Մեծ Բրիտանիային լրջորեն հետաքրքրել է հայկական բանակը

England Mec Britania

Նշաններ կան, որ 10 տարի առաջ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումներում փոփոխություններ են եղել Հարավային Կովկասի հակամարտությունների հարցում:

Մեծ Բրիտանիան Ադրբեջանի ու Վրաստանի հետ իր հարաբերությունները կառուցել է՝ ելնելով նավթի արդյունահանման ու տեղափոխման համար քաղաքական հուսալի պայմաններ ստեղծելու խնդիրներից: Դա նախեւառաջ ենթադրել է Ադրբեջանում ու Վրաստանում կայուն քաղաքական ռեժիմների հաստատումը, որոնք ընդունակ են համարժեք որոշումների: Դրանում շահագրգռված էր նաեւ ԱՄՆ-ն:

Ադրբեջանի իշխող ռեժիմի ու Մեծ Բրիտանիայի կառավարության միջեւ կան սկզբունքային պայմանավորվածություններ հիմնական քաղաքական հարցերի շուրջ: Նախեւառաջ, Մեծ Բրիտանիան պարտավորվել է ամեն կերպ աջակցել իշխող ռեժիմին, պաշտպանել Ալիեւի ընտանիքի շահերը:

Ադրբեջանի պետական շահերի պաշտպանությունը հանգեցվել է ընտանիքի շահերի պաշտպանությանը: Դա ինքնին բավական բարդ խնդիր էր, ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ քաղաքական ասպարեզում: Դա մեծ ջանքեր էր պահանջում, հատկապես վերջին տարիներին, երբ ԱՄՆ-ն ազատական հեղափոխություններ նախաձեռնեց նորանկախ պետություններում:

Ալիեւի ընտանիքի շահերի պաշտպանությունը ներառում էր ոչ միայն քաղաքական դեմքերի, այլեւ տարբեր էներգահաղորդակցությունների պաշտպանությունը, Ադրբեջանի եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հարաբերությունը:

Այս վիճակը ձեռնտու էր Մեծ Բրիտանիային, քանի որ նա չէր ցանկանում քաղաքական մեծ ռեսուրսներ ծախսել Ադրբեջանին աջակցելու համար, ինչը գործնականում կնշանակեր նրա շահերի պաշտպանությունը ղարաբաղյան խնդրում: Հենց ղարաբաղյան խնդիրն է հստակ սահմանազատել Ադրբեջանի ու ընտանիքի շահերը:

Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես իր առաջնահերթ ազդեցության գոտի, եւ ճիշտ չէր լինի նրա շահերը սահմանափակել բացառապես նավթով, թեեւ այդ խնդիրն առաջնահերթ է: Ճիշտ չէր լինի Մեծ Բրիտանիայի շահերից բացառել աշխարհքաղաքական խնդիրները:

Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Մեծ Բրիտանիան դիտարկում է որպես շրջաններ, որտեղ ԱՄՆ-ի հետ համատեղ ձեւավորվելու են կարեւոր գործիքներ Եվրասիայի, Չինաստանի ու Հարավային Ասիայի վրա ազդեցության համար:

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ից ու մայրցամաքային Եվրոպայից ավելի վաղ է եզրահանգել, որ ղարաբաղյան խնդիրը քաղաքական լուծում չունի: Բրիտանական ԱԳՆ վերլուծաբանների գնահատականներից հասկանալի է դառնում, որ անցանկալի է ղարաբաղյան հակամարտության վերակենդանացումը: Համենայնդեպս, Լոնդոնը նման խնդիր չի դնում:

Բավական նշաններ կան պնդելու, որ Մեծ Բրիտանիան հրաժարվել է ղարաբաղյան խնդրով քաղաքական նախաձեռնություններից:

Կա տեղեկություն, որ «զուգահեռ» նախաձեռնությունների համար հատուկ ստեղծված բրիտանական կազմակերպությունները դադարեցնում են իրենց գործունեությունը ղարաբաղյան խնդրում: Բրիտանական ԱԳՆ աշխատակիցներն ու փորձագետները պնդում են, որ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումն այս հարցում հանգում է Մինսկի խմբի ու Եվրոպական հանրության նախաձեռնությունների աջակցությանը:

Իրականության մեջ դա նշանակում է Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի դիրքորոշումների լիակատար համաձայնեցում, որը հանգում է հակամարտության կոնսերվացմանը, որպես շրջանի կայունության կարեւոր պայման:

Միեւնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան կատարել է իր պարտավորությունները Ադրբեջանի հանդեպ: Լոնդոնը կարեւոր դեր է խաղացել իշխող ռեժիմի հանդեպ ԱՄՆ քաղաքականության ձեւավորման ու ազատական հեղափոխությունից հրաժարվելու, ինչպես նաեւ Ադրբեջանի հասարակական-քաղաքական իրավիճակի հանդեպ Եվրոպայի վերաբերմունքի մեղմացման հարցում:

Եվրոպական կառույցներում Ադրբեջանի շահերի լոբբինգի բրիտանական փորձերն ավարտվեցին լիակատար ձախողմամբ: Դրան խանգարեցին Եվրոպայի առաջատար մյուս պետությունները:
Հետո տեղի ունեցավ Ադրբեջանի լիակատար վարկաբեկումը որպես պետություն, որը մերժում է ժողովրդավարական նորմերը:

