Խաղաղապահների տեղակայում նախատեսված է ԼՂ հակամարտության կարգավորման առկա պլաններում

- in Պաշտոնական
Rus zinvor

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը գնահատական է տվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարությանը.

«Այդ ձգձգվող հակամարտության կարգավորման հարցում կողմերին աջակցելն առնչվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական անխոս առաջնահերթությունների թվում: Մենք ամենևին էլ անտարբեր չենք, թե ինչ է կատարվում հարևան տարածաշրջանում:

Ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը: «Եռյակի» համաձայնեցված շրջանակներին զուգահեռ ձեռնարկվում են ռուսական ինքնուրույն ջանքեր` հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի հետ հատուկ մոտ հարաբերությունները:

Ինչպես գիտեք, հենց Ռուսաստանն է վճռորոշ դեր խաղացել ապրիլի սկզբին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման հարցում` Մոսկվա հրավիրելով Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր շտաբների պետերին:

Սակայն մեր միջնորդության հիմնական թեման հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու հարցում կողմերին օգնելն է: Դրան են նվիրվել ավելի քան երկու տասնյակ եռակողմ հանդիպումներ` Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, որոնց միջև դադարներում աշխատել ու շարունակում են աշխատել նախարարները:

Կան էական առաջարկներ, որոնք աջակցություն են ստացել համանախագահող մյուս երկրների կողմից: Հուսով եմ, որ մեր միջնորդական ջանքերը կշարունակվեն մոտ ժամանակներս»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրին:

«Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ (Հայաստանի ու Ադրբեջանի) նախագահները հաստատեցին հրադարին ու հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ հավատարիմ գտնվելը:

ԵԱՀԿ դիտորդներից ստացված տեղեկատվության համաձայն` այդ պայմանավորվածությունն ընդհանուր առմամբ կատարվում է, հատկապես եթե այսօրվա իրավիճակը համեմատենք ապրիլի սկզբի իրավիճակի հետ:

Դրա համար էլ կարևոր է գործը հասցնել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործմանը, որոնք առնչվում են բանակցային գործընթացի վերսկսմանը` ուղղված կայուն կարգավորում ձեռք բերելուն»:

Խոսելով փորձագետների մակարդակով քննարկումներ սկսելու հարցի մասին` Պոպովն ընդգծել է, որ դա կախված է կողմերից, թե որքանով են նրանք պատրաստ հարթել կարգավորման առանցքային հարցերի վերաբերյալ տարաձայնությունները և հասնել շրջանակային պայմանավորվածության:

«Դրանից հետո կարելի կլինի խոսել փորձագիտական խմբերի ստեղծման մասին: Դրա համար կան հեռանկարներ»: Խոսելով շփման գծի միջադեպերի հետաքննման մեխանիզմների մասին` Պոպովը հայտարարել է, որ դրա շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել բարձր մակարդակով, և ԵԱՀԿ մասնագետները ներկայումս զբաղվում են հարցի լուծմամբ:

Պոպովն անդրադարձել է նաև հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման խնդրին. «Խաղաղության պահպանման միջազգային ուժերի ծավալում նախատեսված է հակամարտության կարգավորման առկա պլաններում:

Գործնականում խաղաղապահների ուղարկման հարցը կարող է բացվել ԼՂ-ի շուրջ հիմնական պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո:

Խաղաղապահ ուժերի տեղակայման գործողության մեկնարկին պետք է նախորդի ՄԱԿ ԱԽ-ի համապատասխան բանաձևը, ինչպես որ դա նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ: Հակամարտող կողմերի համաձայնության հիման վրա էլ կկատարվի այն երկրների ընտրությունը, որոնց կոնտինգենտները տեղակայվելու են»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ փորձագիտական մակարդակի դուրս գալու հնարավորությունը կախված է կողմերի պատրաստակամությունից` հաղթահարելու հակամարտության կարգավորման հիմնական հարցերի շուրջ առկա տարակարծությունները և հասնելու շրջանակային համաձայնագրի: Դրանից հետո հնարավոր կլինի խոսել փորձագիտական խմբերի ստեղծման մասին, նաև նրա համար, որպեսզի այդ համաձայնագրին իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի տեսք տրվի:

«Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում այդ մասին նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը` պատասխանելով հարցին` ինչպիսին են ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ նախագահների երկխոսությունից` փորձագիտական խմբերի մակարդակով պարբերական քննարկումների անցնելու հնարավորությունները: Նրա խոսքով` Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները սկզբունքորեն համաձայնել են բանակցային գործընթացի վերականգնման անհրաժշետության հարցում:

«Հույս ունեմ, որ կառուցողականությունը կհաղթանակի: Ինչ վերաբերում է զինված միջադեպերի հետաքննությանը, ապա բարձր մակարդակով ձեռք է բերվել համապատասխան մեխանիզմների ուղղությամբ աշխատանքներն ավարտելու պայմանավորվածություն և այժմ ԵԱՀԿ փորձագետները զբաղված են այդ հարցով: Նախորդ շաբաթ ԵԱՀԿ ՄԽ գործընկերների հետ փորձագիտական մշակումները փոխանցել ենք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Սպասում ենք կողմերի եզրակացություններին»,- ասել է ռուսաստանցի համանախագահը:

Անդրադառնալով շփման գծում խաղաղապահների տեղակայման մասին հարցին` Իգոր Պոպովը նշել է, որ գործնականում հարցը կարող է առաջանալ այն բանից հետո, երբ կարգավորման հարցում ձեռք կբերվեն հիմնական համաձայնությունները:

«Խաղաղապահների տեղակայմանը պետք է նախորդի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը, ինչպես դա նախատեսված է ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի որոշմամբ: Խաղաղապահ կոնտինգենտն ընտրվելու է հակամարտության կողմերի համաձայնության հիման վրա ընտրված երկրներից»,- ասել է Պոպովը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20