Մենք և այլոք կամ «Քառօրյա դրամատիկ պատերազմ»-ի դասերը

- in Մամուլ
hretani zenq

Մինչ մենք ազգովի զբաղված էինք սահմանադրական փոփոխություններով, «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզչությամբ, շահադիտական նպատակներով կեղծ կոալիցիաներ կազմելով ու նստացույցերով՝ երկիր փրկելու երազներում օրօրվելով, Ադրբեջանըշարունակում էր զինվել՝ ձեռք բերելով հարձակողական նորագույնզինատեսակներ,  որի արդյունքում ունեցանք այն, ինչն անվանեցինք «Քառօրյա պատերազմ»։

Ապրիլյան կարճատև, սակայն դրամատիկ իրադարձություններով լի պատերազմի գրեթե բոլոր մասնագիտական վերլուծությունները հաստատում են, որ Ադրբեջանի լայնածավալ հարձակման մասին Ռուսաստանն իրազեկ է եղել։ Անգամ, եթե ԼՂՀ – Ադրբեջան սահմանագծում ադրբեջանական զորքերի ու զինտեխնիկայի այդօրինակ կուտակումների մասին ՌԴ-ն հետախուզական ճանապարհով տեղեկություն չունենար, ապա արբանյակային դիտարկմամբ չէր կարող իրազեկ չլինել։

Հետևաբար հարց է  ծագում․  ի՞նչ նպատակ է  հետապնդում, մեր ռազմավարական դաշնակիցը, ՀՀ անվտանգության, ընդհուպ մինչև քաղաքացիների ֆիզիկական գոյությանը սպառնացող, տեղեկությունները Հայաստանից թաքցնելով։ Հատկապես, երբ ՌԴ-ի հետ ՀՀ-ին 200 մլն դոլարի վարկային պայմանագրով նախատեսված զենք տրամադրելու համաձայնությունն արդեն մեկ տարի է մնում էչիրագործված: Եվ արդյո՞ք այս բոլորը միտված չեն, Անդրկովկասում ՌԴ ներկայությունն առավելագույնս ամրապնդելու, ընդհուպ մինչև՝ ռուս խաղաղապահ ուժերը տարածաշրջանում տեղակայելու ծրագիրն իրագործելուն։

Որպես կատարվածի անմիջական հետևանք, ակներևաբար, Հայաստանում աճում է հակառուսական տրամադրությունը, ինչը, ձեռնտու է միջազգային մասշտաբով ՌԴ-ի մրցակից ու հակադիր բևեռ հանդիսացող՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակից պետություններին։ Եվ արդյո՞ք դա չէ բուն պատճառը, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները ևս Հայաստանին չզգուշացրեցին ադրբեջանական զորքի և սպառազինության լայնածավալ կուտակման մասին, որի հետևանքով կորցրեցինք ավելի քան հարյուր երիտասրադ զինծառայողների կյանք և ազատագրված տարածքներում՝ ռազմավարական նշանակությամբ բարձրունքներ։

Փաստորեն, բոլոր կողմերը․ Թուրքիան, Ադրբեջանը, ՌԴ և Արևմուտքը, խաղում են իրենց ինքնուրույն խաղը։ Մենք, ի հետևանաք ապիկար և անպատասխանատու իշխանավորների վարքագծի՝ գտնվում ենք անպաշտպան թիրախի կարգավիճակում:

ՀՀ կառավարության վարած թույլ, սխալ, կոռուպցիոն և կործանիչ քաղքականության հետևանքով՝ ՀՀ – ՌԴ հարաբերություններում ստեղծել է իրավիճակ, որ մեր ռազմավարական գործընկերը, օրհասական օրերին անգամ, չի խուսափում բացահայտ հայտարարություններ անել, որ  այսուհետ ևս շարունակելու է մեր թշնամուն զինտեխնիկայով ապահովել։ Թեպետ մեր կողմից զավեշտական է, հայկական բանակը զինելու համար վարկով ՌԴ-ից զենք մուրալը, երբ երկրի ներսում թալանվում են միլիոններ։

Հայաստանն այսօր ունի անհետաձգելի և արմատական փոփոխությունների կարիք: ՀՀ անվտանգությունը և պետական շահը թելադրում են, որ այդ փոփոխությունները կատարվեն առանց երկրի կայունությունը վտանգելու:

Պետք է միանգամայն դադարեցնել կրավորական ու պարտվողական հոգեբանությունն՝ արմատախիլ անելով այդ ամենից բխող քաղաքական դրսևորումները։

Խոսք Հայասստանի; «Հայաստան» շաբաթաթերթ,

Աթենք, 06 հունիսի 2016թ., թիվ 964, Խմբագրական:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20