Հայաստանի վարչապետի հավանական նոր թեկնածուն

- in Մամուլ
Ator

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արդեն նախկին պետ Արտյոմ Մովսիսյանը, հրաժեշտ տալով պաշտոնին, արել է ուշագրավ խոհափիլիսոփայական հայտարարություն:

«Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի եւ փորձի վերագնահատել այն արժեհամակարգը, որտեղ ինքը գործում է ու ապրում: Թե ինչ ժամանակահատվածը մեկ կանգ կառնի, դա կախված է այդ պաշտոնյայի իմաստությունից: Կարծում եմ, սա այն հիմնաքարն է, որից սկսվում է ապագայի կառույցը, եւ որտեղ անձը հնարավորություն է ունենում իր ապագա որոշումներում լինելու առավել ճշմարիտ եւ համահունչ տվյալ հասարակությանն ու ժամանակաշրջանին», հայտարարել է Արտյոմ Մովսիսյանը:

Նրա հայտարարությունն իհարկե լիովին արժանի է նույնիսկ որպես ուղեցույց ծառայել հայկական չինովնիկության համար, յուրօրինակ կտակարան լինել յուրաքանչյուր հայաստանցի պաշտոնյայի համար:

Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ Արտյոմ Մովսիսյանը փաստորեն հայտարարում է, որ ինքն է որոշել կանգ առնել, այսինքն հեռանալ պաշտոնից, ոչ թե ինչ որ մեկը որոշել է հեռացնել իրեն:

Բանն այն է, որ մամուլում վերջին օրերին տեղեկություններ էին հրապարակվում, թե Մովսիսյանի պաշտոնանկության որոշումը պայմանավորված է Բաղրամյան 26-ում հայտնված տեղեկությամբ, թե Մովսիսյանը գերմանական Լյուֆտհանզային արտոնագիր տալու համար կաշառք է պահանջել գերմանացիներից: Դժվար է ասել, Բունդեսթագում ցեղասպանության ճանաչման բանաձեւի առկայությունը դեր խաղացել է, թե ոչ, բայց ըստ մամուլի հրապարակումների՝ դրանից հետո որոշվել է հեռացնել Մովսիսյանին:

Ինքը Մովսիսյանը ոչ միայն հերքում, այլ անհեթեթություն էր համարում մամուլի այդ տեղեկությունը: Իհարկե այդքան էլ որոշակի չէր՝ կաշառք պահանջած լինելու՞, թե հեռացվելու մասով:

Փաստն այն է, որ հունիսի 7-ին Մովսիսյանին հեռացրին: Եվ ահա, հունիսի 8-ին, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Հարությունյանը ՔԱԳՎ նոր պետին է ներկայացրել ու հրաժեշտ տվել հնին, Մովսիսյանն արել է այդ հայտարարությունը ժամանակին կանգ առնելու իմաստնության մասին:

Դա ակնարկ է այն մասին, որ ինքն է կանգ առել, ոչ թե հեռացրել են իրեն: Այսինքն, Մովսիսյանը քաղաքավարի ասում է, որ դեռ «չի ծնվել» Հայաստանի իշխանությունում իրեն հեռացնողը: 12 տարի նույն պաշտոնը զբաղեցրած մարդն իհարկե ունի այդպես ասելու իրավունք, առավել եւս, եթե նրան հեռացնելու որոշում կայացնող որեւէ մի մարդ չի ասել, թե ինչի համար են որոշել հեռացնել Մովսիսյանին:

Այնպես որ, պետք է հավատալ Մովսիսյանին, որ եթե նա չորոշեր կանգ առնել, ապա չկար որեւէ մեկը իշխանությունում, որ կանգնեցներ նրան: Ըստ այդմ մնում է սպասել, թե շարունակելու ինչ որոշում է կայացնելու Մովսիսյանը: Առավել եւս, որ նա այդ մասին էլ ակնարկել է. «Կարծում եմ, սա այն հիմնաքարն է, որից սկսվում է ապագայի կառույցը, եւ որտեղ անձը հնարավորություն է ունենում իր ապագա որոշումներում լինելու առավել ճշմարիտ եւ համահունչ տվյալ հասարակությանն ու ժամանակաշրջանին»:

Ըստ այդմ, Հայաստանի իշխանությանը հարկ է զգուշանալ, որովհետեւ կանգառի փայլուն իմաստնություն դրսեւորած պաշտոնյան կարող է ապագայի համար որոշել, որ հասարակության ու ժամանակաշրջանին համահունչ ճշմարիտ որոշումը ասենք իր վարչապետ լինելն է: Այդ դեպքում ո՞վ կարող է կանգնեցնել Մովսիսյանին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան; lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20