Հայաստանը փոխե՞լ է պայմանը

- in Հրապարակ
Zenq

Հրապարակ թերթն այսօր գրել է. «Ըստ Ռուսաստանին մոտ կանգնած մեր աղբյուրների՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 200 միլիոն դոլարի զենքի մեծ՝ կարևորագույն մասն արդեն իսկ տրամադրվել է Հայաստանին։ Կա՞ դրանց մեջ C-400՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Ոչ, սակայն C-400 առաջիկայում նույնպես տալու են»։ Կոնկրետ ե՞րբ, աչքներս տեսնի։ «Չի կարելի բարձրաձայնել՝ պետական գաղտնիք է. տալու են անպայման»:

Թեեւ հայ պաշտոնյաներն էլ են բավական մոտ կանգնած Ռուսաստանին, նրանք սակայն հայտարարում են, թե այդ գործընթացը ըստ ծրագրի ընթանում է: Դրանից չի հասկացվում՝ տվե՞լ են զենքը, թե ոչ, թերեւս պետական գաղտնիք լինելու պատճառով:

Մյուս կողմից, ռուսներն արդեն երկու անգամ հրապարակել են այդ «պետական գաղտնիքը». Առաջինը այդ 200 մլնի սպառազինության ցանկն էր, երկրորդը՝ հայկական բանակի մասին տեղեկությունները: Այդ արտահոսքն արդեն իսկ շատ բան էր նշանակում, քանի որ հայտնի բան է՝ ինչի համար են կազմակերպվում արտահոսքերը:

Ռուսաստանի դեպքում դա շատ հստակ էր՝ նպատակն Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության նոր մակարդակի հասնելն էր, ինչի մասին հայտարարում էին ռուս պաշտոնատարները: Այդ մասին հայտարարվեց նաեւ ապրիլյան պատերազմի օրերին, ամենաբարձր մակարդակով:

Բացի այդ, պատերազմը ցույց տվեց, որ Մոսկվան միայն զենքի ցանկերի արտահոսք չէ, որ կազմակերպում է: Պարզվեց Ադրբեջանին նաեւ ոչ հրապարակային ռեժիմում փոխանցվում են հայկական ուժերի վերաբերյալ հետախուզական տարատեսակ տեղեկություններ:

Ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի ռազմական համագործակցությունը ենթադրում է նաեւ այդ ոլորտում համագործակցությունը: Այնպես որ, Ադրբեջանի պարագայում որեւէ «գաղտնիք» չկա՝ Բաքուն ստանում է անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը:

Ռուսաստանն ավելի վաղ ի պատասխան Ադրբեջանի հարցման՝ փաստացի երաշխիքներ է տվել 200 մլնի այդ պայմանագրով նախատեսված սպառազինության մասով, մասնավորապես, որ այն Ադրբեջանի դեմ չի կիրառվելու:

Ո՞ր դեպքում է տրվում այդ երաշխիքը: Երկու դեպքում՝ երբ զենքը պարզապես չի տրամադրվում, կամ երբ արդեն ինչ որ գործընթաց ավարտված է լինում: Իհարկե, զենքը տրամադրվում է նաեւ մեկ այլ դեպքում, բայց արդյոք հիմա այդ փուլն է: Դա հետաքրքիր կլիներ իմանալ:

Մոսկվայում հանդիպելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարել է, որ 2016 թ. համար Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն հագեցած ռազմական համագործակցության ծրագիր:

Սպառազինության մատակարարումն իհարկե նաեւ բիզնես է, բայց առաջին հերթին՝ քաղաքականություն: Զենքը տալիս են կոնկրետ նպատակների համար, հատկապես երբ առկա է հակամարտություն եւ այդ հակամարտությունը թեժ պահելու քաղաքականություն:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «թռցրել» էր, որ ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Ռուսաստան ՀՕՊ միասնական համակարգի պայմանագրի վավերացումը պայմանավորված է 200 մլնի սպառազինության ստացման հետ: Այսինքն, ստացվում էր, որ Ռուսաստանը նման պայման է դրել Հայաստանի առաջ: Ինչպես հայտնի է, ԱԺ օրակարգ այդ նախագիծն այդպես էլ չմտավ: Արդյոք Հայաստանը «փոխել» է պայմանը՝ «առավոտյան զենքը՝ երեկոյան վավերացումը, երեկոյան զենքը՝ առավոտյան վավերացումը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20