Կամուֆլյա՞ժն է, որ պիտի գեղեցկացներ

- in Մամուլ
Serzh Sargsyan1

Սերժ Սարգսյանը Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո մեկնեց Արցախ: Այստեղ անսովոր կամ աննախադեպ քիչ բան կա, թերեւս միայն այն, որ Սարգսյանն Արցախ մեկնեց առանց կամուֆլյաժի:

Եթե Սարգսյանն Արցախ այցի ընթացքում չլիներ դիրքերում, առաջնագծում, ապա կամուֆլյաժի բացակայությունը հազիվ թե լիներ նկատելի: Բայց, Սարգսյանը ժամանելով Արցախ, անմիջապես մեկնել է հարավային դիրքեր, ու առանց կամուֆլյաժի, ինչը հատկապես ընդգծվեց այն իրողության ֆոնին, որ նրան շրջապատող պաշտոնյաները, այդ թվում Արցախի նախագահ Բակո Սահակյանը կամուֆլյաժով էին, զինվորական համազգեստով:

Սերժ Սարգսյանն էլ նախկինում դիրքեր, արցախյան զորքերի տեղակայման վայրեր այցելում էր ոչ թե կոստյումով, այլ կամուֆլյաժով:

Շատերն այդ հանգամանքը կարող են համարել անկարեւոր, բայց խոսքը փողկապի կամ կոստյումի գույնի մասին չէ, խոսքը համազգեստի մասին է: Սերժ Սարգսյանը Արցախ է այցելել առանց Գերագույն գլխավոր հրամանատարի համազգեստի: Դա չի կարող լինել պատահական, դա չի կարող լինել չմտածված: Հետեւաբար, Սարգսյանը դրանով ըստ ամենայնի փորձում է առնվազն խորհրդանշական մեսիջ հղել, իհարկե պարզ չէ, թե ում:

Գուցե խաղաղասիրական, այսպես ասած հրադադարի մեսիջ, թեեւ ում եւ ինչու պետք է այդպիսի մեսիջ հղել, երբ Ադրբեջանը ամենեւին չի կաշկանդվում ռազմական մեսիջներից, ինչպիսին է օրինակ Սանկտ-Պետերբուրգից առաջ սկսած մասշտաբային զորավարժությունը:

Թե՞ Սերժ Սարգսյանը փորձում էր այդպիսով ընդգծել այն, որ տվյալ պահին ինքը գտնվում էր Բակո Սահակյանի գերագույն գլխավոր հրամանատարության «հատվածում», այսինքն ցանկանում էր ինչ որ կերպ ընդգծել Արցախի սուբյեկտայնությունը: Թեեւ, այդ դեպքում ինչ արժեք կարող է ունենալ այդօրինակ մեսիջը, եթե Հայաստանն առ այսօր ընթացք չի տվել նույնիսկ խրոխտ կերպով հայտարարած Արցախի հետ ռազմա-քաղաքական գործակցության պայմանագրին, որը հավանաբար կլինի պատմության մեջ առաջին փաստաթղթերից մեկը, որը կխունանա մինչեւ ամբողջությամբ մշակվելը:

Թե՞ կոստյումն էր իրական կամուֆլյաժը՝ այս անգամ ցույց տալու համար, թե դիրքեր այցը չունի ռազմական նպատակներ եւ զուտ աշխատանքային է:

Մյուս կողմից, Սարգսյանը գուցե դրսեւորել է պարզապես համեստություն եւ հարգանք այն 18-20 տարեկան երիտասարդների, սպաների, պայմանագրային զինծառայողների հանդեպ, նաեւ նրանցից տասնյակների հիշատակի հանդեպ, որոնք կյանքի գնով, փաստացի պետական կառավարման բազմաթիվ թերությունների պայմաններում պահել են այդ դիրքերը, դրանք չեն բաժանել կարեւոր ու անկարեւորի, եւ որոնք ունեն ապրիլի պատերազմից հետո այդ դիրքերում կամուֆլյաժով լինելու իրավունքն ու պատիվը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20