Մարդիկ փողոց են լցվելու, մեծ շարժում է սկսվելու

- in Հասարակություն
Edmon Marukyan

Հայաստանի հարկային մարմինները գործում են ԽՍՀՄ ժամանակվա իրավապահ մարմինների գործելաոճով, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց, որ նվազելու փոխարեն եկամտային հարկն այս նախագծով ավելանալու է. «Բերվում է նախագիծ, որն առաջարկում է, որ եկամտային հարկը ոչ թե 20 տոկոս պետք է հարկվի, այլ մինչև 30 եսիմ քանի տոկոս: Ես ձեզ հարց եմ տալիս՝ ի՞նչ է փոխվել, ասում եք՝ դե գիտեք, 54 մլրդ դրամի պակասորդ կա, դրա համար էս բեռը ոչ մեկի վրա չենք կարում դնենք, որոշել ենք, որ պետք է դնենք հարկատուների վրա, էն երկրի հարկատուների, որի հասարակության մի մասը աղքատ է»:

Էդմոն Մարուքյանը հիշեց, որ ԽՍՀՄ տարիներին իրավապահները մի պրակտիկա էին կիրառում, համակարգի աշխատողների վրա դնում էին բացահայտման վճակագրություն, որ պետք է բացահայտեն այսքան տոկոս: Որպեսզի այդ թիվն ապահովեին, ոստիկանությունը գնում լցվում էր թաղամասերը, հանում նախկինում դատապարտվածների ցուցակները, նրանց բերման ենթարկում, սկսում ծեծել ու խոշտանգել այնքան, մինչև մեղքը կվերցնեին իրենց վրա. «Պարզ է, որ սա չէր կիրառվելու հարուստների վրա, աղքատներն ու խեղճ ու կրակներն էին տուժում: Էդ պրակտիկան մեր երկար պայքարից հետո հուսով եմ՝ հիմա վերացել է: Հարկային մարմիններն էս նույն պրակտիկայով Հայաստանում գործում են: Դուք ընկել եք էդ մի փոքր ՓՄՁ-ի հետևից, քանի որ ձեր վրա պլան է դրված: Այսինքն՝ դուք պլանը կատարում եք այդ ձևով՝ ջարդելով, ծեծելով, խոշտանգելով: Հայաստանում ստվեր չկա, ստվերն այն է, որ թաքնված է, փնտրում են, չեն գտնում: Բայց Հայաստանում բոլորը անգիր գիտեն, թե ինչը որտեղ է գտնվում»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով, վերջին տարիների օրենսդրական նախաձեռնություններով ամեն ինչ արվել է, որ Հայաստանում ապրելը դառնա ծայրահեղ անհնարին: Եսիմ ինչ սուպեր հայրենասեր պետք է լինես, որ հավատաս ու ապրես այստեղ՝ ինչ-որ բան փոխելու համար: Կառավարությունն այսօր ընկել է հենց այս սուպեր հայրենասերների հետևից:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ներվ չի մնացել, բայց այս ամենի դեմն առնելու համար հազարավոր մարդիկ մնացել են Հայաստանում. «Այս Հարկային օրենսգիրքը մենք տապալելու ենք, պարոն Միրումյան: Մենք ձեր հետ չենք քննարկելու ոչ մի բան, մարդկանց հանելու ենք փողոցներ, և մեծ շարժում է սկսվելու: Այս օրենսգիրքը պետք է տապալվի, ովքեր եղան դրա հետ, այդ օրենսգրքի հետ միասին պետք է տապալվեն: Վերցրեք տարեք էս օրենսգիրքը»:

Spread the love