ՀՀ-ն դուրս կգա ԵՏՄ-ից. «ԵՏՄ-ն բացառապես հարմարեցված է պուտինյան կառավարությանը»

Khachatur Kokobelyan

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին նախագիծը, որը ներկայացրել է ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Նա ասաց, որ քառօրյա պատերազմը նոր խնդիրներ վեր հանեց. «Ես գտնում եմ, որ Հայաստանը՝ սկսած Ազգային ժողովից, պետք է սկսի գործընթաց՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ: Ինչո՞ւ: Հստակ մի քանի խնդիր կնշեմ: Ես գտնում եմ, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար եղել է ոչ թե հնարավորություն, ինչպես նշվում էր այն ժամանակ, ոչ թե եղել է տնտեսական առավելություններ տվող միություն, այլ ուղղակի եղել է մարտահրավեր բառիս բուն իմաստով: Այս միությանը կողմ արտահայտվողները խոսում էին այն մասին, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրիչը կմեծացնի: Այնինչ, այսօրվա պայմաններում հնարավոր չէ ասել, որ այդ անդամակցության շնորհիվ ավելացավ Հայաստանի անվտանգության բաղադրիչը: Քառօրյա պատերազը դա ուղղակիորեն ապացուցեց: ԵՏՄ-ն բացառապես հարմարեցված է պուտինյան կառավարությանը, դա ռազմաքաղաքական կառույց է, ոչ թե տնտեսական: Մենք նույնիսկ, լինելով ԵՏՄ անդամ, քառօրյա պատերազմից հետո հնարավորություն չունեցանք ԵՏՄ անդամ երկրների վարչապետների խորհրդի նիստը Երևանում անցկացնել: Դա ամենաբարձր մակարդակով հնչեցվեց, որ դա կնեղացնի մեր հակառակորդ Ադրբեջանին»:

Հաջորդ խնդիրն, ըստ Խաչատուր Քոքոբելյանի, այն է, որ լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանն այդքան ձգձգումներով չստացավ 200 դոլար վարկային ծրագրով իրեն հասանելիք զենքը: Իսկ դա պատերազմն այդ ժամանակահատվածում սկսելու հիմնական պատճառներից մեկն էր. «Այսինքն՝ ստացվեց, որ ԵՏՄ-ն անվտանգության առումով Հայաստանին յուրօրինակ բլոկադայի է ենթարկել, ոչ թե հնարավորություններ ստեղծել»:

ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրեց նաև տնտեսական իրավիճակը. «ԵՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճելու փոխարեն նվազել է: Այսինքն՝ ի՞նչ ունեցանք մենք: Անդամակցելով այս միությանը՝ մենք զրկել ենք մեզ այլընտրանքներից: ԵՏՄ-ին անդամակցելով՝ մենք միջազգային բոլոր հարթակներում հայտնվել ենք աշխարհի կողմից մերժված փոքրամասնության մեջ և շարունակում ենք համառորեն ինքներս մեզ համոզել, որ սա մեզ դրական տեղաշարժի հնարավորություն է տալիս»:

Խաչատուր Քոքոբելյանը հարցրեց՝ որտե՞ղ է հայկական կողմի կաշկանդվածությունը՝ չսկսելու այդ գործընթացը. «Այդ անդամակցությունը դադարեցնելու համար կան բոլոր հիմքերը, Ռուսաստանը Ադրբեջանի զենքի 80 տոկոսը մատակարարող երկիրն է, երկրորդ տեղում ԵՏՄ անդամ Բելառուսն է, իսկ ԵՏՄ անդամ Ղազախստանն ընդգծված ադրբեջանամետ քաղաքականություն է վարում: Եթե Հայաստանը չլիներ ԵՏՄ կազմում, ճիշտ անվտանգության համակարգում լիներ, էժան պաշտպանական համակարգեր ձեռք կբերեինք: Բոլոր փորձագետները գիտեն, որ միջազգային հարթակում զենքերի գնագոյացման տնտեսական ֆորմուլաներ չեն գործում, գործում են քաղաքական անվտանգությունների և քաղաքական որոշումներից բխող գնագոյացում: Երբեմն, այո, նվիրում են զենքը՝ հաշվի առնելով քաղաքական շահը: Մենք պետք է գնանք մեր շահի հետևից: Հայաստանը նույնիսկ չի կարողացել Ռուսաստանից զենք ստանալ, որպեսզի կարողանանք համեմատել՝ էժան է, թե՞ թանկ»:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.