Հայկական բանակը կորցրել է ամենակարեւորը

- in Մամուլ
zinvor

Ապրիլի պատերազմից հետո հասարակական-քաղաքական քննարկումները հասկանալիորեն կենտրոնացած են արձանագրված ռազմական արդյունքների կամ հետեւանքների, ինչպես նաեւ պետական կառավարման դրսեւորված խնդիրների, դրա հետեւանքի վրա:

Այդ համատեքստում են հաջողությունների եւ կորուստների վերաբերյալ քննարկումները:

Բայց, ապրիլի պատերազմն առաջ է բերել մեկ այլ կարեւորագույն ասպեկտ, որն ինքնին կարճ ժամանակի եւ տարածության մեջ գուցե առարկայական, շոշափելի չէ, սակայն միջնաժամկետ եւ առավել եւս երկարաժամկետ առումով ունի կարեւորագույն ռազմա-քաղաքական նշանակություն՝ աշխարհքաղաքական համատեքստում:

Ապրիլյան պատերազմում հայկական բանակը ունեցել է կորուստ, որն ուղիղ իմաստով չի չափվում մարդկային կյանքով կամ տարածքային ծավալներով:

Արցախի առաջին պատերազմից հետո հայկական զինուժը զբաղեցրել էր բարձր ռազմա-քաղաքական նշաձող: Այն իր առաջ դրել էր եւ լուծել մի շարք ռազմավարական խնդիրներ, որոնք զուտ ռազմական նշանակությունից բացի, ունեին նաեւ թե պատմա-քաղաքական, թե աշխարհքաղաքական, նաեւ աշխարհտնտեսական առանցքային նշանակություն: Հայկական զինուժը փաստացի վերաձեւել էր կովկասյան տարածաշրջանը, այդպիսով հանդիսանալով աշխարհքաղաքական փոփոխությունների նախաձեռնող ու նաեւ երաշխավոր:

Դա բավական ընդգրկուն գործառույթ էր, որը նաեւ տարածվում էր ընդհանրապես նոր ստեղծվող հայկական պետականության վրա: Ընդ որում, դատելով միջազգային հանրության այդ տարիների վերաբերմունքից ու վարքից, դա միանգամայն լեգիտիմ, ու նաեւ ըստ տարբեր ոչ հրապարակային հանգամանքների՝ անգամ բավական աջակցվող գործառույթ էր:

Հետագայում սակայն, հայկական պետականությունն իր քաղաքական մասով սկսեց զգալիորեն նեղացնել իր գործառույթները, իր սուբյեկտային նշանակությունը, դրված եւ հետապնդվող խնդիրների խորքային ընդգրկումը: Դրա պատճառը միանգամայն պարզ է՝ հայկական էլիտաները զբաղված էին հնարավոր ամեն ինչից փող աշխատելու, հնարավոր ամեն ինչը փողի վերածելու մոլագար քաղաքականությամբ:

Այդուհանդերձ, զինված ուժերը պահում էին առաջին պատերազմից հետո սահմանած ռազմա-քաղաքական նշաձողը, ինչ որ առումով պատերազմի արդյունքով թելադրված իներցիայի, ինչ որ առումով զինուժի շարքերում «նյութապաշտ մոլագարների» եւ իրապես պետական մտածողություն ու նվիրում ունեցող անձանց պետության համար ոչ բացասական հարաբերակցության շնորհիվ՝ ի տարբերություն պետական կառավարման մյուս օղակների, ինչ որ առումով անվտանգության որոշակի այլ գործոնների արդյունքում, երբ իշխող համակարգն ինքն էլ գիտակցում էր, որ այդ բաղադրիչը պետք է պահվի զգալիորեն կենսունակ, քանի որ այնտեղ լուծվում են նաեւ իշխանության անվտանգության հարցեր:

Այդուհանդերձ, պետականության հետեւողական դեգրադացման քաղաքականությունը չէր կարող հետզհետե, թեկուզ դանդաղ, բայց իր ազդեցությունն ու հետեւանքը չթողնել զինված ուժերի նշաձողի վրա:

Ապրիլյան պատերազմը դարձավ գագաթնակետը, երբ պետական քաղաքականության հետեւանքով ստեղծվեց մի իրավիճակ, որը պահվեց գերազանցապես զինվորների եւ նրանց անմիջական հրամանատարների սխրանքի միջոցով, բայց որի հետեւանքով կորսվեց ոչ միայն մի քանի հարյուր հեկտար տարածք, այլ կորսվեց նշաձող:

