Հայաստանի ստվերային եվրասիամայդանը

- in Մամուլ
Mishik

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 3-ին քննարկել է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի նախաձեռնությունը՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Նախաձեռնությունը բնականաբար չի վայելում հանձնաժողովի մեծամասնության հավանությունը, եւ այն մեկ տարով հետաձգվել է:

Թե ինչու է հեղինակը հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի հետ եկել այդ եզրակացության, քննարկման խնդիր է՝ ճիշտ էր հարցը տանել օրակարգ, թեկուզ քվեարկությամբ մերժելու հեռանկարով, թե՞ թողնել ԱԺ-ում կախված:

Ի վերջո ակնհայտ է, որ այստեղ որեւէ դեպքում չկա արդյունավետության հեռանկար, ՀՀԿ-ն դեմ է ԵՏՄ-ից դուրս գալուն, քանի դեռ Սերժ Սարգսյանը չի տվել այլ ցուցում կամ հրահանգ: Սակայն, ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ խնդիրը Հայաստանի քաղաքական օրակարգում պետք է հասունացած լիներ դեռեւս ապրիլին, երբ ԵՏՄ-ն ապրիլյան պատերազմում ակնհայտորեն սիրաշահեց Ադրբեջանին՝ չեղարկելով Հայաստանում նախատեսված ԵՏՄ վարչապետների հավաքն ու այդպիսով հոգեբանական հարված հասցնելով Հայաստանին:

Բայց, դա ընդամենը դրսեւորումն էր այն ամենի, ինչը միանգամայն սպասելի էր եւ ինչի մասին Հայաստանի «20-30 մարգինալներ» աղաղակում էին սեպտեմբերի 3-ին եւ դրանից հետո, զգուշացնելով, որ Հայաստանն անդամակցում է փաստացի թյուրքական դաշինքի, դրանից բխող հետեւանքով նաեւ Արցախի հարցում: Ապրիլը եւ դրան հետեւած զարգացումները ընդամենը ապացուցել են այն, ինչի մասին ահազանգում էին փոքրաթիվ լրատվամիջոցներ, փոքրաթիվ քաղաքագետներ եւ քաղաքացիական խմբեր, եւ մեկ-երկու քաղաքական կուսակցություն: Քաղաքական դասի գերակշռող լռության պայմաններում, իշխանական եւ ոչիշխանական բեվեռների մրցակցությամբ, թե ով է Հայաստանը ԵՏՄ խցկելու առավել «լեգիտիմ» առաջարկ ապահովելու ՌԴ համար:

Ընդ որում, հետաքրքիր է, որ այդ մրցակցության մասնակիցներից ոմանք այսօր խոսում են այն մասին, թե սխալ էր ԵՏՄ-ին անդամակցելը: Միաժամանակ, հանդես են գալիս մտարտադրությամբ, թե սխալ էր նաեւ Եվրասոցացման գնալը: Թեեւ այդ մասին որեւէ խոսք չէր ասվում, երբ Սարգսյանը գնում էր Եվրասոցացման: Մինչդեռ, եթե դա այդքան վտանգավոր էր Ռուսաստանին զայրացնելու տեսանկյունից, ինչու՞ էին լռում մարդիկ, ովքեր այսօր խոսում են այդ մասին, թեեւ այն ժամանակ ունեին դրա մասին խոսելու եւ ահազանգելու առավել մեծ հնարավորություն:

Բայց, հասկանալի է, թե ինչու չէր ասվում: Չէր ասվում, որովհետեւ կար մեծ սպասում, որ Սարգսյանը կգնա ու կդառնա մոտավորապես Յանուկովիչ, բայց ոչ թե Եվրամայդանի, այլ Եվրասիամայդանի զոհ:

Սարգսյանն առավել խորամանկ եւ հեռատես գտնվեց, թեեւ այդտեղ ամեն ինչ այնքան պարզ էր, որ առանձնապես մեծ խելք պետք չէր: Երբ Սարգսյանը կատարեց շրջադարձը, սպասելն այլեւս դարձավ անիմաստ, եւ հանկարծ պարզվեց, որ Եվրասոցացման գնալը սխալ էր, ու նաեւ պարզվեց, որ սխալ էր ԵՏՄ գնալը, թեեւ նույն մարդիկ ամեն ինչ արեցին այդ հարցում Հայաստանի դիմադրունակությունը բոլոր առումներով զրոյացնելու համար:

Ստացվում է շատ հետաքրքիր մի պատկեր: Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը, իհարկե իշխանությունից բացի, ԵՏՄ անդամակցելը համարում է սխալ, բայց չգիտես ինչու չկա ԵՏՄ-ից դուրս գալու օրակարգային հարց գոնե այդ դասի համար:

Միաժամանակ, չկա նաեւ կոնկրետ պատասխան հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը մնալով ԵՏՄ-ում, երբ ակնհայտ է այդ կազմակերպության պարզապես թշնամական բնույթը: Գեթ մեկ կոնկրետ քայլ, թե ինչ պետք է անի Հայաստանը, ընդհանրապես պետք է անի որեւէ բան, թե ոչ:

Իսկ կարո՞ղ է Հայաստանը անդամակցության դադարեցման կամ գոնե սառեցման հարց բարձրացնել որեւէ պայմանով, ասենք, ԵՏՄ անդամների առաջ դրվում է խնդիր, կամ արվում է նվազագույնը իքս քայլը, կամ Հայաստանը մտածում է անդամակցությունը շարունակելու նպատակահարմարության մասին:

Կա՞ն կոնկրետ առաջարկներ, պատկերացումներ: Եթե այո, ապա ո՞րն են դրանք: Եթե ոչ, ապա ո՞րն է Հայաստանի մնալու իմաստը՝ սպասել, որ լինի եւս մեկ պատերազմ, ու տեսնել, թե այս անգամ ԵՏՄ անդամները ինչպես են ծաղրում Հայաստանին:

Թեեւ, ակնհայտ է, որ Հայաստանին այժմ ծաղրում է հենց հայաստանյան քաղաքական դասի մեծամասնությունը: Ծաղրը տվյալ պարագայում նույնիսկ մեղմ բնորոշումն է, որովհետեւ տեղի է ունենում ավելի վտանգավոր բան, քան օրինակ ԵՏՄ-ին անդամակցումը: Տեղի է ունենում այդ որոշման քողարկված լեգիտիմացում, երբ արդեն պատմություն դարձած որոշումը հռչակվում է սխալ, սակայն միաժամանակ սխալ է հռչակվում այն վերանայելը:

Միեւնույն ժամանակ, այդ մեթոդաբանությունը, մտածողությունն ու քաղաքականության մեջ այդօրինակ ուղենիշները Հայաստանի քաղաքական դասի համար ավանդական են, ինչը ապացուցվել է Հայաստանում որեւէ մակարդակի ընտրությունից հետո: Հայաստանի քաղաքական կուսակցությունները մասնակցելով ընտրությանը հետո հայտարարում են ընտրակեղծիքների մասին, կեղծված արդյունքի մասին, իշխանությանը հայտարարում ոչ լեգիտիմ, իսկ հետո սկսում այդ ոչ լեգիտիմ իշխանության հետ տարատեսակ գործակցությունը: Այսինքն, ընտրություն կեղծելը հայտարարվում է սխալ, սակայն հետո ճանաչվում է դրա հետեւանքով ստեղծված ստատուս-քվոն, եւ կյանքը շարունակվում է: Կյանքը շարունակվում է նաեւ ԵՏՄ-ում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20