Հայաստանին հասցվող հարվածի առանցքը

- in Մամուլ
Putin Aliev

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայաստանյան հասարակությունը Ռուսաստանի ցանկացած քայլ ընդունում է որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ, և համատեղ հակաօդային պաշտպանության համակարգն (ՀՕՊ) այս առումով բացառություն չէ: Ազատություն ռադիոկայանի մոսկովյան թղթակցին ասում է ԱՊՀ-ի ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը:

Եվսեեւը իհարկե սխալվում է: Այդ իրավիճակը, երբ Ռուսաստանի ցանկացած քայլ Հայաստանի հանրությունն ընդունում է որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված քայլ, ապրիլի պատերազմից հետո չի ձեւավորվել, եղել է դրանից առաջ:

Պատերազմը եղել է դրա աղաղակող դրսեւորում, հետեւանք եւ ավելացրել Հայաստանի հանրության այդ մտահոգությունը:

Ի վերջո, սեպտեմբերի 3-ը եղել է ապրիլի պատերազմից մոտ երեք տարի առաջ, ոչ թե հետո: Դրանից առաջ է եղել Գազպրոմի հայաստանյան գերիշխանության մասին համաձայնագիրը: Ապրիլի պատերազմից առաջ է Ռուսաստանի նախագահը Պետական այցով ժամանել Հայաստան եւ այդ այցը սկսել ոչ թե Հայաստանի պետական որեւէ ինստիտուտից, այլ Հայաստանում ռուսական ռազմակայանից, փաստացի ցույց տալով բոլորին, որ իր համար Հայաստանը ընդամենը ռազմակայանի տարածք է: Որովհետեւ չի կարող թե Եվսեեւը, թե որեւէ այլ փորձագետ մտաբերել որեւէ դեպք, երբ որեւէ երկրի նախագահ պետական այց է կատարում այլ երկիր ու այն սկսում այնտեղ իր ռազմակայանից:

Օրինակները, թե ինչպես է Ռուսաստանն ապրիլի պատերազմից դեռեւս տարիներ առաջ հետեւողականորեն ոտնահարել Հայաստանի ինքնիշխանությունն ու արհամարհել պետական արևժանապատվությունը, շատ են: Իսկ Հայաստանի հանրությունն ապրիլի պատերազմից առաջ տգետ չէր, ու հետո չդարձավ խելացի: Ապրիլի պատերազմից առաջ էր նաեւ Պերմյակովի ոճրագործությունը, երբ Մոսկվայի իշխանությունը, ոտնահարելով հայ-ռուսական պայմանագրերն ու համաձայնագրերը, պարզապես խլեց կամ գողացավ հանցագործին Հայաստանի իրավապահներից, եւ մինչ այժմ նա ի պահ է տրված Ռուսաստանի ռազմակայանում:

Ռուսաստանի իշխանությունը երբեք չի կաշկանդվել ցույց տալ, որ Հայաստանի ինքնիշխանությունը չի տեղավորվում ռուսական շահի ծիրում: Ընդ որում, այստեղ իհարկե պետք է արժանին մատուցել ՌԴ իշխանությանը, քանի որ նա չի փորձում ավելորդ ջանք գործադրել ակնհայտը, տարրական ճշմարտությունը հերքելու համար:

Հասկանալու համար, որ Հայաստանի ինքնիշխանությունը չի տեղավորվում Ռուսաստանի ռազմավարական շահի ծիրում, անհրաժեշտ է ընդամենը դիտարկել Ադրբեջանի գործոնը: Ռուսաստանի իշխանությունն Ադրբեջանը հռչակում է իր համար ռազմավարական գործընկեր: Եթե խոսքը ռազմավարականի մասին է, ապա դա նշանակում է երկարաժամկետ հեռանկար: Ռուսաստանը մի շարք քայլերով, այդ թվում Բաքվին մինչեւ ատամները զինելով հստակ դրսեւորում է, որ ռազմավարական գործընկերության մասին հայտարարությունը լիովին համապատասխանում է իրականությանը:

Հայաստանի համար Ադրբեջանը ռազմավարական սպառնալիք է, եւ որեւէ ողջախոհ մարդ չի կարող կասկածի տակ դնել այդ իրողությունը: Մեղմ ասած ցանկալի չէ, երբ կա ռազմավարական հակառակորդ հարեւան, բայց դա Հայաստանի ընտրությունը չէ՝ դա Ադրբեջանի ընտրությունն է: Ընդ որում, ընտրություն, որն արժանացել է Ռուսաստանի ռազմա-տեխնիկական եւ քաղաքական աջակցությանը: Հայաստանի «դաշնակից» համարվող պետությունը քաղաքական եւ ռազմա-տեխնիկական հսկայական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը պաշտոնապես ռազմական ռազմավարական թիրախ հռչակած պետությանը:

Այդպիսով, առկա է Ադրբեջան՝ որը Ռուսաստանի Դաշնության համար երկարաժամկետ շահ է, եւ նույն Ադրբեջանը, որը Հայաստանի Հանրապետության համար երկարաժամկետ սպառնալիք է:

Անվտանգության եւ պետականության հեռանկարի այդ առանցքային հարցում առկա է հայ-ռուսական շահի հակասություն, հակադրություն: Դա նշանակում է, որ Ադրբեջանի մասով Հայաստանն ու Ռուսաստանը օբյեկտիվորեն կանգնած են հակադիր որոշումներ կայացնելու հեռանկարի առաջ: Նրանց որոշումները Ադրբեջանի մասով չեն կարող չլինել տրամագծորեն տարբեր, որովհետեւ տրամագծորեն տարբեր է Ադրբեջանը երկու երկրների համար՝ մեկի համար այն երկարաժամկետ շահ է, մյուսի համար՝ սպառնալիք:

Հետեւաբար, ակնհայտ է դանում, որ Հայաստանի ինքնիշխանությունն առնվազն այդ մասով ՌԴ համար դառնում է անցանկալի, քանի որ այդ մասով Հայաստանի կայացնելիք որոշումները հակասելու են ՌԴ շահին: Եվ ակնհայտ է նաեւ, որ ՌԴ կայացնելիք որոշումներն էլ հակասելու են Հայաստանի շահին ու անվտանգությանը: Այդ առումով մենք ունեցանք ապրիլի աղաղակող եւ կորստաբեր օրինակը:

Ու քանի որ Ադրբեջանը, Արցախի խնդիրը հայկական պետականության առանցքային, հիմնարար հարցն է ոչ միայն պետականության ստեղծման, ձեւավորման եւ կենսագործունեության, այլ նաեւ անվտանգության եւ ապագայի իմաստով, առավել քան ակնհայտ է դառնում, որ այդ պետականության ինքնիշխանությունը խոչընդոտ է ՌԴ համար Ադրբեջանի հարցում իր երկարաժամկետ ռազմավարական շահն արդյունավետ առաջ մղելու մասով: Իսկ այդ շահը ՌԴ համար ամենեւին դրվագային չէ, այլ Մոսկվայի կովկասյան քաղաքականության առանցքը, որը Կրեմլը ռազմավարական շեշտադրումներով ամրացնում է սկսած 2004 թվականից:

Եվսեեւը իրավացի է, որ ՀՕՊ հարցը նոր չէ, այժմ էլ Հայաստանի ՀՕՊ համակարգում ռուսական մասնակցությունն ու դերակատարումը մեղմ ասած փոքր չէ եւ հետեւաբար աղմուկի է արժանանում ամենեւին ոչ նոր իրավիճակը: Իրավիճակը նոր չէ, բայց այն բերվում է նոր աստիճանի: Իսկ նկատի ունենալով ինքնիշխանության չեզոքացման հարցում ՌԴ ներկայիս իշխանության քաղաքական շահագրգռությունը եւ Հայաստանի ներկայիս իշխանության հնազանդությունը, դա նոր վտանգ է Հայաստանի համար:

Հայաստանի ինքնիշխանության չեզոքացման հարցում ռազմավարական շահագրգռության էական շարժառիթներ ունեցող ՌԴ իշխանությունը ստանում է Հայաստանի համար առանցքային հարցում որոշումներ կայացնելու, կամ Հայաստանի ինքնիշխան որոշումները տորպեդահարելու առավել մեծ լիազորություն:

Ըստ այդմ, կա խնդիր, եւ Ռուսաստանի իրավական ազդեցության լծակները ընդլայնելու փոխարեն, անհրաժեշտ է հայ-ռուսական հարաբերությունը բերել իրական միջպետական եւ գործընկերային բնույթի, որպեսզի գոնե արդեն իսկ եղած մասնակցությունը Հայաստանը կարողանա ծառայեցնել իր շահին ու անվտանգությանը: Իսկ դա նշանակում է, որ պետք է անհապաղ դադարեցվեն Ռուսաստանի կամ եվրասիական ինտեգրացիայի հետագա խորացմանն ուղղված բոլոր քայլերը, քանի որ ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ դրանք միմիայն ավելացնում են Հայաստանի եւ Արցախի անվտանգության սպառնալիքները, զուգահեռաբար կաշկանդելով դրանց դիմագրավելու Հայաստանի հնարավորությունները:

Իսկ հղումները պայմանագրային դրույթներին, թե տվյալ, թե ընդհանրապես հայ-ռուսական հարաբերության պարագայում պայմանական են, ինչի վառ օրինակը կա Պերմյակովի ոճրագործության դեպքում: Հայ-ռուսական պայմանագրով ՌԴ սահմանապահները պարտավոր են հայ-թուրքական սահմանին հայտնաբերվող սահմանախախտներին փոխանցել Հայաստանի իրավապահներին: Նրանք Պերմյակովին հայտնաբերեցին, բայց Հայաստանի իրավապահներին փոխանցելու փոխարեն ի պահ հանձնեցին Գյումրու ռուսական ռազմակայանին: Անգամ Հայաստանի գլխավոր դատախազը ԱԺ-ում խոստովանեց, որ տեղի է ունեցել խախտում, երբ պատասխանում էր պատգամավորների հարցերին:

Այդպիսով, կար փաստացի պայմանագիր, բայց եղավ դրան հակասող գործողություն, որի համար չեղավ որեւէ պատասխանատվություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20