Ընդ որում, տարօրինակ թող չհնչի, բայց առանցքայինն ու էականը հենց նշաձողի կորուստն է: Տեղի է ունեցել հայկական զինված ուժերի ռազմա-քաղաքական գործառույթների նշաձողի անկում, ինչը հետեւանք է հայկական «էլիտայի» տնտեսա-քաղաքական անհամարժեք գործողությունների, ռազմավարության ու մարտավարության:

Նեղացնելով հայկական պետականության գործառույթը, հայկական «էլիտան» նեղացրեց, ստիպեց նեղացնել նաեւ հայկական զինուժի ռազմա-քաղաքական գործառույթի նշաձողը:

Փաստացի, ներկայում այդ առաքելությունը կամ գործառույթը տեղավորվել է լոկ եղածը պահելու խնդրի շրջանակում: Հակառակն այն չէ, որ հայկական բանակը պետք է ունենար նվաճողական գործառույթ: Պարզապես հայկական բանակը պետք է մնա նախաձեռնությանը տիրողի նշաձողում: Մինչդեռ խախտվել է հենց այդ գիծը: Ընդ որում, ամենախնդրահարույցն այն է, որ բանակն ինքնին միանգամայն ի զորու է իրականացնել այդ գործառույթը եւ պահել նախաձեռնություն թելադրողի դիրքը, բայց այդ կարողությունը բախվել է «էլիտայի» դիվանագիտական-քաղաքական անկարողությանն ու նեղմտությանը:

Ապրիլի պատերազմի հրադադարի հաստատման ձեւն ինքնին դրա վկայությունն էր: Այդ հրադադարը Ադրբեջանին պարտադրել էր հայկական բանակը, բայց Հայաստանի այսպես կոչված իշխող քաղաքական «էլիտայի», նաեւ բանակի «գեներալակազմի» որոշ ներկայացուցիչների քայլերի հետեւանքով ստեղծվեց տպավորություն, թե հրադադարը ոչ թե հայկական բանակի ռազմա-քաղաքական նախաձեռնողականության, այլ Ռուսաստանի կայսերական ազդեցության հետեւանք էր:

Փաստացի, այդ հրադադարով փորձ էր արվում լուծել նաեւ այդ հարցը՝ ցույց տալ, որ հայկական զինված ուժերը տարածաշրջանում ներկայումս թելադրող չեն եւ իրենք չեն որոշում ռազմա-քաղաքական խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները:

Մեծ հաշվով, Հայաստանի քաղաքական դիրքերի անկումը կարող էր տեղի ունենալ շատ ավելի վաղ, քան նույնիսկ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը: Ավելին, դա կարող էր տեղի ունենալ 2008-ի մարտի 1-ից հետո անգամ: Բայց, այդ անկումը կանխվում էր հենց առաջին պատերազմից հետո զինուժի սահմանած նշաձողով, որը աշխարհքաղաքականության կովկասյան քարտեզում, անվտանգության միջազգային համակարգի կովկասյան օղակում ուներ առանցքային նշանակություն եւ իմաստ:

Ապրիլյան պատերազմում հակառակորդի եւ հայկական հակագրոհը կասեցրած, ու ինչպես Սանկտ-Պետերբուրգը ցույց տվեց՝ պատերազմի վերսկսման հավանականությունը թարմ պահած հրադադարի միջնորդի ռազմավարական նպատակներից մեկը եղել է հենց դա՝ հայկական զինուժի նշաձողի նվազեցումը:

Եթե պատերազմի օրերին հայկական քաղաքական իշխանությունն արեց մի քանի քայլ, որոնք միտված էին այդ նշաձողը պահելուն, ապա պատերազմից հետո վարվող քաղաքականությունն ունի լիովին հակառակին տանող վտանգավոր դրսեւորում:

Որպեսզի հայկական զինուժը շատ ավելի նվազ արդեն մարդկային կորստով կարողանա կանգնեցնել հակառակորդի հնարավոր նոր գրոհները, կամ որպեսզի դրանց վտանգը մնա չառարկայացած, պետք է կանգ առնի հայկական այդ քաղաքականությունը եւ փոխվի տրամագծորեն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20