Ինչ սադրանք էր ՌԴ ԱԳՆ-ում՝ Ղարաբաղի դեմ

- in Մամուլ
Russia

Երեկ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի եւ ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպանի հանդիպման մասին, որին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում էր, որ քննարկվել է Սանկտ-Պետերբուրգում Արցախի հակամարտության հարցով եռակողմ Վեհաժողովի նախապատրաստման հարցը:

Ավելի ուշ, սակայն, ՌԴ ԱԳՆ-ն խմբագրել է այդ հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը` դրանից հեռացնելով Վեհաժողովի նախապատրաստման մասին տեղեկատվությունը:

Ի՞նչ է սա, տեղեկատվական սադրա՞նք, թե Ռուսաստանի փորձը՝ կրկին ստանձնելու Ղարաբաղյան կարգավորման «մենաշնորհը», որը սակայն հանդիպել է լուրջ հակազդեցության, եւ ռուսները հանել են հաղորդագրության այդ հատվածը:

Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը բանակցությունների վերսկսման պայման էր դրել մասնավորապես շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումը: Վիեննայում, ըստ պաշտոնական հաղորդագրության, այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել, եւ Մինսկի խմբի համանախագահները կողմերին են փոխանցել մի փաստաթուղթ, որը վերաբերվում է հենց այդ մեխանիզմների ներդրմանը:

Հայաստանը կողմ է այդ մեխանիզմներին, Ադրբեջանը սակայն փորձում է ամեն կերպ տորպեդահարել դրանց տեղակայումը: Դա հասկանալի է, քանի որ այդ դեպքում Ադրբեջանը կզրկվի Ղարաբաղյան գործընթացում իր միակ լծակից՝ ռազմական դիվանագիտությունից ու իրավիճակը պարբերաբար լարելուց:

Բաքուն բացահայտ չի հրաժարվում, սակայն մշտապես ինչ որ պայմաններ է առաջադրում, որոնք վերաբերվում են այդ մեխանիզմների տեղակայման «աշխարհագրությանը»: Մասնավորապես, Գերմանիայում Ալիեւը հայտարարել է, որ ստատուս-քվոն անընդունելի է, եւ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն որոշակի շրջաններից:

Գերմանիայում Մերկելի հետ ասուլիսի ժամանակ Ալիեւը հայտարարեց, որ Ռուսաստանն Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է եւ կառուցողական դեր է խաղում Ղարաբաղյան հարցում: Ալիեւն այդպիսով Ռուսաստանի օգնությունն էր ակնկալում ԵԱՀԿ մեխանիզմների տորպեդահարման հարցում:

Ալիեւի հայտարարությունից անմիջապես հետո հարցազրույց տվեց ռուս համանախագահ Իգոր Պոպովը, ով փաստացի բացառեց Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին: Նա նաեւ հայտարարեց, թե սպասում են ԵԱՀԿ մեխանիզմների ներդրման վերաբերյալ կողմերի եզրակացություններին:

Ալիեւի այս կոչից հետո Մոսկվայում տեղի ունեցավ վերոհիշյալ հանդիպումը, որից հետո էլ տարածվեց այդ սկանդալային հաղորդագրությունը: Սակայն, երեւում է, այն բացասական արձագանք է ունեցել մյուս համանախագահների մոտ, եւ հաղորդագրությունից հանվել է Վեհաժողովի վերաբերյալ հատվածը:

Ապրիլյան պատերազմը տապալեց ռուս-ադրբեջանական «տարածքներ ռուս խաղաղապահների դիմաց» ծրագիրը: ԵԱՀԿ մեխանիզմների ներդրումը փաստացի փակում է այս հնարավորությունը, որը սահմանափակում է Ռուսաստանի քաղաքականությունը թե Ղարաբաղի հարցում, թե Հարավային Կովկասում ընդհանրապես:

Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանն ու Ադրբեջանն այս իմաստով հայտնվել են բավական բարդ իրավիճակում, երբ այդ մեխանիզմների ներդրումը նրանց ներկայիս քաղաքականության վերջը կարող է դառնալ: Բացի այդ՝ Հայաստանում ու հատկապես Արցախում լիովին փոխվել են տրամադրությունները, ուժեղացել է անզիջում դիրքորոշումը, չնայած ՀՀ իշխանությունների՝ խնդիրը կրկին Ռուսաստանի «մենաշնորհին» վերադարձնելուն ուղղված քայլերին:

Ռուսաստանն ու Ադրբեջանն ակնհայտորեն հետ չեն կանգնելու իրենց մտադրություններից ու փորձելու են ամեն կերպ խոչընդոտել հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սադրանքի եւ իրադարձությունների ցանկացած զարգացման: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի հնարավորություններն այս ուղղությամբ մեծացել են:

ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր; lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20