Իշխանության «վերադարձի» ռեժիմն ու հույսը

- in Պնակալեզներ
Khosrov Harutyunyan

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն առաջիկայում կնշանակվի ԱԳ նոր փոխնախարար: Պապիկյանը, ինչպես գրում է թերթը, ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Խոսրով Հարությունյանի փեսան է:

Փաստորեն ստացվում է այնպես, որ Հայաստանի արտգործնախարարությունը վերածվում է Հարությունյանի ընտանեկան գերատեսչության: Բանն այն է, որ մի քանի ամիս առաջ էլ ԱԳՆ-ում փոխնախարարի նոր հաստիք ավելացավ Խոսրով Հարությունյանի որդու՝ Ռոբերտ Հարությունյանի համար, որը պետք է զբաղվի տնտեսական հարաբերության հարցերով:

Ի դեպ, Ռոբերտ Հարությունյանը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի անդամ էր, սակայն երբ այդ հանձնաժողովի անդամները կրճատվեցին, նա չմնաց, քանի որ ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը նախընտրեց այնտեղ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ ունենալ Կարինե Մինասյանին՝ իր թիմակցին:

Բայց Խոսրով Հարությունյանի որդին անգործ չմնաց, եւ նրա համար բացվեց փոխնախարարի նոր հաստիք: Այժմ էլ ահա փոխնախարարի պաշտոնի կնշանակվի նրա փեսան: Դա փաստացի նշանակում է Խոսրով Հարությունյանի վերադարձ ակտիվ իշխանություն:

Այդ վերադարձը հիշեցնում է հայտնի անեկդոտը «մաս-մաս ցվրվելու» մասին, իհարկե հակառակ իմաստով՝ Խոսրով Հարությունյանը «մաս-մաս» վերադառնում է ակտիվ իշխանության:
Հայաստանի իշխող համակարգը հայտնվել է «վերադարձի» աշխույժ ռեժիմում: Վերադառնում են թե լավ, թե վատ մոռացված հները: Այլ կերպ դա պարզապես կոչվում է մոբիլիզացիա ընտրությունից առաջ, որը բավական լուրջ մարտահրավեր է իշխող համակարգին: Բանն այն է, որ Հայաստանը միջազգային հանրության առաջ ստանձնել է բավական լուրջ հանձնառություն, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց փետրվարի 12-ի իր ելույթում, ասելով, որ Հայաստանը պետք է կատարի այդ նախընտրական հանձնառությունը:

Հայաստանը չի կարող առաջվա ռեժիմով հույս դնել Ռուսաստանի հովանու վրա, քանի որ Ռուսաստանն առաջվանը չէ: Արեւմուտքի հետ դիմակայությունում թե ուժերի հաշվեկշիռը, թե նաեւ միտումներն ակնհայտորեն Ռուսաստանի օգտին չեն: Մյուս կողմից, Ռուսաստանն անգամ այդ դիմակայության հարցում Հայաստանի իշխող համակարգին,- ընդ որում ոչ միայն իշխանությանը, այլ համակարգն ամբողջությամբ՝ ներառյալ քաղաքական դասը,- չի դիտարկում որպես իր կենսունակությանը նպաստող գործընկերային ռեսուրս: Մոսկվայի համար այդպիսին է Ալիեւը:

Մոսկվան Հայաստանի համակարգի համար շարունակում է լինել սարսափելի կամ ահազդու, բայց արդեն ամենեւին ոչ հուսալի: Այդ պարագայում մնում է հույսը դնել միմիայն սեփական ուժերի վրա, ինչը առաջ է բերում մոբիլիզացիայի անհրաժեշտություն: Ընդ որում, այս դեպքում մոբիլիզացիան միատարր գործողություն չէ, երբ բոլորը հավաքվում են, նստում, պայմանավորվում, որ պետք է վերադառնան:

Մոբիլիզացիան տվյալ դեպքում այն իրավիճակն է, որը ձեւավորել է նախընտրական ընդհանուր մոտիվացիաներ, երբ մեկին կարող է իշխանությունը վերադարձնել, մյուսը կարող է ինքն իրեն որոշել վերադառնալ: Իշխանության ներսում շահերի բախումը ոչ միայն չի թուլանում, այլ գուցե դառնում է ավելի սուր, սակայն ներկայում կա նախընտրական մարտահրավերը բոլորովին նոր իրավիճակում, որը ստիպում է իշխանության թեւերին մի կողմից պատրաստ լինել ներիշխանական ստատուս-քվոյի փոփոխության, մյուս կողմից չլինել այն սուբյեկտը, որը կանի այդ փոփոխությանն ուղղված կամ դրա ռիսկն առաջացնող էական քայլ:

Այդ իմաստով, ընդհանուր համակարգային իրավիճակի եւ երեւույթի խոսուն բնութագրիչ էր Սամվել Բաբայանի պահվածքը հունիսի 6-ի միջադեպից հետո, երբ հունիսի 5-ին նա փաստացի չէր փորձել կանխել այն, ինչ 6-ին բնորոշել էր «ղալլաթ»: Անկասկած է, որ Բաբայանի համար իրեն պաշտպանության նախարար նշանակելու հունիսի 5-ի պահանջը չէր կարող լինել անակնկալ եւ անսպասելի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20