Մեծ Բրիտանիան, սկսած 2010 թ., փորձեր է ձեռնարկում Հարավային Կովկասի պետությունների հանդեպ որոշակի վերահսկողություն հաստատելու համար, ՆԱՏՕ-ին նրանց ինտեգրման մասով:

2013-ից հետո բրիտանացիները հասկացան, որ Հայաստանին եվրոպական ասպարեզում պահվածքի համար դատապարտելը նրան կարող է ավելի մեծ կախվածության մեջ դնել Ռուսաստանից: Մեծ Բրիտանիան գերադասեց մեծ նշանակություն չտալ նավթագազային շահերին ու Հարավային Կովկասին ներգրավել ՆԱՏՕ եւ Եվրամիություն: Դա դարձավ Լոնդոնի քաղաքականության գլխավոր ուղղությունը Հարավային Կովկասում:

Վրաստանի հարցերը լուծվեցին, հիմա Եվրատլանտյան հանրությանը Հայաստանի ներգրավման ժամանակն է: Ադրբեջանը, միայնակ մնալով Թուրքիայի հետ եւ լավ հարաբերությունների մեջ Ռուսաստանի հետ, կհասկանա, որ ժամանակն է հիշել ՆԱՏՕ-ի մասին: Այդպես են կարծում Լոնդոնում, Վաշինգտոնում ու մյուս մայրաքաղաքներում:

Որո՞նք են Մեծ Բրիտանիայի գլխավոր նպատակները՝ Ռուսաստանից Հարավային Կովկասի երկրների հեռացո՞ւմը, թե շրջանում բրիտանական շահերի գոտու ստեղծումը: Այս հանգամանքները ոչ միշտ եւ ոչ ամեն ինչում են համատեղվում: Բայց, ընդհանուր առմամբ, Լոնդոնը փորձում է միավորել այդ երկու մտադրությունները:

Հարավային Կովկասը դիտարկվում է ոչ թե որպես մեկուսացված տարածաշրջան, այլ Իրանում, Թուրքիայում եւ Մերձավոր Արեւելքում բրիտանական կապիտալի եւ քաղաքականության խնդիրների համատեքստում: Հարավային Կովկասի շրջանը դիտարկվում է որպես տարանցիկ միջանցք եւ «Մեծ Մերձավոր Արեւելքում» ավելի խոշոր ծրագրերի մաս:

Ի՞նչ է տեղի ունենում 2000-ականների երկրորդ տասնամյակում Մեծ Բրիտանիայի քաղաքականության մասով, եւ ինչպե՞ս են բրիտանացիները որոշել փոխել Հարավային Կովկասում քաղաքականության հիմնական կուրսը:

Վրաստանը դիտարկվում է որպես ավարտված նախագիծ, եւ եվրոպացիներին այլեւս չի մտահոգում, թե ինչպիսին կլինեն Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները: Ռուսաստանի հետ պրագմատիկ հարաբերությունները ձեռնտու են Արեւմտյան հանրությանը: Եթե Վրաստանում անգամ անկանխատեսելի բան տեղի ունենա, քաղաքական էլիտաներից ոչ մեկը, բացի քրեական խմբավորումներից, չեն կարող փոխել արտաքին քաղաքականությունը:

Բազմաթիվ շեղումներ, ինչպես Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշինքի ստեղծումը, ժամանակավոր փորձարկում են դիտարկվում, որոնք կավարտվեն ձախողմամբ: Ադրբեջանի հարցում շատ բան պարզ չէ, սակայն առայժմ կարելի է ենթադրել հետեւյալը՝ առանց Թուրքիայի համաձայնության արտաքին քաղաքականությունում որեւէ արմատական լուծումներ անհնար են, իսկ Ռուսաստանից ցանկացած ազդանշան Բաքվի համար կարող է միայն գովազդային հնարք նշանակել:

Նկատի ունենալով դա, Արեւմտյան հանրությունը պետք է հետեւի Թուրքիայի մտադրություններին եւ թույլ չտա խոշոր պատերազմ Հարավային Կովկասում: Միեւնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան սկսել է հասկանալ, որ առանց հայկական բանակի վրա վերահսկողության հնարավոր չէ խոսել տարածաշրջանում վերահսկողության մասին:

Բրիտանացիներին Հայաստանը քիչ է հետաքրքրում որպես երկիր, նրանց հետաքրքրում է հայկական բանակի վիճակը: Եթե բրիտանացիներն ամերիկացիների հետ կարողանան վերահսկել Հայաստանի զինված ուժերը, Ռուսաստանի դերը ձեւական կդառնա:
Սակայն Հայաստանի քաղաքական ղեկավարությունն առայժմ ընդունում է Ռուսաստանի ցանկացած պահանջ եւ նախաձեռնություն եւ առաջին հերթին սպառազինության մատակարարման մասով, որը չկա եւ չի լինի: Բրիտանացիները երբեւէ գործ չեն ունեցել այսքան պարզունակ ու անիմաստ ղեկավարության հետ, ինչպիսին Հայաստանում է:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.