի կառավարման երկրորդ ժամկետը:

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը, մեկնաբանելով իրավիճակը Ղարաբաղում, ասել է, որ Սամվել Բաբայանը լավ է կռվել, հետո հանցագործություն կատարել, ազատազրկվել, հեռացել արտասահման, հիմա ցանկանում է վերադառնալ եւ աշխատանք ստանալ:

Հարցն այն է, թե ինչպե՞ս է նա ցանկանում աշխատանք ստանալ՝ ինչ ճանապարհով: Կարելի՞ է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը իշխանափոխության փորձ անվանել, որի մասին ակնարկել է Ազատամարտիկների միությունը:

Հանրահավաքի ժամանակ բռնի մեթոդներ չեն կիրառվել: Հրապարակում, առհասարակ, շատ խաղաղասեր զանգված է հավաքվել: Իրավապահ մարմինները տեղեկություններ ունե՞ն, որ բռնի գործողություններ են ծրագրվել:

Ստեփանակերտում խոսում են, որ հնարավոր է ինչ-որ գործողություններ պետք է լինեին, սակայն Սամվել Բաբայանը, տեսնելով, որ իրեն դիմավորելու եկածները բավարար չափով ագրեսիվ ու արմատական չեն, որոշել է հրաժարվել այդ ծրագրերից: Հնարավոր է, մինչեւ այցը նրան սխալ տեղեկություններ են փոխանցել՝ ասելով, որ Ղարաբաղում շատերը դժգոհ են գործող իշխանությունից հատկապես ապրիլյան պատերազմից հետո, եւ մարդիկ պատրաստ են ցանկացած գործողության, որ Բաբայանին իշխանության բերեն:

Այս հարցերը փոքր Ղարաբաղում շատ սուր են ընկալվում: Այստեղ ոչ ոք պատրաստ չէ տրվել կոչերի՝ որքան էլ բարձրագոչ լինեն դրանք, եւ առաջին իսկ կոչով «հեղաշրջման» գնալ: Առավել եւս, որ Ղարաբաղում, ի տարբերություն Հայաստանի, երբեք անձի պաշտամունք չի եղել, բոլորը հիանալի ճանաչում են Սամվել Բաբայանին ու մյուսներին, գիտեն նրանց ուժեղ կողմերն ու բազմաթիվ սխալներն ու թուլությունները:

Ղարաբաղցիները միանշանակ դատապարտում են բռնությունը Հայկ Խանումյանի հանդեպ, սակայն նաեւ միանշանակ հերքում են բռնի իշխանափոխության ու ապակայունացման փորձերը: Նրանք նաեւ մերժում են ղարաբաղյան հանրությանը վարկաբեկելու որոշ մարդկանց փորձերը: Վարկաբեկման մեղավորները նրանք են, որոնց մտքով անցել է ծեծել Հայկ Խանումյանին: Սակայն պակաս դեր չեն խաղում նաեւ նրանք, որոնք փորձում են հայտարարել ղարաբաղյան հանրության ոչ ժողովրդավար լինելու մասին:

Այդ հանրությունը կարողացել է գոյատեւել 25 տարվա ռազմական դրության պայմաններում, չի կորցրել սթափ մտածելու եւ լավը վատից տարբերելու ունակությունը: Այդ հանրությունը շատ լոյալ է վերաբերվում Հայկ Խանումյանին, նրա ընդդիմադիր գործունեությանը, ընտրել է նրան որպես խորհրդարանի պատգամավոր եւ ընկալումով լսել նրա ճիշտ ելույթները: Սակայն երբ ինչ-որ մեկը փորձում է հանրությանը «փրկիչ» պարտադրել, ապա դա ոչ մի կապ չունի ոչ ընդդիմության, ոչ էլ ժողովրդավարության հետ: Ղարաբաղում դա հիանալի հասկանում են:

Ղարաբաղի քննչական մարմինները մեղադրանքներ կառաջադրե՞ն Հայկին ծեծողներին, որոնք նպաստել են Ղարաբաղի իմիջի վարկաբեկմանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20