Հայաստանը վավերացնում է

- in Մամուլ
pvo_rossiya

Ազգային ժողովն արտահերթ նիստում կքննարկի նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը: Այն ընդգրկված է հունիսի 27-ին հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015 թ. դեկտեմբերի 23-ին:

Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման նպատա­կով ստեղծվում է հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ: Ըստ ՀՀ իշխանության մեկնաբանության, միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ ՌԴ հետ կնքել է ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, որպեսզի իր ՀՕՊ զորքերը չդնի այլ պետության ՀՕՊ զորքերի ենթակայության տակ: ՀԱՊԿ մյուս անդամներ Ղազախստանը եւ Բելոռուսը կնքել են միասնական համակարգ ստեղծելու մասին պայմանագիրը:

Համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ հաշվի առնելով տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքների անջատվածությունը, հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի կազմում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ներքո առանձնացվում է Հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգ, որի համատեղ գործողությունների կառավարումը, համաձայն 6-րդ հոդվածի 3-րդ մասի, իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Նշված հարցերով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը ենթարկվում են ՀՀ գերագույն հրամանատարին:

Թղթերով ամեն ինչ կարգին է, կասեր Սերժ Սարգսյանը: Թե Հայաստանի վրա ինչպիսի ազդեցություն են ունենում հայ-ռուսական այդ կարգին թղթերը՝ հայտնի է բոլորին:

Այս համաձայնագիրը Ռուսաստանին խիստ անհրաժեշտ է, Մոսկվան դրա վավերացումը դարձրել է Հայաստանին 200 մլն դոլարի սպառազինության մատակարարման տխրահռչակ պայմանագրի իրականացման պայմանը: Այդ մասին խոստովանել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Ռուսաստանին այդ պայմանագիրն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի հետ դիմակայության համար, այդ մասին ասում են թե հայ, թե ռուս փորձագետները: Պայմանագիրը փաստորեն վավերացվում է ՆԱՏՕ-ի Վարշավայի վեհաժողովի նախօրեին, որտեղ Հայաստանի համար պատրաստվել էր համագործակցության նոր ծրագիր: Թե ինչ հետեւանքներ դա կունենա մեր երկրի համար՝ կերեւա մոտ ապագայում:

Այսօր տեղեկություն եղավ, որ ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ Մոսկվայում այցելել է Ռոսօբորոնէքսպորտ եւ պայմանավորվածություններ ձեռք բերել: Երեւում է՝ խոսքը հենց 200 մլնի սպառազինության մասին է: Այսինքն, զենք ՀՕՊ համակարգի վավերացման դիմաց: Հայկական կողմը վստա՞հ է, երաշխիքներ կա՞ն, որ պայմանը կհարգվի: Բանն այն է, որ նախկինում էլ կարծես թե այդ զենքի մատակարարման պայմաններ կային, որոնք հայկական կողմը կատարել էր:

Ի վերջո, ի՞նչ է ստանում Հայաստանն այս ամենի դիմաց՝ այնքան էլ հասկանալի չէ: Փոխարենը, այդ ամենը լավ ֆոն կստեղծեն հոկտեմբերին Պուտինի Հայաստան կատարելիք այցի համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20