Իրավիճակը սրվում է. Կտրուկ շրջադարձ Սանկտ-Պետերբուրգում

- in Մամուլ
hretani zenq

Այն բանից հետո, երբ հայտարարվեց Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպման կամ վեհաժողովի մասին, շատերը դա գնահատեցին որպես Ռուսաստանի փորձը՝ կրկին «մենաշնորհելու» ղարաբաղյան կարգավորման գործընթացը:

Դրան անմիջապես հետեւեց ԵԱՀԿ մամուլի քարտուղարը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ, ասելով, որ կազմակերպությունը կապ չունի այդ հանդիպման կազմակերպման հետ: ԵԱՀԿ-ն այն հարթակն է, որտեղ տեղի է ունենում ղարաբաղյան կարգավորման գործընթացը:

Դա շատերը գնահատեցին որպես դեմարշ ընդդեմ Ռուսաստանի «սեպարատ» փորձերի, մանավանդ որ հանդիպման վերաբերյալ Պուտինի օգնականի հայտարարության մեջ խոսք չկար Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:

Իսկ Վիեննայի պայմանավորվածության, համենայնդեպս հրապարակային ռեժիմում, առանցքային կետը շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ մանդատի ընդլայնման խնդիրն էր:

ԵԱՀԿ հայտարարությանը հետեւեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի հայտարարությունը, ով հույս է հայտնել, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը լինելու է Վիեննայի շարունակությունը: Նա ընդգծել է հետաքննության մեխանիզմի շուրջ պայմանավորվածության քննարկման անհրաժեշտությունը:

Փաստացի, ԱՄՆ-ն ու ԵԱՀԿ-ն թույլ չեն տալիս շրջանցել Վիեննայի պայմանավորվածությունները: Դրանք ձեռնտու չեն Ադրբեջանին ու Ռուսաստանին, պատահական չէ, որ Վիեննայից անմիջապես հետո այս երկու երկրները ձեռնամուխ եղան դրանց տորպեդահարմանը, ինչն ըստ ամենայնի պետք է «ամրագրվեր» արդեն Սանկտ Պետերբուրգում:

Եվ ահա, ԱՄՆ-ի ու ԵԱՀԿ-ի կոշտ հայտարարություններից հետո հայտնի է դարձել, որ Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ է սկսել մասնավորապես Ղարաբաղի հետ սահմանային գոտում եւ Նախիջեւանում:

Մինչ այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը մարտական պատրաստության խնդիրներն էր քննարկել բանակի ղեկավարության հետ: Մեկնելով Մոսկվա՝ ԱՊՀ ՊՆ նախարարների հանդիպմանը, նա հանդիպել է Ռուսաստանի իր գործընկեր Շոյգուին, ով հայտարարել է, թե Ադրբեջանի հետ շարունակելու են ռազմական համագործակցությունը եւ 2016 թ. համար ունեն հագեցած ծրագիր:

Խոշորամասշտաբ զորավարժություններ սկսելով, Ադրբեջանը թերեւս նպատակ ունի ազդել բանակցությունների ընթացքի վրա, մասնավորապես փորձելով օրակարգից հանել հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը: Դա Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ-ին ու ԱՄՆ-ին, ակնարկելով, որ հակառակ դեպքում կարող է պատերազմ սկսել:

Իրավիճակը բավական բարդ է, եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպման շուրջ կողմերի դիրքորոշումներից ու հայտարարություններից թերեւս որոշակի պարզություն կլինի իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ: Փաստացի, Մինսկի խմբի Արեւմտյան համանախագահները համաձայնություն են տվել Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը՝ Վիեննայի օրակարգը պահպանելու պայմանով: Առայժմ հասկանալի չէ, թե արդյոք Ռուսաստանը համաձայնվել է:

Մյուս կողմից, Մոսկվան այս առումով հայտնվել է փակուղում, կարելի է ասել՝ ծուղակում, քանի որ համաձայնության դեպքում այդ հանդիպումն ինքնին անիմաստ է դառնում իր քաղաքականության համատեքստում: Իսկ չհամաձայնվելու դեպքում Ռուսաստանը փաստացի վեր է ածվում Հայաստանի հակառակորդի՝ բառի ուղիղ իմաստով: Այսինքն՝ դառնում է հակամարտության կողմ, թեեւ վաղուց է այդ «կարգավիճակում»:

Հայաստանը պետք է պատրաստվի իրադարձությունների ցանկացած զարգացման, քանի որ Ադրբեջանը կարող է դիմել ռազմական գործողությունների՝ իր համար այս փակուղային իրավիճակից դուրս գալու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20